Կասկածյալ են ոստիկանները


Գայթակղությունը երբեմն նաև իրավապաշտպաններին է մոլորեցնում: Այդ պարագայում նրանք ևս դառնում են կասկածյալ, հարցաքննվող, հանցանքը հիմնավորելու դեպքում` մեղադրյալ ու կալանավոր: Այսպիսի «գործընթացում» են հայտնվել բելգիացի մի քանի ոստիկաններ: Բելգիայի ոստիկանական ծառայությունների վերահսկողության մշտական կոմիտեն հետաքննություն է սկսել` հայտնաբերելու ֆրանսիացի արտիստ Ժան-Պոլ Բելմոնդոյի Breitling և Cartier մակնիշների ժամացույցները (հաղորդել է «Ինտերֆաքսը): Մինչև 10 հազար եվրո արժողությամբ ժամացույցներն ու արժեքավոր մի քանի ուրիշ իրեր բռնագրավվել են արտիստի նախկին ընկերուհու` Բարբարա Հանդոլֆիի առանձնատան խուզարկության ժամանակ: Բելգիական Օստենդե առողջարանային քաղաքում գտնվող առանձնատունը խուզարկել էին` փողերի լվացման և թմրանյութեր պահելու կասկածանքով: - Ժան-Պոլը հաճախ էր այստեղ գալիս և միշտ անձնական ինչ-որ իրեր էր թողնում: Քննիչներին ես պարզ հայտարարեցի, որ նրանք այդ ժամացույցը պետք է թողնեին` որպես Ժան-Պոլի սեփականություն: Բայց նրանք չհավատացին և ժամացույցը տարան,- լրագրողներին բացատրել է Հանդոլֆին: Բելմոնդոյին հաջողվել է ետ ստանալ ժամացույցներից միայն մեկը. Breitling-ն անհետացել է: Բարբարայի փաստաբանն ընդգծում է, որ խոսքը «ոստիկանության կամ դատական համակարգի աշխատակիցների կողմից կատարված գողության մասին է»: