2 ՀԱՐՑ


 

Հարցերի շուրջ իր տեսակետն է հայտնում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

- Քաղաքաշինության փոխնախարարի ղեկավարությամբ խումբ է ստեղծվել, որը պետք է կանոնակարգի Երևանի փոքր կենտրոնի կառուցապատումը: Չի՞ ստացվում, որ մենք սթափվում ենք` երբ գնացքն արդեն մեկնած է լինում:

- Իհարկե. դա շատերն են ասում: Բայց բոլոր դեպքերում, քաղաքը կենդանի օրգանիզմ է: Նույնը կատարվեց Մոսկվայի հետ: Կետային կառուցապատումը Մոսկվայի փորձն է, որ եկավ Երևան: Մոռացել ենք` ի՞նչ է գլխավոր հատակագիծը, գոտիավորումը: Անցումային շրջան է, հին փաստաթղթերը չեն գործում, ով փողը տալիս է` նրա ուզած տեղում շենքը կանգնեցնում ենք: Մոսկվայի կենտրոնը դրա արդյունքում խիստ խտացավ:

Բայց Մոսկվան չունի այն լրջագույն խնդիրը, որն ունի Երևանը. մենք սեյսմիկ գոտում ենք:

- Այո: Եվ Մոսկվայի այդ անհաջող փորձն ամենավատ տարբերակով ներդրվեց Երևանում: Բոլոր բակերում` կռիվ, պատերազմ: Ասում ենք` մենք երեխասեր ազգ ենք: Որտեղի՞ց է երևում դա. գեղեցիկ կենացնե՞ր ենք ասում: Եվրոպական քաղաքներում, Ճապոնիայում ապշում ես. կարծես քայլում ես մանկական խաղահրապարակներով: Անգամ օդակայաններում, շենքի ներսում կանաչ տարածք է անջատված` որպես մանկական հրապարակ, որպեսզի երբ ծնողները զբաղվում են տոմսով, ուղեբեռով, երեխան այդ ընթացքում կարողանա այնտեղ խաղալ: Բոստոնի արվարձաններում սկյուռները, թռչունները, նապաստակները երեխաների հետ հավասար թռվռում են: Օսլոյում վայրի սագերը ձագերի հետ շենքերի միջև պտտվում են: Երեխաները մեծանում են` առանց բնությունից կտրվելու: Սա նաև մեր էկոլոգիական դաստիարակության, կրթության խնդիր է: Ես հույս ունեմ, որ քաղաքապետարանի հետ միասին մենք կկարողանանք նման հարցերը լուծել:

Ա.Դ.