ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ


 

- Միջազգային հանրությունը բնակչության զանգվածային  արտագաղթի  դեպքում բոլոր միջոցներն ունի նրանց տեղակայելու Սիրիայում և Սիրիայից դուրս:  Մասնագիտացած կառույցները հոսքերը հավանաբար կուղարկեն Թուրքիա և Հորդանան: Լիբանանը չէր ցանկանա Սիրիայից մեծաքանակ փախստականներ ընդունել: Այնպես որ եթե մեծ քանակությամբ սիրիահայեր գան Հայաստան, դա կլինի ժամանակի ընթացքում և  տեղի կունենա աստիճանաբար:

Այդ դեպքում Հայաստանը միջազգային հանրությունից  պետք է ակնկալի օգնություն` փախստականներին ընդունելու, տեղավորելու և ապաստան տրամադրելու հարցում: Ինչպես արդեն ասել եմ, շատ փորձագետներ կարծում են, որ Մերձավոր Արևելքի երկրներից քրիստոնյաների վտարումն անխուսափելի է:  Այս դեպքում Հայաստանը պետք է ցանկանա պահպանել  Սիրիան լքող սիրիահայերի հոսքի գոնե կեսը:

Պետք է երկրում նոր կենսապայմաններ ստեղծվեն, նոր համայնքներ կամ նույնիսկ նոր քաղաքներ, որոնք գայթակղիչ կլինեն մեր հայրենակիցների համար: Նրանք էլ իրենց հերթին կբերեն նոր փորձ, տաղանդներ, հմտություններ և ներդրում կունենան հարուստ մշակույթի, Հայաստանի մրցունակության և տնտեսական աճի բնագավառներում:

Լոս-Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի հրապարակայնորեն արտահայտած այս միտքը, որը հրամայականի արժեք ունի, հիմա չպետք է անտեսվի ինչպես հայ հանրության, այնպես էլ ՄԱԿ-ի, միջազգային այլ կառույցների և Սփյուռքում գործող հայկական հանրային ու կուսակցական կազմակերպությունների կողմից: Որքան ծանր է գիտակցել, որ մենք կորցնում ենք սիրիական գաղութը, նույնքան էլ պատասխանատու է դառնում պատմական պահը, որովհետև հերթական անգամ մենք կարող ենք նպաստել ազգային միավորի կազմաքանդումին, ուծացմանը, որը նման դեպքերում լինում է շատ արագ: Լիբանանյան պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետություն գոյություն չուներ, Խորհրդային Միությունը կայացնում էր որոշումներ` հաշվի չնստելով իր կազմում գտնվող հանրապետությունների ազգային շահերի հետ: Արդյունքում` մեծ թվով հայեր հեռացան Լիբանանից` բնակություն հաստատելով ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում: Հեռացածների երկրորդ սերունդն արդեն հիմնականում կորցրեց ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթն ու սովորությունները: Իրաքում և Լիբիայում ծավալված պատերազմական գործողությունների ժամանակ հատկապես Իրաքի հնագույն հայկական համայնքից օգնության կանչեր էին լսվում, աղաղակվում էր, որ քանդվում է համայնքը: Սակայն մենք չկարողացանք ճիշտ կողմնորոշվել ժամանակի մեջ, գնահատել իրավիճակն ու օգնության հասնել մեր հայրենակիցներին` Հայաստանում նրանց համար ստեղծելով բոլոր անհրաժեշտ պայմանները: Հայաստանի իշխանությունները կարծես վախեցան դիմել ՄԱԿ, ոտքի հանել համաշխարհային մարդասիրական կազմակերպություններին, որոնք նման դեպքում պարտավոր էին ֆինանսական միջոցներ տրամադրել Հայաստանին` Իրաքից ներգաղթած հայրենակիցներին աջակցելու, նրանց սոցիալական և տնտեսական խնդիրները լուծելու համար:

Հիմա լուրջ խնդիրների առջև է կանգնած սիրիահայությունը, քանի որ դրված է 70 հազարից ավելի հայության լինելիության խնդիրը: Բնականաբար, շատ հայեր, ովքեր ունեն բիզնես, հրաշալի սոցիալական պայմաններ, չեն կամենա հեռանալ իրենց ծննդավայրից: Սակայն կա մի զգալի մաս, որին պետք է փրկել, որին պետք է Հայաստան բերել` ապահովություն ստեղծելու, նրանց հերթական բարոյական բնաջնջումից և գաղթականությունից փրկելու համար: Հասկանալի է, որ բազում տնտեսական խնդիրներ ունեցող Հայաստանը չի կարող այսօր այնպիսի պայմաններ ստեղծել սիրիահայության համար, որոնք եթե ոչ գայթակղիչ, ապա գոնե տանելի լինեն: Ուստի հարկավոր է ոտքի հանել միջազգային կառույցներին` այսպիսով շուտափույթ լուծելու սիրիահայ համայնքի հարցը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն օրերս Անկարայում հայտարարեց, որ Սիրիայում զարգացող իրադարձություններում իրենց նպատակն է հասնել Բաշար ալ Ասադի վարչախմբի հեռացմանն ու Սիրիայում ժողովրդավարության հաստատմանը: Սա նշանակում է, թե Միացյալ Նահանգների երկրորդ դեմքը հրապարակավ ընդունում է, որ սիրիական իրադարձությունները զարգանում են ամերիկյան սցենարով, և ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում այստեղ կատարվողի համար: Ամերիկյան որևէ պաշտոնյա երբեք նման պատասխանատու հայտարարություն չէր արել, չէր հրապարակել իր ծրագրերը: Իսկ սա նշանակում է, որ սիրիական իրադարձությունների առաջին պատասխանատուն Միացյալ Նահանգներն է, նա պատասխանատու է նաև ցանկացած սիրիացու կյանքի և նյութական ապահովության համար: Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով, այսօր մեր իշխանությունները պիտի հրապարակայնորեն դիմեն ՄԱԿ, ԱՄՆ և Արաբական Լիգայի ղեկավարությանը` Հայաստանին համապատասխան ֆինանսական միջոցներ տրամադրելու խնդրանքով: Այդ կերպ հնարավոր լինի կազմակերպել մի քանի հազար սիրիահայերի կեցությունն ու նյութական ապահովությունը Հայաստանում, լուծելու ժամանակավորապես այստեղ գտնվող հայրենակիցների կրթության ու սոցիալական աջակցության հարցերը: Այս գործընթացին պիտի իր ամենաանմիջա կան մասնակցությունն ունենա Հայաստանյայց Առաքելական եկեղեցին` ի դեմս Ամենայն Հայոց կաթողիկոսի:

Հայաստանյան իշխանություններն, իհարկե, որոշակի քայլեր կատարում են, սակայն հիմա այն պատմական պահն է, երբ Հայաստանն իրավունք չունի միայնակ կանգնելու խնդիրների առջև, քանի որ այսպես նաև մենք մեր վերաբերմունքն արտահայտած կլինենք Սիրիայում ընթացող գործողությունների նկատմամբ: Հայաստանը գոնե այս անգամ չպետք է թույլ տա, որ անուշադրության մատնվեն սիրիահայերը: Մարդասիրական աջակցության համար բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ են ընդունված, կան միջազգային բազմաթիվ համաձայնագրեր: Ուստի Հայաստանը պիտի օգտվի այդ բոլորից, եթե կամենում է պահպանել ու չկորցնել սիրիահայությանը, այն հսկայական ազգային հարստությունը, որը կուտակվել է հարյուրամյակների ընթացքում այս երկրում, որն առաջինն արձագանքեց մեր մեծ ողբերգությանն ու ապաստան տվեց Ցեղասպանությունից մազապուրծ հայությանը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ