Օբամայի ամոթալի անցյալը


 

Օրերս տարածված ոչ պատվաբեր այս լուրը կարող է և հերյուրանք լինել, կարող է և` իրողություն. դա չէ էականը: Նախընտրական տեխնոլոգիաները նաև անմաքուր են լինում` չբացառելով զրպարտանքները:

Տարօրինակն այն է միայն, որ ամենայն ազատությունների երկիր, ամեն տեսակ փոքրամասնությունների իրավունքների պաշտպան Միացյալ Նահանգներում գործող նախագահին և նախագահի թեկնածուին փորձում են նսեմացնել` նրան համասեռամոլ հռչակելով: Այդ լուրը հրապարակ նետողներն արդյո՞ք ընդդիմանում են, երբ հենց իրենց երկրում պետականորեն օրինականացվում է միասեռականների ամուսնությունը: Իսկ պետության ղեկավարն էլ պարտավոր է նաև ա´յդ օրենքի երաշխավորը լինել:

Ինչևէ, ընդդիմադիր քաղգործիչ Ջեռոմ Կորսին հիմա հանկարծ զննել է Բարաք Օբամայի հին լուսանկարները, հայտարարել է, թե նա գեյ-ամուսնության մեջ է եղել հարևան սենյակի մի երիտասարդի հետ:

«Թեյախմություն» ընդդիմադիր շարժման ակտիվիստ, գրող Կորսին նույնիսկ փորձել է հիմնավորել իր այդ ենթադրությունը, որը վերաբերում է Օբամայի` Կոլումբիայի համալսարանում ուսանելու տարիներին:

- Ես հավաքել եմ արխիվային տվյալներ ու փաստաթղթեր և համոզված եմ, որ բավականաչափ ապացույցներ ունեմ` պնդելու. մեր նախագահն ամենայն հավանականությամբ թաքնված համասեռամոլ է: Իմ աշխատանքը նրա համար չէ, որպեսզի դատապարտեմ Օբամային, այլ նրա համար, որ հասկանամ, թե ինչու նա այդքան երկար թաքցրել է դա,- իր կայքում գրել է Կորսին` փաստարկելով, որ Միշելի հետ ամուսնանալուց դեռ մի քանի տարի առաջ Բարաքն ամուսնական մատանի է կրել:

- Նախագահի պաշտոնական կենսագրության համաձայն` նա ամուսնացել է 1992 թ., իսկ Միշելի հետ ծանոթացել է 1989-ին: Սակայն լուսանկարներում` 1981 թվականից սկսած` Օբամայի մատնեմատին փայլփլում է օղամատանի, որն ակնհայտորեն հուշանվեր չէ,- մանրամասնել է ընդդիմադիր գործիչը` հավելելով.

- Ես ուսումնասիրել եմ մի քանի լուսանկարներ, որոնցում Օբաման նստած է իր ընկերոջ ծնկներին: Ո՞վ իրեն այդպես կպահեր, եթե ոչ` սիրեկանները:

Գրող-քաղգործչի կարծիքով` Բարաք Օբամայի կյանքը լի է «հանելուկներով ու գաղտնիքներով», որոնք ընտրողներին խանգարում են լիարժեքորեն գնահատել նրա քաղաքական ունակություն ները` որպես պետության առաջնորդ:

Իհարկե, 4 տարի պետություն ղեկավարած առաջնորդի ունակությունները պետք է որ նրա գործերով գնահատվեին, այլ ոչ թե` անձնական գաղտնիքներով:

Ի դեպ, առժամանակ առաջ նույն Կորսին Նյու Յորքում Հանրապետական կուսակցության ժողովում ցուցադրել էր Օբամայի ծննդյան վկայականի պատճենը` օգնելով հատուկ ծրագրի օգնությամբ ապացուցել, թե դա կեղծ է: