Ի՞նչ գիտենք մեր ուղեղի մասին


Պատահական չէ, որ այն համարվում է մայր բնության ամենաբարդ ստեղծագործություններից մեկը: Նույնիսկ գիտնականները ոչ միշտ են կարողանում պատասխանել մարդկային գիտակցությանն առնչվող հարցերին: Բրիտանական BBC հեռուստառադիո ընկերության լրագրողներն օրերս անդրադարձել են մարդկային ուղեղի աշխատանքի վերաբերյալ ամենատարածված մոլորություններին: Դպրոցից մեզ սովորեցնում են, թե մարդիկ օգտագործում են սեփական ուղեղի կարողությունների ընդամենը 10 %¬ը: Ու շատերը մտածում են, թե ի˜նչ հրաշքներ կգործեին, եթե մնացյալ 90 %¬ը ևս «հասանելի» դառնար: Մինչդեռ վերջին տարիներին կատարված հետազոտությունները հերքել են այդ վարկածը: Լոնդոնցի պրոֆեսոր Սոֆի Սքոթը հիմնավորել է, որ կյանքի ընթացքում մարդու համար անհասանելի է մնում իր ուղեղի կարողությունների շատ չնչին մասը: - Ֆիզիկական ամենահասարակ շարժումներ կատարելիս (օրինակ` մատները բռունցքի մեջ ծալելը) մենք օգտագործում ենք սեփական ուղեղի 10 %¬ից շատ ավելին: Մկանները կծկելու գործընթացին մասնակցում են հսկայական քանակի ուղեղի բջիջներ,¬ ասել է նա: Կարծիք կա, թե ուղեղի ձախ կիսագունդը նպաստում է տրամաբանությանն ու իրատեսական մտածողությանը, իսկ աջը` պատկերավոր մտածողության, երևակայության, ստեղծագործական մտքի, կռահողականության զարգացմանը: - Ուղեղի կիսագնդերն իսկապես տարբեր գործառույթներ են կատարում, սակայն դրանց աշխատանքի և փոխգործակցության ընթացքը շատ ավելի բարդ է, քան գրվում է դասագրքերում: Եթե դուք ստեղծագործող եք և մաթեմատիկայի հետ կապ չունեք, ապա դա չի նշանակում, որ եթե սովորեք ակտիվացնել ձախ կիսագունդը` կդառնաք ճշգրիտ գիտությունների մասնագետ: Ուղեղի կիսագնդերն իրար հետ փոխգործակցում են նյարդաթելերի հյուսվածքների օգնությամբ: Կիսագնդերն աշխատում են` լրացնելով մեկը մյուսին,¬ հայտարարել է պրոֆեսորը: Տարածված մեկ այլ տեսակետ ևս հերքվել է. պնդողներ կան, թե լիալուսնի ժամանակ մարդիկ ավելի հաճախ են խելագարվում ու տարօրինակ վարքագիծ դրսևորում: Ոմանք ասում են, թե լիալուսնի ժամանակ անքնությամբ են տառապում: Ավելին, շատ բժիշկներ ու ոստիկաններ հայտարարում են, որ այդ օրերին մի քանի անգամ աճում է հանցագործութ յունների, դժբախտ պատահարների թիվը: Պրոֆեսոր էրիկ Չադլերը բազմաթիվ տարիներ ուսումնասիրել է այդ խնդիրը և հավաստել, որ լիալուսինը ոչ մի կերպ չի ազդում մարդկանց գիտակցության վրա: Նա համոզմունք է հայտնել, որ այդ կարծիքը կամ պատահական զուգադիպությունների ծնունդ է, կամ նախապաշարմունք: