ՍԱ ԷԼ ՄԵՐ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է


 

Հայտնի է դարձել, որ Լոռու մարզում ակտիվ ստորագրահավաք է կազմակերպվել, և ՀՀ նախագահին նամակներ են ուղարկել Ճոճկանի համայնքապետ Սամվել Գիգոլյանը, Քարկոփի համայնքապետ Ժորա Այբեկյանը, Նեղոցի գյուղապետ Սպարտակ Բեգջանյանը և Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը: Կարելի էր կարծել, թե նամակները նվիրված են համայնքների զարգացմանը, այդ բնակավայրերում կուտակված սոցիալական խնդիրներին, ահռելի չափերի հասնող արտագաղթին. Շամլուղը գրեթե անմարդաբնակ է դարձել` չունենալով քաղաքին բնորոշ նկարագիր և կենցաղավարություն: Բայց, ոչ. այդ նամակների «հերոսը» մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանն է, այն մարդը, որի սեռական բռնությունների թիրախում էին հայտնվել բազմաթիվ անչափահասներ: Լոռվա մի շարք համայնքապետեր գութով են լցվել, տեսել են, թե ինչպես է օրավուր վատանում մանկապիղծի առողջական վիճակն ու որոշել են ներում հայցել նրա համար:

Թե ի՞նչ պատասխան կստանան նրանք երկրի ղեկավարից` ենթադրում ենք, սակայն այստեղ կարևորն այն է, որ համայնքապետերն ի ցույց են դրել իրենց բարոյական կերպարը, իրենց բարոյական ըմբռնումները. պատրաստ են ներում հայցել մի մարդու համար, ով արդեն իսկ ոտնահարել է մեր շատ բարոյական պատկերացումներ…