Բացակաների «կենացը»` կոճակասեղմումով...


ԱԺ հերթական քառօրյան, կարծես, արտահերթ նիստի տրամաբանական շարունակությունն էր: Եթե արտահերթի ընթացքում, անգամ Կառավարության ներկայացուցիչներն էին մատների արանքով նայում բարձրագույն ատյանի քննարկումներին, ապա հերթական նիստի մեկնարկային երկուշաբթին երեսփոխանները պարզապես վերածել էին ուրախ ժամանցի: Իրար հաջորդող «թայմ աուդները» (20 րոպեանոց ընդմիջումները) խոչընդոտեցին այնպիսի կարևորագույն փաստաթղթերի քննարկմանը, ինչպիսիք` «Նվազագույն աշխատավարձի մասին», «Գույքահարկի մասին», «Դատախազության մասին» օրինագծերն էին: Որքան էլ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը գործընկերներին հորդորում էր գործ չունենալ «կողքի» կոճակների հետ (խորհրդարանական զավեշտի ևս մեկ դրսևորում), սակայն անդրդվելի էին պատգամավորներ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), Գևորգ Հակոբյանը (կոմբիկերի Վլադ), Մարտին Սուքիասյանը և այլք... Իսկ երբ պատգամավոր Արշակ Սադոյանը դժգոհեց կոճակահարման երևույթի դեմ, և փորձ արվեց կրկին կազմակերպել քվեարկությունը, «կարգազանցներն» ի հեճուկս ավելի ակտիվորեն մատնահարեցին քվեարկության կոճակները, ինչի արդյունքում նախկին «65»-ի փոխարեն լուսատախ տակին նկարվեց «69» թիվը: Այս առիթով ֆուտբոլի ամենափորձառու մեկնաբանն անգամ կարձանագրեր. «Մեկնաբանություններն ավելորդ են»... * * * «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը քառօրյայի օրակարգ «սղացնելու առաքելությամբ» երեքշաբթի օրը հայրենի խորհրդարանում հայտնվել էին անգամ «դեֆիցիտով» պատգամավորները: Իսկ արդեն բյուջեի քննարկման ընթացքում նիստերի դահլիճում ներկա էր ընդամենը 2 պատգամավոր: Հ. Գ. Խորհրդարան էր եկել նաև պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Ավանգարդի» հարցին, թե ինչ ընթացքում է իր գործի նախաքննությունը, պատգամավորը պատասխանեց. - Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր չինովնիկի գործ այնպիսի հետաքննության ենթարկվի, ինչպիսի մանրակրկիտությամբ ուսումնասիրվում է իմ գործը...