«Հարկավոր է հավատալ, սիրել ու ջանալ» համոզված է Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԸ


 

Մշակութային արժեքների աղավաղման տարիներին անուրախ մի սրախոսություն էր ծնվել.

- Մեր մշակութային տներն ու կենտրոննե՞րն ինչ եղան:

- Մշակույթի հետ վերացան:

- Թե՞ դրանց վերացմամբ մշակույթն էլ վերացավ...

Բարեբախտաբար` այդ հաստատությունների անհրաժեշտությունը գիտակցող ղեկավարներ էլ կան, ովքեր իրենց գլխավորած ոլորտում կարևորում և աջակցում են մշակութային կենտրոնի գործունեությունը: ՀՀ ոստիկանության պետը սակավադեպ այդ ղեկավարներից է, և այստեղ արվում է հնարավորինը, որպեսզի համակարգի աշխատակիցների շնորհալի երեխաները տարբեր խմբակներում բացահայտեն, զարգացնեն իրենց ունակությունները:

ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի պետն այսօր երգիչ, երաժիշտ Արմեն Գևորգյանն է, ով հանրությանը ծանոթ է հատկապես 1988-ի մի կատարմամբ` «Հայ իմ աշխարհ» երգով, որը յուրօրինակ հիմն էր դարձել մեր զարթոնքի տարիներին: Հետագայում նա ղեկավարեց «Արևիկ» մանկական երգչախումբը` բազմաթիվ ծրագրեր իրականացնելով և արտերկրյա շրջագայությունների միջոցով հայ փոքրիկ երգիչներին է´լ ավելի ճանաչելի դարձնելով արտերկրում: Ա. Գևորգյանը նաև երգեր է գրում` հիմա արդեն հարստացնելով Ոստիկանության մշակույթի կենտրոնի «Հրեշտակներ» խմբի երգացանկը: Նա շատ է սիրում հայրենիքը, իր ժողովրդին, հայ մանուկներին ու մտահոգ է մեր մշակույթի վաղվա օրով: Եվ համոզված է, որ`

- Հայը տաղանդավոր ազգ է: Մեր ունակություններով, Աստծո տված շնորհներով` բոլոր ասպարեզներում` մշակույթից մինչ գիտություն ու սպորտ, կարող ենք լուրջ նվաճումներ գրանցել միջազգային մասշտաբով: Հարկավոր է միայն սիրել, հավատալ և ջանալ...

Ու այս հավատամքով էլ նա եռանդագին աշխատում է, ինչի առաջին արդյունքներն արդեն իսկ ակնբախ են` չնայած Մշակույթի կենտրոնում ընթացող վերանորոգման աշխատանքներին:

- Առնվազն 20 տարի, գուցեև ավելի երկար ժամանակ այս շենքը չէր վերանորոգվել: Հիմա արդեն պատրաստ է հոյակերտ դահլիճը` հագեցած նորագույն տեխնիկայով: Իսկ դա մեր սաների գեղագիտական դաստիարակության կարևոր նախապայմանն է: Առայժմ համակարգի աշխատակիցների ավելի քան 150 երեխա է հաճախում խմբակներ, որոնք հիմնականում 4-ն են` տարիքային տարբերակումներով: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի պահանջը և մեր գլխավոր նպատակը մեկն է` որպեսզի հոգատարությամբ շրջապատենք վաղվա քաղաքացիներին և բազմակողմանի զարգացած սերունդ կրթենք: Ինչո՞ւ չէ. գուցե նաև մեր այսօրվա սաների շարքում են վաղվա տաղանդավոր արվեստագետները: Երբ «Արևիկ» մանկական համույթի ղեկավարն էի, հյուրախաղերով եղանք Ամերիկայում: Ճիշտ մեր այս դահլիճին էր նման 500 տեղանոց համերգասրահը, որն իր հարմարավետությամբ անչափ դուր էր եկել երեխաներին: Իսկ այնտեղ համաշխարհային ճանաչում ունեցող շատ արտիստներ են հանդես գալիս: Եվ ընդհանրապես, Արևմուտքում հարգի են փոքր դահլիճները, որոնցում մի քանի համերգն ավելի նախընտրելի է, քան կիսադատարկ կամ մեծագույն դժվարությամբ, հաճախ պարտադրանքով լցվող հսկա սրահները:

- Իր գոյության կարճ ընթացքում Ձեր հիմնադրած «Հրեշտակներ» համույթը հասցրել է ճանաչում ձեռք բերել. շնորհալի սաներ ունեք, ովքեր լուրջ հայտ են ներկայացրել մանկական երգարվեստում:

- «Հրեշտակներն» ընդամենը 4 ամսական է, բայց` այո´, արդեն ունենք ամբողջական պատրաստի կատարումներ, որոնք վստահաբար կարող ենք ներկայացնել հանրությանը: Մենակատարներից հավանաբար ճանաչում եք Անգելինա Գասպարյանին, ով արդեն տեսահոլովակներ ունի և առաջիկայում նոր անակնկալ կմատուցի ունկնդիրներին: Հեռանկարում շատ հետաքրքիր ծրագրեր ունենք, որոնց մասին չեմ ուզում հիմա խոսել, որովհետև դա մեր անակնկալն է հանդիսատեսին:

- Մե՞ծ է ձգտումը` այստեղ գործող խմբակներում ընդգրկվելու: Նկատի ունեմ` նոր սերունդը հակվա՞ծ է դեպի մշակույթը:

- Հետաքրքրությունը մեծ է, բայց դեռևս մեր հնարավորությունները մի փոքր սահմանափակ են` տարածքի առումով. ինչպես տեսաք` վերանորոգման աշխատանքները շարունակվում են: Իսկ մենք դեմ ենք ձևական քանակ հավաքագրելուն:

- Շոու բիզնես կոչվածից հրաժարվել իհարկե անկարելի է, բայց այսօրվա չափանիշներով դա չի´ կարող արվեստ լինել: Թերևս` իրենց վարպետությունը կատարելության հասցրած արվեստագետն այդ կատարյալը կարող է նաև որպես բիզնեսային շոու ներկայացնել, բայց մեզանում հակառակ իրողությունն է. գրեթե չկա արվեստը, և անգամ կենդանի կատարումների բացակայությամբ` այսպես կոչված շոու-աստղեր են բազմանում: Ի՞նչ է հուշում Ձեր փորձը. մեր փոքրիկները կարո՞ղ են հետագայում անխաթար մշակույթի կրողներ դառնալ, իրական արվեստ արարել:

- Հրաշալի սերունդ ունենք` հզոր ներուժով օժտված: Քանի որ մեզ վրա մեծ է հատկապես Եվրոպայի ու Ամերիկայի ազդեցությունը, մեր երեխաներն էլ ակամա կրում են այդ երկրների մշակույթների ազդեցությունը: Դա վատ չէ` եթե քոնը չես կորցնում, չես հրաժարվում դարերով հարստացած քո արժեքներից: Փոքրիկներն էլ պետք է լավ տեղեկացված լինեն, ճանաչեն ու գնահատեն օտարը, բայց պահպանեն ազգայինը, հավատարիմ մնան ակունքներին: Պետք է իմանան, որ այս հողը` մեր Հայաստան հայրենիքն աշխարհին մշակույթ է տվել, լավագույն արվեստագետներ, և միայն ֆինանսները չէ, որ որոշում են ամեն ինչ: Սա եմ համարում մեր գլխավոր խնդիրն ու անելիքը:

- Դիպուկ նկատեցիք. մենք հաճախ ծայրահեղանում ենք: Երբեմն տառապում ենք ազգային սնապարծությամբ, երբեմն էլ թերարժեքության բարդույթով խուսափում ենք մեր ազգային արժեքներից:

- Գեղագիտական դաստիարակությունը հենց դրան է կոչված` ճիշտ կողմնորոշել: Ես ուրախությամբ նկատում եմ, որ ձեր նշած շոու բիզնեսը զիջում է իր դիրքերը. ճշմարիտ, անխառն մշակույթն է հիմա վերադառնում, և դա է դառնալու բիզնես` բառի ամենադրական իմաստով: Սկսած երգարվեստից` ամեն ինչ վերադառնում է անաղարտ նախնականին` կենդանի երաժշտություն, կենդանի երգեցողություն, ինչը բոլորը չէ, որ կարող են ապահովել... Դա շատ գնահատելի է, և եթե նույնիսկ բիզնես` ապա դարձյալ լուրջ արժեք է ներկայացնում:

- Ձեր նշած անակնկալներին կսպասենք, բայց մի քանի խոսքով, խնդրում եմ պատմեք առաջիկա անելիքների մասին:

- Այնքան շատ են, և բոլորն էլ անհետաձգելի, որ երբեմն մտածում եմ` ինչի՞ց սկսել: Օրինակ, մեր պատրաստի կատարումներից փորձում եմ «միքսեր» ստեղծել: Այսինքն` համատեղել երգային, պարային տարբեր ոճերը: Դիցուք` ժամանակակից պարային կատարումներն ուղեկցվում են նաև ժողպարերով և ընդհառակը: Սա ինքնանպատակ փորձարարություն չէ. այդ կերպ մեծանում է երեխաների հետաքրքրությունը մյուս ժանրերի հանդեպ ևս: Երբ, ասենք` բրեյք-դանսով տարված երեխան ուժերը փորձում է նաև հայկական պարերում, նա սիրում, ընկալում է նաև հայկականը: Արվեստի հանդեպ սերը չի´ կարող, չպե´տք է մեկ ուղղությամբ լինի: Այս առումով ևս նպատակս մեկն է` չկորցնել և ժամանակի շնչով նորոգել հազարամյակներով ամբարված մեր մշակույթը:

- Բոլոր ժամանակներում մեր նշանավոր արվեստագետները պարբերաբար գյուղական վայրեր են մեկնել` իրենց արվեստը ներկայացնելու և ազգայինի ակունքներին մերձենալու: Համերգային ծրագրերով դեպի մարզեր շրջայցեր նախատեսո՞ւմ եք: Մանավանդ` ոստիկանության մարզաբնակ աշխատակիցներն առանձնակի սիրով կուզենան ճանաչել իրենց գործընկերների երեխաների ունակությունները:

- Նախատեսում եմ, և հենց վերը նշածս մեր ոճային համատեղումները` «միքսերը» ներկայացնելու նպատակադրմամբ: Ինքս էլ երգիչ եմ` վոկալիստ ու հրաշալի գիտեմ այդ շրջայցերի կարևորությունը: Մարզերում անչափ մեծ է արվեստին առնչվելու պահանջը, իսկ մեր սաներն էլ ջերմ, անկեղծ հանդիսատեսի հետ առնչվելու անհրաժեշտությունն ունեն: Նման հանդիպումները կնպաստեն նրանց կայացմանը, ինքնադրսևորմանը: Ի վերջո` հանդիսատեսի հետ ճիշտ հարաբերվել կսովորեն:

- Ի՞նչ սկզբունքով եք ընտրում Կենտրոնի սաներին: Երեխաների պարագայում դա շատ ավելի բարդ է: Նրանցից շատերի ունակությունները դեռ խորը նիրհում են. մանուկն ու նրա ծնողներն անգամ չգիտեն փոքրիկի նախասիրությունը, ծանոթ չեն ընդունակություններին...

- Շատ նուրբ խնդիր է` չափազանց մեծ նրբանկատություն պահանջող: Այդտեղ օգնում է իմ փորձը, ներքին զգացողությունը: Երբեմն այս կամ այն խմբակ ընդունվել ցանկացող երեխան չի կարողանում իր ունակությունները դրսևորել: Դիցուք` չի կարողանում երգել, բայց ես զգում եմ, որ ձայն ունի, ինչ-որ կայծ ունի... Կդժվարանամ խոսքերով բացատրել, թե ինչպես, բայց ներքին ինչ-որ զգացողությամբ տեսնում եմ, որ նա կարող է: Ու հիմնականում չեմ սխալվում: Փորձերի, շփումների ընթացքում նրանք հաղթահարում են կաշկանդվածությունը, ձերբազատվում որոշակի բարդույթ ներից և հասկանում են, թե ինչպես պետք է երգել կամ պարել, ինչպես նկարել: Շատ կարևոր է նաև, որ նրանք կարողանան իրար հետ շփվել. չէ՞ որ մարդկանց հետ հարաբերվել կարողանալը ևս արվեստ է:

- Կա՞ն երգահաններ, ովքեր հատուկ գրում են «Հրեշտակներ» խմբի համար, թե՞ ընտրություն եք կատարում եղած երգերից:

- Հիմնականում ընտրում ենք, բայց ինքս էլ գրում եմ և հատկապես` «Հրեշտակներիս» համար:

- Բոլոր դեպքերում` ընտրությունը շատ խնամքով է կատարվում: Հենց Անգելինայի երգերից ու տեսագրություններից մաքրություն ու մանկություն է ծորում` առողջ, անեղծ մանկություն: Մինչդեռ մանկական երգացանկում հաճախ մեր ազգագրական երգերն են: Դա լավ է, սակայն այդ երգերը շա˜տ են թախծոտ, իսկ մանկությունն անհոգ պետք է լինի:

- Համամիտ եմ, բայց ազգայինն էլ պետք է ճանաչեն ու կատարեն: Իհարկե` մի փոքր ավելի հասուն տարիքում: Ինչ վերաբերում է երգերի ընտրությանը` ճիշտ է, ես եմ ընտրում, բայց երեխաների կարծիքը հաշվի առնելով: Չէ՞ որ կատարողն իրենք են, և նրանց էլ պետք է սրտամոտ լինի:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ