Կարելի է գտնել կորցրա՞ծը


«Ֆրանսիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Էրիկ-Էմանուել Շմիտի «Ամուսնական փոքրիկ ոճիրներ» մեկ գործողությամբ պիեսի բեմադրության պրեմիերան: Մինչ բեմական գործողությունների մեկնարկը, չվարագուրված բեմի ձևավորումից (Վահագն Թևանյան) ենթադրում ես, որ աշխարհի 40 երկրներում իր 35 գործերի բեմադրություն ներով հայտնի ֆրանսիացի դրամատուրգի ներկայացվող ստեղծագործությունը որոշակի ավանգարդիստական ուղղվածություն ունի: Ամենաէականը` բեմադրիչ Վահե Շահվերդյանը, երկու հերոսների կերպարների, նրանց փոխհարաբերությունների սյուժետային գծի բացահայտման նպատակով, այնուհետև առավելագույնս արդարացնում է բոլոր դեկորների առկայության կարևորությունը, ծառայեցնում դրանք ուշագրավ միզանսցեններում պիեսի բովանդակային շերտերի հստակեցմանը` լուսային էֆեկտներով սրելով նաև արտաքին ազդեցությունը: Սուրեն Շահվերդյանի նպատակասլաց երաժշտական ձևավորումը նկատելիորեն հարստացնում է ինտրիգներով ու անսպասելի անցումներով համեմված այս պատմության թատրոնական գրավչությունը: Ի դեպ, առաջին անգամը չէ, որ երիտասարդ շնորհալի բեմադրիչը վկայում է պիեսի ասելիքը ճիշտ ընտրված երաժշտությամբ խորացնելու իր ունակության մասին (հիշենք միայն` Ֆ. Գարսիա Լորկայի «Բեռնարդան ու նրա աղջիկները»): Այս ամենը նկատի առնելով` ոչ մի վայրկյան չէի կասկածում, որ ականատեսն ու մասնակիցն եմ լինելու թատրոնական հերթական հրաշքի, մանավանդ կանխավ որոշակի հավատ էի ընծայում դերակատարների կատարողական ունակությունների ու բեմական պատկառելի կենսափորձի նկատմամբ: Ավելի շատ` ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանի (Լիզա), որի խաղացած Քլեմենտինի (Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին» տրագիկոմեդիայի խանդիկյանական բեմադրության մեջ) հեռավոր կարոտից, դեռևս պահպանված բարենպաստ արտաքին տվյալներից ու այն կարևոր հանգամանքից, որ պիեսի ընտրությունն ու թարգմանությունն իրենն են, բոլոր հիմքերը ունեի կանացի հետաքրքիր նոր դերակատարում ակնկալելու: Բայցևայնպես: Ներկայացման հիմնարար դրվագներում հանրածանոթ դերասանուհին, իմ զգացողությամբ, ոչ միայն զիջում էր խաղընկերոջը, այլև հարկավոր ներքին կրակով չէր նպաստում խաղարկային հարթ ու խորիմաստ երկխոսության ամբողջացմանը, սկսնակային վեհերոտությամբ նկատելիորեն խաթարում էր տեմպոռիթմը: Երկարաձգված բեմե՞լն էր պատճառը: Իր հավաստմամբ, Ֆրանսիայում մշտապես հանդես է գալիս մենաներկայացումներով: Ինչևէ: Նրա խաղի կաշկանդվածությունը երբեմն փչացնում էր ընդհանուր տպավորությունս` խորացնելով հուսախաբությունս: Ադեկվատ խաղաոճի իր անմիջականությամբ, տեղ-տեղ ինքնամոռաց պոռթկումներով Աշոտ Ադամյանը, փաստորեն, ինձ համար այս ներկայացումը փրկեց ձանձրալի տաղտուկից: Անկեղծ ասած, մինչևիսկ գիտակցելով, որ դերասանը այնքան էլ մեղավոր չէր բեմադրական քաոսում ճապաղացած Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»-ում (ռեժիսոր` Արմեն Մազմանյան) հատուկ գռեհկացված, անհրապույր ու միագիծ իր Մոլչալինի համար, այդ սկանդալային բեմադրության ներկայացման մեջ նրա հերոսի ապադասականացված ու ինձ համար մերժելի դերակատարումից հետո չէի սպասում երբևէ այս դերասանին տեսնել այսպիսի արտիստական որակով: Ուրեմն` երբեմն կարելի է կորցրածը փնտրել մի տեղ, որտեղ անսպասելիորեն գտնվում է անհուսալի համարված կորուստդ: Սրտանց ուրախանալով նախ` ինձ, ապա` ճանաչված դերասանի համար` չնախատեսված հետաքրքրության սրացումով սկսեցի հետևել, թե ինչպես է Ադամյանը հավաստի գույներ հաղորդում 15 տարի իր կողակիցը եղած Լիզայի միաժամանակ զոհն ու կուռքը դարձած ոստիկանական դեդեկտիվներ հորինող Ժիլին` շեշտելով կին ու տղամարդ հարաբերությունների հոգեբանական որոշ կողմեր: Մարդկային կոնկրետ նկարագիր էր տալիս դերասանը խաղացած կերպարին, սրում պատմության ինտրիգայնությունն այնպես, որ երբեմն տարակուսում էի` Ժիլի գրած «Ամուսնական փոքրիկ ոճիրների՞ն» է միս ու արյունով օժտում, թե՞ իր հերոսի իրական կյանքի արտառոց իրադարձությունները ներկայացնում: Թեթևացած շունչ քաշեցի` ուրեմն թատրոնական այս երեկոս էլ իմաստավորվեց: Կորցնելով Անահիտ Թոփչյան դերասանուհու հինավուրց հեքիաթս` գտա անհուսալի կորած ենթադրված այս արտիստին: Իսկ ինձ թվում էր, թե Մոլչալինի ձախողումից հետո նա մի կողմ է քաշվել դերասանությունից և որոշել է նվիրվել բեմադրական գործունեությանը: Կարծիքս ձևավորվել էր բոլորովին վերջերս: Կոմեդիայի թատրոնում Բեռնար Սլեյդի «Ամեն տարի, նույն օրը» պիեսի նրա արած բեմադրության փաստից: Պետք է խոստովանեմ, որ այդ ներկայացման մեջ, հակառակ լրատվամիջոցների նախնական թյուր մեկնաբանությունների, որսացի ոչ միայն առանձնապես գրավիչ ասելիք չունեցող հայտնի պիեսին հաղորդված հոգեբանական ինչ-ինչ խորքեր (ափսոս դրանք հարկավոր ընդհանրացման չհասան), այլև ինձ համար շատ կարևոր մի իրողություն` Ադամյանը կարողացել էր նկատելիորեն բարելավել Արթուր Կարապետյանի ու Սաթիկ Հախնազարյանի դերից դեր գրեթե անփոփոխ մնացող կատարողական ձեռագրերը: ...Լավ է, որ կյանքում երբեմն հնարավոր է լինում հավասարակշռել հուսախաբությունն ու խանդավառությունը: