«Հայ զինվորի գաղափարական համոզվածությունը բանակի մարտունակության գրավականներից մեկն է»


Այս կարգախոսն էր առաջնորդում վերջերս ՀՀ ՊՆ ԴԱ վարչության նախաձեռնությամբ կայացած մրցույթի կազմակերպիչներին` ՊՆ հանձնաժողովի գնդապետ Սերժ Առուշանյանին, գնդապետ Արայիկ Մուրադյանին, փոխգնդապետ Արտյոմ Միքայելյանին, փոխգնդապետ Վանիկ Մինասյանին, փոխգնդապետ Վոլոդյա Ղազարյանին: Իր բնույթով մրցույթ Հայաստանում կազմակերպվում էր առաջին անգամ, և ցանկություն ու նպատակ կա` այն դարձնել ամենամյա: Մրցույթը նպատակ ունի կարևորել մարտական պատրաստության երկու բաժինների` հասարակական-պետական պատրաստության և գաղափարադաստիարակչական պատրաստության դերն ու նշանակությունը, ծավալել առողջ մրցակցություն, ստուգել ուսումնական խմբերի ղեկավարների դասավանդման մեթոդների արդյունավե տությունը: Մրցույթի այդ որոշիչ փուլը երկու բաժնից էր կազմված, որին մասնակցում էին նախնական` իրենց զորամիավորումներում անցկացված փուլը հաջողությամբ հաղթահարածները: Նախ հարցատոմսերով (ի դեպ, դրանք բացվեցին հենց տեղում) ստուգում էին մասնակիցների գիտելիքները պատմությունից, հոգեբանությունից, իրավաբանությունից և մարտական պատրաստությունից: Կային նաև զուտ տրամաբանական հարցեր: Երկրորդ բաժնում ստուգվում էին խմբերի ղեկավարների հռետորական ունակությունները: 23 մասնակիցներից 3 մրցանակային տեղերը զբաղեցրին` մայոր Արթուր Սամվելի Կարապետյանը (1-ին տեղ), մայոր Աշոտ Վլադիմիրի Մայիլյանը (2-րդ տեղ), մայոր Արթուր Սերժիկի Բաբաջանյանը (3-րդ տեղ):

Հայկանուշ ԹՈՐՈՍՅԱՆ