«ԱՆՄԵՂ» «ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ»


Ցանկացած հարկատու մշտապես «մեղավոր» է, քանի որ պետության առջև պարտավորությունների կատարման պարտաճանա չությունն անգամ չի կոտրում ժամանակի ընթացքում ձևավորված հասարակական այն ստերեոտիպը, թե, միևնույն է, խոշոր ձեռնարկա տերերն ու ներմուծողներն իրենց օրինական պարտքն այնքան էլ լավ չեն կատարում: Եվ իրոք, կար ժամանակ, երբ հարկեր ընդհանրապես չէին վճարվում կամ, ավելի ճիշտ, գրեթե չէին վճարվում, և հանրությունն այսօր էլ է լավ տեսնում, որ դեմքերն ու դերերը քիչ են փոփոխվել: Այսուհանդերձ, վերջին տարիներին պարբերաբար հրապարակվող 300 առաջատար հարկատուների ցուցակի հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար նվազում է: Եվ դա հիմնականում այն պատճառով, որ նրանք, ովքեր այստեղ պետք է լինեին, թերևս տեղում են: Ավելին, հարկատուների ցուցակներում էական վայրիվերումներ էլ հազվադեպ են արձանագրվում: Այնուամենայնիվ, ցուցակային հերթականությունն անգամ մի շարք հետաքրքիր եզրահանգումների առիթներ շարունակում է տալ: Այսպես, նշյալ ցուցակում արդեն քանի տարի, առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է... Ի դեպ, այստեղ ընդգրկված են նաև հանքարդյունաբերող մյուս մեծ ու փոքր ընկերությունները, ինչը երկրի ընդերքի անխնա շահագործման ևս մեկ լրացուցիչ հիմնավորում է: Ինչևէ, դատելով ներկայացվածից` մեր ժողովրդի մոտ փաստորեն և ավա՜ղ` ահագնացել է հակումը ալկոհոլի և ծխախոտի հանդեպ: Հարկատուների ցուցակում ընդգծված առաջատարներ են թե° ներմուծողները և թե° տեղական արտադրողները: Հատկապես ծխախոտի շուկայում մրցակցությունն այնպես է աճել, որ ընկերությունները անսպառ թվացող տեսականին իրացնելու համար զանազան շահումներն են սկսել խայծ դարձնել: Արդյունքում` ծխելը դարձել է լոտո խաղալու պես մի բան, որտեղ ավելի շատ... չես շահում: Գովազդները մեզ համոզում են, թե ծխախոտ գնելով` սկսած սովորական կրակայրիչից (որը շահում համարելը, կարծում ենք, շռայլ չափազանցություն կլինի) վերջացրած թանկարժեք մեքենաներ ու բենզինի կտրոններ կարելի է շահել: Ի դեպ` վառելիք ներմուծող հարկատուների մասին: Թերևս կարիք չկա լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել` համոզվելու համար, որ մեր հանրապետությունում բենզինի իրացման ծավալներն աստիճանաբար նվազում են: Սրանով հանդերձ` բենզին ներմուծող ները շարունակում են խոշոր հարկատուներ մնալ` ի տարբերություն, ասենք, իրենց այն գործընկերների, որոնք երբևէ բենզինով աշխատած մեքենաներն այսօր գազով են լիցքավորում: Իհարկե, հարյուր տոկոսանոց տրամաբանական արդյունքներ հայ գործարարներից առայժմ դժվար է ակնկալել: Լիովին հարկային դաշտում գործելու ծրագիրը, որ նախ և առաջ օրենքի պահանջ է, անկասկած, մեկ օրում հնարավոր չէ իրականություն դարձնել: Սակայն գործընթացն իր բոլոր դրական և վաղուց հասունացած մրցակցային դրսևորումներով արդեն տեսանելի է: Ի վերջո, փաստն այն է, որ իրենց գործունեության մասին հրապարակումներից ժամանակակից ձեռներեցներն այլևս չեն սարսափում: Ասել է, թե գործարարն ինքն էլ այլևս չի խուսափում հրապարակային ու թափանցիկ աշխատելաոճից: Իսկ ընդհանրապես մեղադրում են նրան, ով ինչ-որ բան է անում: