Չծերացող արվեստագետի հմայքը


ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 70-ամյակի պաշտոնական տոնակատարությունը երևի թե միակն էր, որ մտահղացվել էր առանց այդ հանդիսությունների թատերականացման անփոխարինելի վարպետ դարձած Վահե Շահվերդյանի անմիջական միջամտության: Նրա հիմքում ընկած էր դեռևս Ստանիսլավսկուց եկող դերասանական «կաղամբատոնը» («ԽՈտցրՑվՌՍ»): 41 տարի առաջ մեր ռուսական թատրոնում այդ գեղեցիկ ու կենսախինդ ավանդույթի իր ներմուծմամբ Գրիգորյանը նաև դրանով էր հավաստում ռուս հանրաճանաչ բեմադրիչի ստեղծագործական դավանանքի հաստատմանն ու զարգացմանը միտված թատրոնական մտածողությանը հավատարիմ մնալու մասին: Հիմա արդեն այդ մասին որևէ կասկած լինել չի կարող: Մեզ մոտ և արտերկրում Գրիգորյանի հեղինակած հարյուրից ավելի բեմադրությունները, սկսած Պանովայի «Սպիտակ գիշերների հրաժեշտից» մինչև «Ռևիզորյան կրքերը», գերազանցապես մնայուն արժեքներ: Նոր շտրիխներով լրացնելով ու ամբողջացնելով օգոստոսի 20-ին ներկայացված «կաղամբատոնը»` ռուսական թատրոնի ներկա դերասանախումբը ոչ միայն մշակութային տոնական տրամադրություն հաղորդեց իր գեղարվես տական ղեկավարի մեծարման երեկոյին, այլև հրավիրվածներին կրկին հուշեց միջազգային ճանաչում ձեռք բերած չծերացող այս արվեստագետի երիտասարդական առույգության գաղտնիքի ակունքը: Մշտական արտահոսքի հակաստեղծագործական պայմաններում Գրիգորյանը վերջին տարիներին ստիպված է լինում անընդմեջ հերթափոխ նախապատրաստել, հաճախ` վերաբեմադրել ավարտված ու հանդիսատեսի դատը շահած աշխատանքները ըստ նոր դերասանախմբի կատարողական ներուժի` ձգտելով հնարամտորեն պահպանել դրանց պատշաճ մակարդակը: Այսինքն, նա ծերանալու իրավունք էլ չունի: Եվ պատանեկան ավյունով, կեսդարյա ստեղծագործական կենսափորձի իմաստությամբ շարունակում է արարել: Ասենք, նրա անցած ճանապարհը երբեք էլ հարթ չի ընթացել. քանի-քանի թատերախմբեր է ազատագրել Գրիգորյանը ջլատող ճգնաժամից: Նրա անուրանալի ծառայությունները նկատի առնելով էր, որ Հայաստանում ՌԴ նոր դեսպան Պավլովը խորին ափսոսանքով ակնարկեց դրանց տրված նոր բարձր գնահատականի (բյուրոկրատական թղթատարության արգելքով) ուշանալու մասին: Վստահ եմ, այս օրերին ավանդական դարձած ԹԳՄ «Արտավազդի», ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, բոլոր թատերական, երաժշտական պարգևների ամենաշողշողուն զարդը պիտի լիներ այն: Ինչևէ: «Կաղամբատոնի» դրվագներին միակցված թատերականացված ողջույնները, Գրիգորյանի հանրահայտ Մակբեթի կերպավորող Գենադի Կորոտկովի կնոջ հեղինակած երաժշտական ծաղկաքաղը Մեծ թատրոնի սիքստետի կատարմամբ և գրիգորյանական բեմադրությունների մեծամասնության երաժշտական ձևավորող Մարտին Վարդազարյանի հանպատրաստից պոպուրին, փարաջանովյան մտածողությամբ մարմնավորված մեհրաբյանական խմբի պլաստիկ պարային ելույթը և ջերմ զգացմունքներով ու հումորով համեմված մյուս շնորհավորանքները մեծ շուք հաղորդեցին տոնական հանդիսությանը: Այնպես որ, ծաղկանոցի վերածված բեմի անկյունում բազմած հոբելյարը, իրեն հատուկ անմիջականությամբ, պասիվ հայեցողից վերափոխվեց ակտիվ մասնակցի` հարաճուն հրճվանքով խառնվելով ամբողջացող ցնծությանը: Կենսահաստատ քաղաքացիական սկզբունքայնություն, իրականության նեգատիվ երևույթների անխնա մերկացում, մարդկային հոգիները արմատացած թշնամանքից թոթափող լավատեսություն, աննկուն աշխատասիրություն, մասնագիտական պատասխանատ վության սրված զգացողություն... Սրանք Ալեքսանդր Գրիգորյան արվեստագետի ամենաբնութագրական հատկանիշներն են: Եվ հավատ են ներշնչում, որ նրա նոր աշխատանքը` Շանթի «Կայսրը» նախորդներից շատերի նման ինքնատիպ կախարդանքով է պարուրելու թատրոնի մշտական հանդիսատեսին: