Դարձ` ի շրջանս յուր


ՀՀ ժողովրդական արտիստ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսությունը թատերականացված կենսապատում էր, որի ներկայացման մեջ անկարկատան տարրալուծված էին անվանի բեմադրիչի կյանքի ու ստեղծագործության նշանակալից դրվագները` անսովոր ու հանպատրաստից ծնված մի բեմադրություն, որի գլխավոր հերոսն ինքն էր: Հանդիսասրահի ներկայացուցչական կազմը` Հայաստանի հոգևոր առաջնորդը, կառավարական-պետական կարևորագույն օղակների ներկայացուցիչներ, Հայաստանում գործող թատերախմբերի (ներառյալ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնի) պատվիրակներ, կրթության և գիտության, արվեստի ու գրականության, զանգվածային լրատվության բնագավառների պատվարժան մտավորականներ, որոնցից շատերը, կամա-ակամա, դարձել են Շահվերդյանի ինքնահաստատման ու անհատականացման աջակիցներն ու վկաները, գործընկերներն ու գնահատողները: Ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական դժվարին ղեկավարությունը շուրջ մեկ տասնամյակ անսպառ նվիրումով իրագործող, վարպետացած արվեստագետի խութաշատ կայացման ամենաբարձր գնահատական էր ամփոփում այս արվեստաշատ երեկոն: Գնահատական -հանրագումար, որին նա այսօր իսկապես արժանացել է: Շահվերդյանի թատերական տարեգրության հիմնական բովանդակությունը կարելի է բնութագրել որպես դարձ` ի շրջանս յուր. պատահաբար ոչինչ չի եղել: Երբ արտիստական հակումներ դրսևորող փոքրիկ Ֆլոբերի (անունը որպես ժառանգություն մնացել է արվեստասեր տատից) ձեռքերից բռնած Վլադիմիր և Ժասմենա Մսրյանները բարձրացնում էին Կիրովականի Հ. Աբելյանի անվան թատրոնի բեմահարթակ, չէին կարող երևակայել, որ այս մանչուկը, ընդամենը 27 տարեկանում, դառնալու է այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարը` կարճ ժամանակում ճանաչելի դարձնելով աբելյանցիների ստեղծագործական պատկառելի ներուժը հայրենիքի սահմաններից դուրս: Թատրոնի պաշտամունքը սրտում` ծնողների կամքով 3 տարի ուսանելով ԵՊՀ մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտե տում (պատահական չէր մայր բուհի մեդալին արժանանալը)`, հետո միայն հաջողեցրել է ծածուկ ընդունվել Վավիկ Վարդանյանի արվեստանոցը` այլևս թատրոնին նվիրվելու բացահայտ համարձակությամբ: Այնուհետև, իր սիրելի ուսուցչից, մանկավարժ-արվեստագետ Ռաֆայել Ջրբաշյանից քաղած պրակտիկ դասերը յուրացնելով` Վարդան Աճեմյանի թեթև ձեռքով, բեմադրական մկրտությունը (Գ. Սունդուկյանի «Ամուսինները») ստացել է Մայր թատրոնում, որի 90-ականների վերջերին ստեղծագործական հոգեվարքից դուրս բերելու պատվավոր խաչելությունը նրան էր վստահվելու: Խաղացանկային հստակ քաղաքականությամբ, նորերին վստահելու բարյացակամությամբ, ընտանեկան համերաշխության ձգտող աշխատաոճով Շահվերդյանն իր համակիրների` առաջին թատերախոսությունը հեղինակած ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի, վերջին բեմադրությունները հրապարակավ լուսաբանող մտավորականների, պետական ու գործարար նորահայտ և հին բարեկամների տված թևերով վաղուց հաստատել է իրեն որպես արդի հայ թատրոնին անհրաժեշտ ունակություններով օժտված առաջնորդ, որին միայն պետք է սատարել ու հավատալ, արժանի համարել ստացած բոլոր համեստ և անհավատալիորեն շքեղ նվերներին: Մեր ակնկալած նոր նվերին` «Վարդանանքի» պրեմիերային, հուսով եմ, կարժանանանք շուտով: