ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ


Ներքաղաքական գործընթացների, դրանց հնարավոր զարգացումների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնում ԱԺ` ՀՀԿ պատգամավորական խմբակցության անդամ Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆՆ ու «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԸ: Հ. ՍԱՀԱԿՅԱՆ. Խնդիրները ձևակերպենք` դեպի առաջ նայելով - Ներկա իրողությունները հաշվի առնելով, ինչպիսի՞ն կարող են լինել ներքաղաքական զարգացումներն ու դրանց տրամաբանությունը Ամանորից հետո: - Հաշվի առնելով, որ 2012 -ի սկիզբը լինելու է նախընտրական ժամանակահատված, բնական է, որ պետք է լինի քաղաքական թիմերի և կուսակցությունների համար բավականին ակտիվ: Լինելու է նախապատրաստական փուլ, քաղաքական ուժերն էլ ավելի են կենտրոնացնելու իրենց ուժերը, որպեսզի կարողանան պատրաստվեն Ազգային ժողովի ընտրություններին: - Հիմա արդեն տպավորություն կա, որ այդ նախապատրաստական փուլն ամբողջությամբ մտել է իր հունի մեջ: Արդյոք չե՞ք գտնում, որ այդ` նախապատրաս տական փուլ կոչվածը կարծես ժամանակից շուտ է սկսվել: - Ոչ, քանի որ բոլոր քաղաքական ուժերը և հատկապես երկրի բարձրագույն իշխանությունը կարևորում են հաջորդ համապետական ընտրությունը արդար, թափանցիկ անցկացնելու խնդիրը, որը շատ կարևոր է մեր երկրի ապագայի համար, ուստի և պետք է շատ ավելի լավ պատրաստվել, քան անցած համապետական ընտրություններին: Այդ իսկ պատճառով պետք է մանրամասնորեն նախապատրաստվել: Ոչ միայն քո թիմը պատրաստել, այլ նաև ժողովրդին պատրաստել ընտրության, որպեսզի կարողանանք թե´ նախընտրական, թե´ հետընտրական գործընթացները ավելի գրագետ կազմակերպել և անցկացնել: - Ներիշխանական վերադասավորումները` հրաժարականներն ու նշանակումները նո՞ւյնպես պետք է դիտարկել Ձեր ասածի համատեքստում : - Միանշանակ: Հատկապես Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականը ներկայացնելիս ասաց, որ ինքը գնում է աշխատելու, կազմակերպելու նախընտրական գործընթացները, ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու: - Շատերը նկատում են, որ Հովիկ Աբրահամյանն առաջին անգամը չէ, որ պետք է նախընտրական շտաբ ղեկավարի: Անցած անգամներում նա իր հիմնական պաշտոնից հրաժարական չէր ներկայացրել: Ի՞նչն էր իրական պատճառն այս անգամ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու: Հատկապես, որ օրենսդրությունն էլ նման պահանջ չի առաջադրում: - Գաղափարախոսական առումով խնդիրը պետք է դիտել այլ հարթության մեջ: Այն, որ մշտապես նշում ենք, որ պետք է անցկացնենք արդար և թափանցիկ ընտրություն, ուղղակի բառեր չեն: Պետք է ասեմ, որ այսօրվա իշխանությունը, ի դեմս Սերժ Սարգսյանի, ունի այդ քաղաքական կամքը, որպեսզի նորմալ, թափանցիկ ընտրություններ անցկացնենք մեր երկրում և ամբողջ աշխարհին ապացուցենք, որ մենք այն հինավուրց ազգերից մեկն ենք, որն ունի օրենքի տառին համապատասխան ընտրություն կազմակերպելու մշակույթ: Եթե նույնը լիներ եվրոպական, կայացած ժողովրդավարությամբ որևէ երկրում, մեր մամուլը, հատկապես ընդդիմութունն անմիջապես հարց կբարձրացներ, թե ինչո՞ւ մեզ մոտ նույնպես խորհրդարանի նախագահն իր պաշտոնից չի հրաժարվում, որպեսզի արդար և թափանցիկ ընտրություն կազմակերպի: Ես ուզում եմ ասել, որ խնդիրը իսկապես պետք է այս տեսանկյունից դիտարկել: Պետք է հավատալ և աջակցել, որ այսօրվա իշխանությունը քաղաքական կամք դրսևորի: Մնում է, որ մենք` և´ իշխանությունը, և´ ընդդիմությունը ճիշտ իրագործենք, կազմակերպենք: - Վերջերս վարչապետը Եվրոպայում ասաց, որ ՀՀ իշխանությունները մտադիր են անցկացնել այնպիսի արդար և թափանցիկ ընտրություններ, որպիսին անցած 20 տարիների ընթացքում չենք ունեցել: Դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ մինչև հիմա, նաև վերջին ընտրություններն ինչ-որ տեղ արդար չեն եղել: - Երևույթները հարկավոր է դիտարկել` նայելով դեպի առաջ: Իհարկե, անցյալից պետք է դասեր քաղենք, բայց մեր խնդիրները պետք է ձևակերպենք դեպի առաջ նայելով, նաև զարգացման տեսակետից: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հերթական համապետական ընտրությունները մեկը մյուսին գերազանցեն իրենց թափանցիկությամբ ու արդար ընթացքով: Ս. ՍԱՖԱՐՅԱՆ. Եկել է պահը... - Դուք Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը տարօրինակ համարեցիք, ինչո՞ւ: - Որովհետև ԱԺ լիազորությունների ավարտին մնացել է ընդամենը մի քանի ամիս, և ոչ միայն մեզ համար է անհասկանալի 5 ամիս առաջ ՀՀԿ-ի շտաբ բացելու հայտարարութ յունները, շտաբի ձևավորումը, որովհետև դա ընտրական օրենսգրքով կարգավորվող հարց է և ըստ էության, շտաբը կարող է ձևավորվել թեկնածուների գրանցումից հետո: ԱԺ-ը ոչ պակաս դեր է խաղալու ընտրությունների կազմակերպման և վերահսկման ընթացքում, և տարօրինակ է պատճառաբանություն լսել, որ ԱԺ նախագահն իր պաշտոնը լքում է` շտաբ գնալու և ընտրություններ կազմակերպելու համար: Կարծում եմ` Աժ նախագահը շատ ավելի մեծ դերակատարում կարող է ունենալ ընտրությունների արդար և օրինական ընթացքի համար: Եվ այնպես ներկայացնելը, թե ՀՀԿ նախընտրական շտաբն է, որ պետք է երաշխավորը լինի երկրում ընտրությունների արդար ընթացքի, արդեն մտահոգիչ է: Տարօրինակ է այդ պատճառաբանությամբ ԱԺ-ի նախագահի պաշտոնից հրաժարվելը: - Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրության մասին Եվրոպայում մեր վարչապետի հավաստիացումները և առկա զարգացումները նկատի ունենալով, ինչպիսի՞ զարգացումներ կարելի է ակնկալել Ամանորից հետո: - Շատ էի ուզում հավատալ, որ իշխանությունը վերջապես մի օր տեր կլինի իր խոսքին: Եվ մասնավորապես, երբ վարչապետը Բրյուսելում խոսում էր մեր կողմից հռչակված արժեքների և մեր վարքագծերի տարբերության, շեղումների մասին, կցանկանայի այդ օրվանից անմիջապես հետո ականատեսը լինեինք իշխանությունների կողմից այնպիսի քայլերի, որոնք կբացառեին որևէ կասկած, որ իշխանությունները դրանք ուղղակի որպես խոսքեր չեն արտահայտել: Բայց Ես ԱԺ-ում էլ հիշատակեցի մի միջադեպ, երբ նույն վարչապետը, որն այնտեղ է գտնվում որպես ՀՀԿ ներկայացուցիչ, «ժառանգության« ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Սաֆարյանի, Նաիրա Զոհրաբյանի և ՕԵԿ ներկայացուցիչ Արթուր Բաղդասարյանի հետ միասին, ուղեկցող լրատվական խումբը լուսաբանում է միայն վարչապետի ելույթները: Սա արդեն ցույց է տալիս, որ բոլորիս պատկանող հանրային ռեսուրսները շարունակում են ծառայել միայն նրանց: Դրա ապացույցն է նաև այն, որ վարչապետը 153-րդ դպրոցում կրկին օրենքը խախտելով` կուսակցության անդամատոմսեր է բաժանում: Մենք տեսանք, թե ինչպես երիտասարդությանը նվիրված միջոցառումն օգտագործվեց ՀՀԿ-ի քարոզչության համար, այն դեպքում, երբ այդ միջոցառման ֆինանսավորումը, իմ խորին համոզմամբ, տեղի է ունեցել պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն, ՀՀԿ-ն և նրա ղեկավարությունը տակավին շարունակում են իրենց նույնացնել պետության հետ` չգիտակցելով, որ այդ պետությունը բոլորինն է: Վարչապետը պետք է հստակ կողմնորոշվի, թե ե՞րբ է ինքը կուսակցական և ե՞րբ է երկրի վարչապետ: Իր կողմից այդ երկու դերերի միտումնավոր, թե ոչ միտումնավոր շփոթը չի կարող արդարացում լինել այն բանի, թե իրենք պաշտոնավարող անձինք են և այնուամենայնիվ կուսակցություն են ներկայացնում: - Բայց արդյո՞ք վարչապետի բրյուսելյան ելույթը կարելի է հիմնավորում համարել, թե նախորդ ընտրություններն արդար չեն եղել: Ինչո՞ւ յուրաքանչյուր ընտրություն չդիտարկել համեմատական զարգացման օրինաչափության տեսանկյունից: - Արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքը նշանակում է նաև քաղաքական խիզախություն` նախորդ ընտրությունների լրջագույն արատները ճանաչելու առումով: Միայն խոսքերը, թե եղել են խախտումներ, որոնք չեն ազդել արդյունքների վրա, համոզիչ չեն ոչ միայն մեզ, այլ նաև միջազգային հանրության ներկայացուցիչների համար: Ամսի 11-ին` միջազգային մի գիտաժողովի ժամանակ, որտեղ ելույթ էինք ունենում թե´ ես, թե´ վարչապետը, թե´ ԵԱՀԿ` ԺՀՄԻԳ (ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) գրասենյակի ղեկավարի տեղակալը, հետաքրքիր գնահատական տրվեց 2008թ. ընտրություններին: ԺՀՄԻԳ գրասենյակի ղեկավարի տեղակալը փաստացի հայտարարեց, որ 2008թ. ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարության միջազգային չափանիշերին` մինչև քվեարկության պահը: Քաղաքական կամքը, քաղաքական խիզախությունը ենթադրում է նաև այս ամենը ճանաչելու կարողություն և չասել, թե դրանք էլ ընտրություններ են եղել և այս ընտրությունները կլինեն ավելի լավը: Հայ հասարակությունը, քաղաքական ուժերը պահանջում են, որ վերջ տրվի անցյալի այս վտանգավոր և պետությանը խորտակող, նրա հեղինակությունը զրոյացնող գործելակերպին և ապահովել արդար և հավասար ընտրություններ: Սրա մասին է եղել վարչապետի ստանձնած հանձնառությունը Բրյուսելում: Եկել է նախկինից արմատապես տարբերվող վարքագիծ ցուցաբերելու պահը, եթե մենք իսկապես մտածում ենք երկրի ապագան, ժողովրդավարական հեռանկարը փրկելու մասին:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ