ԿԱՐԵՎՈՐԸ` ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ


Բանակը մշտապես հասարակության ուշադրության կիզակետում է: Ու հատկապես զորակոչային շրջանում առավել բուռն ու ակտիվ քննարկումներ են ծավալվում բանակային կյանքի, միջանձնային հարաբերությունների, զորամասերում տիրող բարքերի, բարոյահոգեբանական մթնոլորտի շուրջ: Դա, անշուշտ, օրինաչափ է, հատկապես` երբ հետաքրքրա սիրությունը որդուն բանակ ճանապարհող ծնողի անհանգստության և անորոշության ծնունդ է: Ու դժբախտաբար պտտվող լուրերն ու ասեկոսեները ոչ միայն չեն փարատում անհանգստությունը, այլև անհարկի խուճապ են ծնում: Չարակամների տարածած լուրերով անհնարին լինելու չափ դժվար է ճիշտ պատկերացումներ կազմել այնտեղ տիրող բարքերի մասին: Շատ հաճախ սուբյեկտիվ, ծայրահեղացված կարծիքները, չափազանցությունն ու ապատեղեկատվությունը թյուր պատկերացումներ են ձևավորում: Մինչդեռ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը բարեխղճորեն կատարող զինծառայողներն այլ կերպ են ներկայացնում զինվորական առօրյան: Ի վերջո, որո՞նք են առողջ մթնոլորտը պայմանավորող գործոնները: Իրենց զորամասում տիրող մթնոլորտի մասին են պատմում Մայրաքաղաքային գնդի զինվորներից երեքը: Շարքային Արսեն ԴԱՎԹՅԱՆ - Զորամասի մթնոլորտը հիմնականում պայմանավորված է զինվոր¬զինվոր, սպա¬զինվոր միջանձնային հարաբերություններով: Այդ փոխհարաբերությունները տարբերվում են, սակայն տարբերությունն այդքան մեծ չէ: Հատկապես վերջին շրջանում սպան ընդունվում է որպես զինվորի ավագ ընկերը: Իսկ ընկերային փոխհարաբերությունները, փոխադարձ վստահությունը, զիջելու ունակությունը փոխում են զորամասի մթնոլորտը: Ընդհանրապես բանակ զորակոչվող երիտասարդն իր հետ բերում է դաստիարակության որոշակի մակարդակ, սակայն այստեղ նա պետք է դաստիարակվի նորովի` արդեն որպես զինվոր: Դաստիարակության խնդիրներում ևս սպաներն այնպիսի վերաբերմունք և մոտեցումներ են դրսևորում, ինչպես հարազատ երեխայի նկատմամբ: Իհարկե, շատ բան կախված է մարդու բնավորությունից, սակայն իմ կարծիքով ավելի հեշտ է շփվել տարիքով ավագ սպաների հետ: Շարքային Գևորգ ԳԱՍՊԱՐՅԱՆ - Մեր զորամասի բարոյահոգեբանական մթնոլորտն առողջ է: Դա առաջին հերթին պայմանավորված է սպաների պահանջկոտությամբ, միևնույն ժամանակ` զինվորների նկատմամբ նրանց հոգատար վերաբերմունքով: Եթե սպան զինվորի նկատմամբ մարդկային, ջերմ վերաբերմունք է դրսևորում, զինվորն էլ նրա նկատմամբ հարգանքով է լցվում: Առաջանում է փոխադարձ վստահություն, ավելի ջերմ հարաբերություններ են կառուցվում, ինչպես մեր զորամասում: Շարքային Արթուր ՏՈՆՈՅԱՆ - Մեր զորամասում տիրող մթնոլորտն ընկերական է, եղբայրական: Բոլորին է հայտնի, որ քաղաքացիական կյանքում տարբեր պատմություններ են պատմում զորամասերում տիրող մթնոլորտի մասին, սակայն ծառայության գալով` համոզվում ես, որ դրանք չափազանցություններ են և հիմնականում չեն համապատասխանում իրականությանը: Հարաբերութ յունները թե´ զինվորների միջև, թե´ նաև սպա- զինվոր փոխհարաբերությունները բավական ջերմ են, ինչն ամենակարևորն է զորամասում առողջ մթնոլորտ ձևավորելու համար: Ինձ համար հաճելի է ծառայել իմ զորամասում: Բանակային կյանքի մեծ ու փոքր դժվարություններն ու «փորձությունները» որոշ չափով հաղթահարած, ծառայությանը հարմարված զինվորները հարկ համարեցին նաև իրենց խոսքն ուղղել նորակոչիկներին: Արսեն ԴԱՎԹՅԱՆ - Նոր զորակոչվող տղաներին խորհուրդ կտայի ոչ մի դեպքում լուրջ չվերաբերվել դրսի բամբասանքներին: Ես ինքս, նախքան զորակոչվելս, բազմիցս լսել էի, որ ծառայությունը շատ դժվար է, վտանգավոր: Իհարկե, դժվարություններ կան, բայց դրանք հեշտ է հաղթահարել, երբ պատրաստ ես: Անհաղթահարելի ոչինչ չկա, պարզապես պետք է տրամադրվել ծառայությանը, ավելի համբերատար լինել, կարգապահ զինվոր դառնալ: Գևորգ ԳԱՍՊԱՐՅԱՆ - Նախ կցանկանայի բոլոր տղաներին խորհուրդ տալ, որ անպայման ծառայեն: Դա կյանքի մի փուլ է, որ պետք է անցնի յուրաքանչյուր երիտասարդ: Ծառայության 2 տարիների ընթացքում ավելի շատ բան ենք սովորում, գիտակցում և հասկանում, քան մինչ այդ մեր ապրած 18 տարիների ընթացքում: Այնպես որ` յուրաքանչյուր տղա պետք է արժանապատ վորեն ծառայի, պաշտպանի հայրենիքը: Դա բոլորիս պարտքն է: Իսկ ծառայության ընթացքում եթե զինվորը կարգապահ լինի, կատարի հրամանատարների հրահանգները, լսի նրանց խորհուրդները, դժվարություններն ավելի հեշտ կհաղթահարի: Այդ դեպքում ծառայությունն ավելի հարթ կընթանա: Արթուր ՏՈՆՈՅԱՆ - Երիտասարդներին առաջին հերթին խորհուրդ կտայի ոչ մի դեպքում չխուսափել ծառայությունից: Դա անհրաժեշտ է յուրաքանչյուրին, քանի որ այստեղ ձեռք ենք բերում կոփվածություն և բնավորության այնպիսի գծեր, որոնք անհրաժեշտ են հետագա կյանքում դժվարություններից չհուսահատվելու համար: Իսկ ծառայության ընթացքում ծագող բոլոր դժվարությունները հնարավոր է հաղթահարել: Ի վերջո 2 տարին այդքան էլ մեծ ժամանակահատված չէ: Պետք է պատվով ծառայենք, մեր պարտքը տանք հայրենիքին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ