Այսպես խոսեց Դալլաքյանը


- Իմ կուսակցական պատկանելությունը չեմ համարում մեր քաղաքական կյանքի թիվ 1 խնդիրը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Արդարություն» դաշինքից դուրս եկած և «տուն» չվերադարձած Վիկտոր Դալլաքյանը և շարունակեց,- ես կողմնորոշման փուլում եմ, սակայն իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել` ասել և ասում եմ, որ 2003 թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, կեղծվել են նաև 2005 թ. Սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Ես մի դաշտից մի այլ դաշտ չեմ տեղափոխվել: Դժվար է ասել, թե նրա ունկնդիրներից քանիսը հավատացին նույն դաշտում «դեգերելու» մասին նրա հայտարարությանը: Բայց այն լրագրողների համար, որոնց ականջին հասել էին արդեն շշուկները, թե Դալլաքյանի` վարչապետ, այնուհետև ԲՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը ժամանակի խնդիր է միայն, շատ բան պարզվեց այդ օրն արված նրա հայտարարություններից. - Այս ժամանակահատվածի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ պայմանավորված է հուլիսի 22-ի ՀՀԿ համագումարով և ըստ էության իշխանության որոշակի բևեռ հանդես գալով: Ընդդիմության չեզոք, ինչպես նաև ողջ իշխանամետ ուժերը, որպես թիրախ կարող են ընտրել ՀՀԿ-ին, քանի որ ի վերջո, որպես իշխանությունների վերարտադրման փորձ կարող է դառնալ ՀՀԿ-ն: Երկրի քաղաքական կոնյուկտուրային ծանոթ ընթերցողին, կարծում ենք, ոչինչ չմնաց բացատրելու: Եվ մինչ ոմանք փորձում են ՕԵԿ-ՀՀԿ հարաբերությունների սրման պատճառը փնտրել ինչ-ինչ ծրագրային կամ հայեցակարգային տիրույթներում, Դալլաքյանը բացում է փակագծերը` մատնացույց անելով ՀՀԿ նկատմամբ կատաղի հարձակումների պատվիրատուի հասցեն. - 2007-ի ընտրությունների արդյունքում, եթե այն լինի ազատ և թափանցիկ, կա շանս Հայաստանում խաղաղ իշխանափոխություն իրականացնելու համար: Գործող Սահմանադրությունը տալիս է հնարավորություն. խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկությամբ նախագահը պարտավոր է նշանակել վարչապետ: Ես ինքս այս քաղաքական կուրսի կողմնակիցներից մեկն եմ: Սակայն սա դեռ բոլորը չէ: Ակնհայտ է, որ դաշտը չփոխած քաղաքական գործչի ընկալումներն են փոխվել: Հիմա նրա մոտ իշխանափոխությունը նույնացվում է նախագահի կողմից վարչապետին փոխելու հետ: Իսկ լսարանի՞ն (թե ո՞ւմ) ուղղված բանախոսի հռետորական հարցը չենք ուզում անպատասխան թողնել: - Ձեզանից նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցողը կարո՞ղ է պատկերացնել ԱՄՆ պաշտպանության նախարարին, ասենք, Արիզոնայի նահանգում ջրագիծ բացելիս: - Պատկերացրե°ք, որ կարելի է: Հատկապես, եթե այն անհրաժեշտ լինի կուսակցության PR-ի համար: Ուղղակի այնտեղ վաղուց բացված են բոլոր ջրագծերն էլ, հոսքագծերն էլ, փակագծերն էլ հետը: Սակայն Արիզոնայում նոր բացվողները վաղուց դադարել են ժողովրդի համար աչքալուսանքի նշանակություն ունենալ: Բայց ա°յ, Հայաստանում, նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցող մարդու «դիոդները» կխփվեին, եթե նա երբևէ փորձեր պատկերացնել, որ կգա ժամանակ, երբ Դալլաքյանը կհայտնվի Ռ. Քոչարյանի ճամբարում: Ի ԴԵՊ, ծանոթանալով մեր հերոսի կենսագրությանը, համոզվում ես նորից ու նորից, որ կյանքում ճիշտը մեկը չի, այլ երկուսը, երեքը, նույնիսկ` չորսը, հինգը` նայած ժամանակները ինչ են պահանջում:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ