Հատուկ կարգավիճակ


Թուրք-ադրբեջանական տանդեմը ջանքեր չի խնայում հակահայ քարոզչության համար` շատ հաճախ չգիտակցելով, որ երբեմն դրանք ուղղված են լինում հենց իրենց դեմ, բացահայտելով այդ պետությունների իրական դեմքը: Դեռևս 90-ականներին, երբ միջազգային հանրության` միջուկային էներգիայի գծով մասնագետների շրջանակներում սկսեցին քննարկվել Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցը, Բաքուն կաշվից դուրս էր գալիս` ապացուցելու, որ բոլոր առումներով շատ ավելի հարմար է ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում ատոմակայան կառուցելը: Չստացվեց: Վերջերս էլ համացանցի կայքերից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի գիտությունների ակադմիայի` ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Գարիբովը հայտարարել է, թե Ռուսաստանի օժանդակությամբ Հայաստանը 10-15 տարի անց կարող է միջուկային զենք ստեղծել: Ադրբեջանցի գիտնականն ասել է, որ Հայաստանն արդեն Հարավային Կովկասում միջուկային միակ պետությունն է, և Ատոմակայանի առկայությունը նրան (այսինքն` մեզ) հատուկ կարգավիճակ է տալիս: Միանգամից ասենք, որ Գարիբովն ինչ-որ առումով ճիշտ է ասում, բայց միայն` ինչ-որ առումով: Ճիշտն այն է, որ Հայաստանն իրոք Հարավային Կովկասում միջուկային միակ պետությունն է: Ճիշտ է նաև, որ Ատոմակայանի առկայությունը մեր երկրին հատուկ կարգավիճակ է տալիս: Դրա մասին քիչ հետո` ավելի հանգամանորեն: Իսկ այ, Ռուսաստանի օժանդակությամբ 10-15 տարի անց միջուկային զենք ստեղծելու մասին Գարիբովի զգուշացումները սուրճի մրուրով հարս ու սկեսուր գժտեցնող կանանց գուշակություն է հիշեցնում: Բայց դա էլ իր բացատրությունն ունի: Ամենայն հավանականութ յամբ, ադրբեջանցի այս պարոնին ոգևորել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բարձրացած աղմուկն ու դրա պատճառով Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները: Դե, Ադիլ Գարիբովն էլ մտածել է` եթե Իրանի դեմ ինչ-ինչ սանկցիաներ են կիրառում միջուկային զենք պատրաստելու համար, ինչո՞ւ չփորձել նույնատիպ աղմուկ հրահրել նաև Հայաստանի շուրջ. չէ՞ որ այնտեղ էլ ատոմակայան կա: Իսկ մտածելուց մինչև մտածածի իրականացումն ընդամենը մեկ քայլ է: Մանավանդ` ոչ ոքի մտքով չի անցնի իր ասածը ստուգել, իսկ ստուգելու դեպքում էլ որևէ վնաս չի կարող լինել. Ղարաբաղի հետ սահմանում սանձազերծած ո՞ր մի սադրանքի համար իրենցից պատասխան պահանջեցին… Բայց Գարիբովի բամբասանքը թերի կմնար, եթե, ինչպես միշտ, օգնության չհասներ Թուրքիան: Բոլորովին վերջերս պաշտոնական Անկարան սկսեց խստորեն անհանգստանալ Հայաստանի սեյսմիկ անվտանգությամբ: Ո˜չ, չկարծեք, թե այդ անհանգստությունը մեր` բնության արհավիրքն արդեն ճաշակած հայերիս կյանքի համար է: Թուրքիո իշխանություններին անհանգստացնում էր Հայաստանի ատոմակայանի սեյսմակայունության խնդիրը: Պաշտոնական Անկարան զգուշացնում էր միջազգային հանրությանը, թե մեր ատոմակայանը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ավագ եղբայրը քիչ ավելի խելացի ու խորամանկ է. նա անհիմն գուշակութ յուններ չի բարձրացնում հայկական միջուկային զենքի մասին, նա պարզապես «բարեկամաբար անհագստանում է» ընդամենը… Այնուամենայնիվ, հարց կարող է առաջանալ` ո՞րն է Հայաստանի ատոմակայանի շուրջ թուրք-ադրբեջանական վայնասունի պատճառը, ի՞նչն է հարուցում նրանց զայրույթը. արդյո՞ք միայն այն, որ նաև ատոմակայանի շնորհիվ Հայաստանն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի, և իրենց իրականացրած շրջափակումը ցանկալի արդյունք չի տալիս: Ո´չ միայն: Խնդիրն այն է, որ Թուրքիան եվրոպական մի քանի երկրների, նաև Ռուսաստանի հետ, ոչ հեռու անցյալում, պայմանավորվածություններ է ունեցել իր տարածքում ատոմակայան կառուցելու մասին, սակայն տարբեր պատճառներով այդ պայմանավորվածություններից ոչ մեկը չի իրականացել: Պարզվում է` միջազգային հանրությունը ոչ մեկի չի արգելում խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային տեխնոլոգիաները, այդ թվում նաև ատոմային էլեկտրակայան կառուցել: Սակայն այստեղ արդեն խնդիրներ կարող են առաջանալ տվյալ երկրի հանդեպ վստահության հարցում: Որևէ երկրին օժանդակել ատոմակայան կառուցելու հարցում, նշանակում է այդ երկրին հասու դարձնել միջուկային տեխնոլոգիաներին: ՀՀ¬ն ատոմակայան ունի և պատրաստվում է միջազգային հանրության օժանդակությամբ նորը կառուցել: Ստացվում է, որ Հայաստանին միջազգային հանրությունը վստահում է, ինչը չես ասի Ադրբեջանի և նրա արյունակից Թուրքիայի պարագայում: Եզրակացությունը մեկն է` Հայաստանը միջազգային հանրության համար անհամեմատ կանխատեսելի և վստահելի պետություն է` դրանից բխող բոլոր հետևություններով: Սա է Հայաստանին ատոմակայանի տված հատուկ կարգավիճակը Հարավային Կովկասում:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ