Հարբած «ուղեբեռը»


 

Մարդ է, էլի´. թռիչքից առաջ խմել է: Բայց հավանաբար ոչ թե հարազատների հետ ինքն իրեն բարի ճանապարհ մաղթելու, ոչ էլ` օդ բարձրանալու վախը խլացնելու համար: Ավելի շուտ` շոգը վանելու, որովհետև խմածը գարեջուր է եղել: Եվ Իտալիայից հայրենիք վերադարձող 36-ամյա այդ նորվեգացու վրա զովացնող ոգելիցն այնպես է ազդել, որ Հռոմի Ֆյումիչինո օդակայանում պառկել է ուղեբեռների շարժասանդուղքին ու քնել: Շարժասանդուղքն էլ նրան հասցրել է ճամպրուկների պարունակությունը զննող հսկա սարքի (սքաներ) մոտ: Մինչ սարքը նրա ներսը կուսումնասիրեր, զննման ծառայության աշխատակիցն էկրանին նշմարել է սաղմնի տեսքով կուչ եկած մարդկային մարմինը:

Ոստիկանությունն, իհարկե, նրան դուրս է բերել ուղեբեռների և ռենտգեն հզոր ճառագայթներ արձակող սարքի միջից և անհապաղ հիվանդանոց հասցրել (տեղեկացրել է իտալական LΖ ReΘubblicΖ թերթը):

Սա նմանօրինակ առաջին միջադեպը չէ. աշխարհի տարբեր օդակայաններում նույնպես արձանագրվել են այդպիսի «շփոթմունքներ»: