Սփյուռքի ջերմությունը` հայրենիքին


 

Ամիսներ շարունակ իրենց ինքնատիպ կատարումներով մայրաքաղաքի և մարզերի մշակութային կյանքն են հարստացնում սփյուռքահայ մեր հայրենակիցները: ՀՀ Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը սփյուռքահայ կատարողներին հայրենիքում ելույթ ունենալու հնարավորություն ընձեռելուց զատ` նաև նոր խոսք է մշակութային միջոցառումների ֆոնին: Հայաստանյան և սփյուռքյան խմբերի մասնակցությամբ խմբերգային արվեստի օրերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ մեր խնդրանքով փառատոնի ղեկավար Սամվել ՀԱՐՈՅԱՆԸ համառոտ ամփոփեց այս փուլի ընթացքը.

- «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում խմբերգային արվեստի օրերն անցկացվեցին ամբողջ մի շաբաթ: Նախապես ունեցել ենք մասնակցության 14 հայտեր, սակայն ներկայացել են 12 երգչախմբեր` աշխարհի 7 երկրներից: Մեկշաբաթյա ծրագիրը բազմաժանր էր, հետաքրքրիր ու հագեցած բոլորի համար: Այս ընթացքում հոգևոր երգերի կատարումով երգչախմբերը ելույթ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Խորհրդանշական էր նաև Մայր Հայաստան հուշահամալիրում բոլորի կողմից «Էրեբունի- Երևան» երգի կատարումը: Շուրջ 10 միջոցառումներ իրականացվեցին խմբերգային արվեստի օրերի շրջանակներում: Այդ ընթացքում նաև այցելություններ եղան Հայաստանի տեսարժան վայրեր: Կազմակերպվեցին հանդիպումներ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ապա խմբերգային արվեստի մեր գործիչների հետ` Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: Կարծում եմ` ծրագիրը բավական լեցուն էր ու հաջողված:

Մեծ խանդավառությամբ փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել «Սպենդիարյան» (Սիրիա), «Արարատ», «Կոմիտաս» (Իրան), «Դվին» (Էստոնիա), «Արաքս» (Եգիպտոս), «Օվսաննա Նորահրաշ» (Մոսկվա) և այլ երգչախմբեր` Սփյուռքի հայ համայնքների ջերմությունը փոխանցելով հայրենիքին:

Օտար ափերում ձևավորված այս խմբերի առաքելությունը հստակ է` մնալ հայ և ներկայացնել հայ երգը:

- Կահիրեի ազգային առաջնորդարանի «Արաքս» երգչախումբը ստեղծվել է 2003-ին, 9 տարվա պատմություն ունի: Մեր գաղութը փոքր է, և մենք միաժամանակ 2 խնդիր ենք փորձում լուծել: Այդ առումով երգչախումբը մեզ համար և´ նպատակ է, և´ միջոց: Որպես նպատակ` մենք ներկայացնում ենք երաժշտական մշակույթ, որպես միջոց` փորձում ենք նպաստել հայապահպանությանը: Իսկ այդ խնդիրն իսկապես առկա է: 20 մլն բնակիչ ունեցող քաղաքում մեր փոքր գաղութում հայապահպանության խնդիրը սուր է դրված,- ասում է «Արաքս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Միհրան Ղազեյանը:

Հալեպի հայկական բարեգործական ընդհանուր միության հայ երիտասարդաց ընկերակցության «Սպենդիարյան» երգչախմբի ղեկավար և խմբավար Շահե Քեշիշյանը մեզ հետ զրույցի ժամանակ երախտագիտությամբ էր պատմում հայրենիքում իրենց նկատմամբ ցուցաբերված առանձնակի ջերմության ու ուշադրության մասին:

- Մեր խումբը շուրջ 60 տարեկան է: 16-17 տարվա ընդմիջում է ունեցել, ապա վերականգնվել 1989-ին: Նախ ասեմ, որ սա միակ հայկական երգչախումբը չէ Հալեպում և ընդհանրապես քաղաքը շատ հարուստ ու աշխույժ մշակութային կյանք ունի: Հայապահպանության խնդիրը մեր իրականության մեջ գրեթե ինքնըստինքյան է կարգավորվում, քանի որ համայնքը խիստ կազմակերպված է:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ