Ռուսաստանն ենք բերում Հայաստան


 

Եվրասիական, թե Եվրոպական միություն. որն է հայերիս համար նախընտրելի: Այս հարցի և դրա առաջացրած խնդիրների շուրջ է հարցազրույցը Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

- Ինչպես երևում է` կոմպլիմենտար քաղաքականության ժամանակահատվածը, երբ Հայաստանը հաջողությամբ հավասարակշռում էր Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերությունները, մոտենում է իր ավարտին: Ե´վ Եվրոպան, և´ Ռուսաստանը Հայաստանից պահանջում են հստակեցնել դիրքորոշումը` կամ դեպի Եվրամիություն, կամ Եվրասիական միություն: Ձեր կարծիքով, ո՞ր ճանապարհով պետք է գնա մեր երկիրը:

- 1994 թ. օգոստոսի 19-ին մեծ պայմանագիրը կնքելուց հետո, երբ թուրքական երկու ընտիր դիվիզիա Օզալը կանգնեցրեց Նախիջևանի մոտ` Վայքով Հայաստանը կտրելու համար, անմիջապես մեր ռուսոֆոբ այն ժամանակվա իշխանություններն արագ դիմեցին Ռուսաստանին: Արձագանքն արագ եղավ. մի քանի օր հետո Բուրբուլիսն ինքնաթիռի տրապի վրա ասաց` « Войнабудетзарекой»: Ուրեմն, պատմությունը երկրորդ անգամ դաս տվեց հայերին, որ հայկական քաղաքակրթությունը պետք է ռուսական աշխարհաքաղաքական ուղեծրում գոյատևի: 99թ. մայիսի 19-ի իմ ելույթում կրկնեցի. «Պանամերիկյան հեգեմոնիան վտանգավոր է ոչ միայն եվրոպական, այլ նաև համաշխարհային քաղաքակրթության համար: Պանամերիկյան հեգեմոնիան հավասարակշռող` նոր աշխարհաքաղաքական կենտրոնի ստեղծումը էվոլյուցիոն նոր միության տեսքով նախկին Ռուսաստանի և հանրապետությունների հետ, պատմական անհրաժեշտություն է, ժամանակի հրամայականը»: Իսկ մեծ պայմանագիրը կնքելուց հետո ասել եմ` «Մենք գնում ենք դեպի Ռուսաստանը ոչ իբրև ստրուկներ, քանզի ռուսական երկգլխանի արծիվը, որ հպարտ նայում է դեպի Արևելք ու Արևմուտք, առանց հանրապետությունների անթև է. հանրապետություններն առանց Ռուսաստանի` առանց արծվի գլխի: Կամ Ռուսաստանի հետ մոխրի կվերածվենք, կամ Ռուսաստանի հետ մոխիրներից կհառնենք. երրորդ տարբերակ չկա»:

- Բայց մի՞թե պարզ չէ, որ Եվրասիական միություն ստեղծելով` Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը:

- Կոմպլիմենտար քաղաքականության ժամանակներն անցել են: Կոմպլիմենտար քաղաքականության ռազմավարությունը վախճանվեց: Այսօր երկու հզորագույն աշխարհաքաղաքական կենտրոններ` Վաշինգտոնը և Մոսկվան իրենց դաշնակիցներին պարտադրում են հստակեցնել իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշումները, ուղեծրերը: Եթե քո սահմանները ինքնուրույն պաշտպանել չես կարող, և Ռուսաստանը պետք է պաշտպանի` ՀԱՊԿ-ը պետք է պաշտպանի: Եվրոպական պետություններն էլ իրենց կոլեկտիվ անվտագնության համակարգն ունեն: Հիմա դուք չե՞ք ուզում, որ մենք էլ կոլեկտիվ անվտանգության համակարգ ունենանք: Դուք չե՞ք ուզում, որ մաքսային արգելքները հաղթահարվեն, և միասնական ֆինանսական տարածք ունենանք: Եվրամիությո՞ւն եք ուզում, որն ունի իր միասնական ֆինանսական տարածքը: Ինչո՞ւ Ռուսաստանի հետ չունենանք մեր նմանատիպ համակարգը:

Ռուսաստանի հետ ժամանակին, 70 տարի եղել ենք միասնական համակարգի մեջ, որը 1988-91-ին փլուզվեց:

- Ուրեմն, խորհրդային նախկին միություն` միակուսակցական գաղափարախոսությամբ չի լինելու: Կրկնեմ` Ռուսաստանի հետ կամ մոխիր կդառնանք, կամ Ռուսաստանի հետ մոխրից կհառնենք: Պատմականորեն մեր աշխարհաքաղաքական շահերը պարտադրում են այսօր լինել Ռուսական աշխարհաքաղաքական համակարգում: Երեք անգամ հայկական հարցը դագաղ դնողը եվրոպական խոշորագույն պետություններն են: Մեր օրերում, երբ առաջ եկավ, այսպես ասած, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հարցը, ես նախագահին ասացի` «դա ծուղակ է` Արաքսի գծով ազատագրված 7 գավառները թուրքերին վերադարձնելուց առաջ հայ հասարակության զգոնությունը թուլացնելու նպատակով: Մի´ ստորագրեք այդ արձանագրությունը»: Նախագահը հարցրեց` «դու որտեղի՞ց գիտես, որ դա Հիլարիի ստեղծագործությունն է»: Թե արդյունքն ինչ էր, արդեն բոլորին է հայտնի: Նրանք անընդհատ պնդում էին ճանաչել Կարսի պայմանագիրը:

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության լուծումը` Եվրասիական միությանը մեր անդամակցության դեպքում:

- Այդ հարցի լուծման երկու տարբերակ կա: Արցախը կարող է մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, որպես ներքին քաղաքական սուբյեկտ, հանրապետություն, ինչպես Չեչնիան, Բաշկիրիան` պաշտպանելով 15 հազար քմ կիլոմետրը: Կամ մեզ պարտադրված է 7 գավառները հանձնել, թուրքերի գաղթականները գան` առանց մեր գաղթականների` Բաքու վերադարձի: Դրանից 10 տարի հետո ռեֆերենդումում կորոշվի 4500 քմ կմ` խորհրդային Ղարաբաղի տարածքի հարցը: Բայց ղարաբաղցին ասում է` ինձ ձեռնտու չի Հայաստանի մարզ դառնալ 4500 քմ կմ տարածքով` ցամաքային չհստակեցված չափի տարածքով: Ասում են` եվրոպական ատյանները մեզ երաշխիքներ կտան: Ես ասում եմ` ոչ, 7 գավառները վերադարձնել, նշանակում է ստանալ խորհրդային Ղարաբաղը`4500 քմ կմ տարածքով: Այնպես որ` հույս դնել եվրոպական անվտանգության համակարգի վրա` մանկամտություն է: Մի խոսքով, Եվրասիական միությունն ընտրելու դեպքում, մի տարբերակով Արցախը մտնում է ՌԴ կազմի մեջ` որպես առանձին հանրապետություն: Մյուս տարբերակը` հնարավոր է, որ պատմական Արցախի հանրապետությունը միանգամից, որպես առանձին սուբյեկտ, մտնի Եվրասիական միության կազմի մեջ: Սա կարևորագույն փաստ եմ ասում:

- Իսկ ի՞նչ երաշխիք, որ հենց այդպես կլինի:

- Դիվանագիտությունը այն գիտությունն է, որը պետական շահերի հակադրությունից բերում է պետական շահերի ներդաշնակեցման: Այսինքն` համոզելու կարողությունը, ինչպես ասում էր Չերչիլը: Եթե մենք կարողանանք ճիշտ կոորդինացնել հայկական և ռուսական շահերը, որոնք փոխըմբռնման մեջ են, և օգտվել խոշոր կապիտալիստական պետությունների հակասություններից (այն է` Ադրբեջանը և Վրաստանը չեն մտնում Եվրասիական միության մեջ) և պարտադրել Ռուսաստանին, որ այդ 15 000 քմ կմ-ի վրա ՌԴ քաղաքական սուբյեկտը ստեղծի: Այս պարագայում ռուսական բանակը կմտնի և կպաշտպանի այդ տարածքը` ապահովելով հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Նաև պանթուրքիզմի ճանապարհը կփակվի: Ամփոփեմ միտքս` այսպիսով, ոչ թե հայերն են գնում դեպի Ռուսաստան, այլ Ռուսաստանն ենք բերում Հայաստան:

Նման դեպքերի համար ասում են` լավ երազ է, եթե կատարվի:

- Հարցազրույցս ավարտում եմ Շիրազի խոսքերով «Ապրենք հույսով, վաղվա լույսով»: Լինենք լավատես:

րթուր ԴՈԽՈԼՅԱՆ