Հեթանոս լեռան աղոթքը


Դ րախտային Էրզրումից չնաշխարհիկ Ջավախք հասած տոհմածառի արմատներից մեկը «Աբուլ լեռան ժպտուն փեշին, Արքա լեռան հայացքի տակ» աներևույթ ծլարձակել սկսեց շինական Զավենի ութ որդիներից վեցերորդի` Հակոբի ծնունդով£ Հեքիաթային բնաշխարհի գրկում բնավորված տաք օրոցքում մայրական կաթով նրան սնուցվող կյանքի բանաստեղծական ընկալումը խմորվեց ու կերպար ստացավ` հարթելով կայացման ճամփան Օլավերդի ութնամյա դպրոցից դեպի Երևանի թիվ 49 միջնակարգը, մայր բուհի բանասիրության բաժանմունքը£ Կաթիլ¬կաթիլ կուտակված մարդագիտությունը, կռվելով «Հայէլեկտրամեքենա» գործարանի ձուլման արտադրամասում, ամբողջացավ երկու ամենահոծ հասարակական ոլորտներում` մանկավարժության ու լրագրության£ «Խորհրդային Հայաստան» թերթի արվեստի բաժինը 1989¬ից ցայսօր ունենալով գործունեության հենակետ` սերնդակրթությամբ զբաղվեց Կոտայքի Գետամեջ գյուղի դպրոցում, տարբեր բուհերում («Աճառյան», «Գլաձոր» համալսարաններ...)£ Երկար տարիներ խմբագրեց «Նոր Գլաձոր» բուհական ու «Ձայն վիրահայոց» հայրենակցական պարբերականները£ Քնարաշունչ ներաշխարհը մշտազբաղ առօրյայի եռուզեռից փրկություն գտավ բանաստեղծական տողերում, որոնց հատուկենտ արտահայտությունները երևացին մամուլի էջերում£ Համազգային հոգևոր զարթոնքի հուժկու ալիքի պղտորված տեղատվությանը դիմակայելու հրամայականով` 1992¬ին լույս աշխարհ բերեց «Տառապանքի շղթա» անդրանիկ ժողովածուն£ Գրիչը թաթախելով քանքարավոր գրական հսկաների ծով ժառանգության մեջ` քաղաքացիական պարտքի սրված զգացումով ոտք դրեց արդի հայ պոեզիայի անդաստան` ճշմարիտ մտավորականի անեղծ նկարագրով ու անդուլ աշխատասիրությամբ հղկվող խոսքի ինքնահատուկ պատկերավորության գրավչությունը հավաստելով հաջորդ` «Վրնջացող լռությունը» (1995 թ.) գրքով, «Անրձևն ու աղջիկը» մամյանազարդ պոեմով£ Հետանկախական խեղումների անխնա ձաղկումը, երևույթների ներթաքույց բովանդակությունը պեղելու ունակության լիավյուն բացահայտմամբ, անաչառ հրապարակախոսի փշապատ ամբիոնին բարձրացրեց` բանաստեղծական տողերին պամֆլետային հատու երանգավորում հաղորդելով£ Իր ժողովրդի նվիրյալ բախտակիցը անսեթևեթ վերապրեց Արցախյան պատերազմի արհավիրքները, սգաց կորուստներն ու ցնծաց հաղթանակներով£ «12 արծվային թռիչք»¬ում թանձրացած ազնիվ ու վարակիչ խոհերն ու զգացողությունները աննկատ չմնացին£ Գիրքն արժանացավ ՀՀ պաշտպանության նախարարության և ժուռնալիստների միության համատեղ մրցանակին` յուրովի նախապատրաստելով հաջորդ` «Փախուստ խնջույքից» (2003 թ.) ժողովածուի շռնդալից համահայկական հանրաճանաչումը£ «Կեսհայրենիք» մնալու սրապյանական չափածո խոհերը բարձրաձայնվեցին Հայաստանի ու Սփյուռքի հայ գաղթօջախների բազում սրահներում£ «Սա հատընտիր է, որի նմանները քիչ են արդի հայ պոեզիայում,¬ Հակոբ Սրապյանի պոեզիայով հագեցած երեկոներից մեկի ամփոփում որպես հնչեց ՀՀ վաստակավոր արտիստ Վլադիմիր Աբաջյանի անմիջական գնահատականը£¬ Ինձ համար պատիվ է ներկա լինել այս հրաշալի երգամատյանի շնորհանդեսին և ձեզ համար ընթերցել` առանց ընտրության»£ «Ծոցագրպանի օրհնյալ գիրք» դարձավ այն Ազատ Գասպարյանի ու ասմունքով հրապուրված ուրիշ արտիստների համար նաև£ Դայանա Տեր¬Հովհաննիսյանի թարգմանությամբ հասանելի լինելով Միացյալ Նահանգների անգլախոս ընթերցողին` Սրապյանի գիրքը լեփ¬լեցուն սրահներում նորանոր համակիրներ գտավ Հայաստանից դուրս£ Բուռն հետաքրքրությունը նրա պոեզիայի նկատմամբ հանդիպումների, քննարկումների, մեծարման հանդիսությունների խտացող շղթայում օղակեց մայր հայրենիքի ամբողջ տարածքը£ Այնպես որ, մինչ պաշտոնամուտը հայ գրողների համքարություն արդեն փնտրված ու սիրված բանաստեղծ էր£ Ներանձնական հուզախռիվ ապրումները ժողովելով իր քնարաշունչ շարքերում, ավարտին է հասցնում նախնյաց ծավալուն տոհմամատյանը` «Գյուղը լեռան ծագում» փաստավավերագրական աշխատությունը (2007 թ.)£ Եվ լծվում կրկին 90-ականներից թափ առած կենսավերության դեմ պայքարին` վերջին տարիներին հեղինակած բանաստեղծություն ները իր ընթերցողին մատուցելով նորընծա «Հորդոր մատռվակին» (2009 թ.) գրքով£ Կանգուն ծառերը փտախտից բժշկող ծեր փայտփորիկի հանգույն կտցահարում է բառ¬պատկերներով ներկա իրականության գարշաբույր ճահիճը£ Հոգսացավ տաղտուկից զգալիորեն ընկճված` համտեսած «համադամ մորմոքների» անկեղծ տառապանքն է շաղ տալիս չափածո տողերում£ Գունագեղ երազկոտության լուսե նշխարներ պրպտելով հուշերի գզրոցում` փորձում է ձերբազատել ազնվահոգի հայրենակիցներին ապրած օրերի արցունքատտիպ գինու դառնահամ զգացողություններից£ Տրամադրությունների ելևէջումներում գերիշխող են հուսահատության մռայլ գույները£ Լավատեսության իրական հիմքեր կարծես թե չեն մնացել գետնաքարշ կեցության ժանգագանգ շքահանդեսում£ Զուր է հորդորում գյումրեցի մատռվակին մոռացության գինով խաղաղեցնել փոթորկված հոգին£ Վիճակված չէ բանաստեղծին ըմբոշխնել ինքնօրորի նիրվանան, քանզի նույն սկուտեղի վրա համազգային խղճին ծանրացած հին¬հին մուրհակներն են, որոնք ինքն էլ պարտավորված է զգում մարել ցմրուր այրվող լուսատու մոմի պես£ Այլ կերպ անզոր կլինի գոտեպնդել ամբոխացող հայրենակիցներին հեթանոս Լեռան անթեղած վահագնածին քուրայում վաղուց հասունացած Աղոթք¬Ահազանգի մաքրագործող կրակով£ Այդուհանդերձ, ուժասպառված է համատարած ուրացությունից, իրեն լքած հացկատակների կորամեջք ծախվածությունից, որպեսզի կարողանա իրենում հանգչող հավատով տոգորել, ցիրուցան ու ներամփոփված հատուկենտացող ճշմարիտ մտավորականներին դեպի Լեռան գագաթը ներպառակտված ժողովրդին միաբանված առաջնորդելու ազգապահպան դրոշի ներքո£ Հայոց Ոգու անհամերաշխության քարե տագնապին, ցավոք, անհաղորդ են մնում անհամ ճղավոցներով, բամբասանքի լորձերով ու խոստումների խրձերով խլացված, որբ ու սովալլուկ զանգվածները£ Ժանգակեր, հուդայազարմ, ստահոդ մարգարեների սատանայական ծառայություններով կորսվել է վսեմ հարատևության խնկաբույրը£ Հորթային հրճվանքների քստմնելի պատկերներից ծնված շիտակ խոսքի սեպ¬տարափով, միևնույն է, նա շարունակում է մարդկանց հոգու և մտքի ձեռքբերովի հավկուրությունը բժշկելու նորանոր հնարքներ որոնել£ Համակերպվեց իր խաչակրությանը թումանյանական` «Բանաստեղծին թողեց մենակ...» մեկնակետով: Անհաշտ ստին ու կեղծիքին, արտառոց մարդախեղումներին` Հակոբ Սրապյանը արցունքաբեռ հոգով ծաղկաժպիտներ է սփռում ընթերցողների սրտերում£ Անբասիր սիրո նրա քնարի համանվագը` «Մութ մարգարեներ» հատընտիրը, իրեն շուրջ 3 տարի սպասողներին ի վերջո հասնելու գրահրատարակչական «սողանցք» է անհույս որոնում, որպեսզի անհամեմատ դյուրանա գրչակախեղդ մեր Պառնասին բազմած բացիլակիր խառնիճաղանջից անցավ ու անդավ ազատագրումը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ