1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Պարզվում է` Հայաստանում Դեղ արտադրողների և ներմուծողների միություն կա, որն օրերս իր գոյության մասին հիշեցրեց` լիովին օրինաչափ համարելով դեղորայքի տեղական շուկայի անմխիթար վիճակը: Թեև սպառողները շարունակում են ավելի ու ավելի հաճախ դժգոհել կեղծ և ժամկետանց դեղերի առկայությունից, սակայն այս միությունը որոշել է մխիթարել մարդկանց` հավատացնելով, թե շատ այլ երկրների դեղատներում անպետք բուժանյութերի շրջանառության ծավալն ավելի մեծ է: Ստացվում է, որ եթե քաղաքացին մի քանի հազար դրամ է վճարել և հետո պարզել է, որ անհրաժեշտ դեղորայքն աղբամանն է պետք է նետել, ապա պետք է լռելյայն ինքնամխիթարվի իրողությամբ, թե այլ երկրներում նման գարշելի պրակտիկան ավելի տարածվա՞ծ է... Պարզ է, որ անպետք դեղորայքը հատուկ մեկ դեղատանը չի տրվել: Այսինքն, այլ դեղատներից անհրաժեշտ բալասանը ձեռք բերելու մյուս փորձերը ևս ամենայն հավանականությամբ դարձյալ դեղահաբերը, որ նույնն է, թե դրանց վճարած գումարը դեն նետելով կավարտվեն: Այսինքն, եթե տվյալ դեղը կեղծվել է, ապա դժվար չէ պատկերացնել, որ ամբողջ շուկայում նույն խաբեությունն է: Եվ ստացվում է, որ առանց այն էլ թանկ բուժանյութի դիմաց մի քանի անգամ վճարելով` դրա կարիքն ունեցող քաղաքացին ոչ միայն ցավը չի ամոքի, այլև նոր ցավերի տեր կարող է դառնալ: Ասում են, թե դեղից մինչև թույն մեկ քայլ է: Ուրեմն Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ի՞նչ արդարացում պետք է մոգոնի, երբ այս շուկայի զեղծարարները չգիտես թե ինչ պայմաններում դեղանման ինչ¬որ նյութեր են պատրաստում և հեղեղում շուկան: Դեղորայքային թունավորումների մասին էլ նշվում է, որ շատ հաճախ դրանց պատճառը ոչ այլ ինչ է, քան բժիշկների ոչ ճիշտ ախտորոշման կամ ինքնասպանության նպատակով տասնյակ հաբեր կուլ տալու հետևանք: Իհարկե, նշված փաստարկումը չպետք է բացառել, բայցև անհնար է հիշել որևէ դեպք, երբ կեղծված, չափազանց անորակ և փաստորեն առողջության ու կյանքի համար վտանգավոր հաբեր «թխող ցեխեր» հայտնաբերված, և ինչ¬որ մարդիկ պատժված լինեն: Ամեն դեպքում, նման իրավիճակի մեղավորներ փնտրելիս անհնար է չհիշատակել այն մի քանի հայտնի ընկերությունները, որոնց տերերը մենաշնորհել են դեղերի շուկան և վարվում են այնպես, ինչպես սեփական բիզնեսի շահն է թելադրում: Բիզնեսը բիզնես է, թեկուզ` մահաբեր: