Վիկինգներին կփոխարինի նա°


Որքան մոտենում են Նախագահի ընտրությունները, այնքան «փարթամանում է ապագա արքայազնների ինքնաներկայացման շքերթը»: Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն «ազգի համար բախտորոշ» այս ընտրությունները համարում է ոչ թե կուսակցությունների, այլ անհատականությունների մրցավազք, որտեղ եզրագիծը կշեմի ոչ այնքան «տրամպլինի վրա գտնվող և իր հնարավորություններով գահը զավթելու ունակ մեկը, այլ ազգային շահերով մտահոգված առաջադեմը»: Իսկ այդպիսիք, անշուշտ, պետք է համապատասխանեն մարքսիստի մատնանշած բարոյական և գաղափարական չափորոշիչներին, որոնք նա փոխառել է հայ մտքի հզորներից` Չարենցից և Նժդեհից: - Ազգի առաջնորդը պետք է ունենա առաքյալի սիրտ, ադամանդյա ճակատ և իմաստասեր գլուխ: Սա է առաջնորդի բարոյական չափորոշիչների նժդեհյան որակումը: Իսկ գաղափարական առումով, առավել պատկերավոր, քան Չարենցը, ոչ ոք չէր կարող ասել` «Ոչ մի կապանք ազգի հոգին չի կապկպի, եթե նա հագնի զրահը ժամանակի»: Եթե ամփոփելու լինենք Չարենցի միտքը, ապա ազգի առաջնորդը պետք է լինի նա, ով կդառնա նոր տնտեսական գաղափարախոսության ճարտարապետն ու նոր ազգային հայեցակարգի գլխավոր վարդապետը: Եվ, ի վերջո նա, ով կլինի ազգի կենսաբանական անվտանգության երաշխավորը: Համաշխարհային պատմությունն ու տնտեսական դաշտը ակոս առ ակոս հերկելիս, մարքսիստը հայտնաբերել է 1932 թվականի ԱՄՆ-ի և Հայաստանի ներկայիս քաղաքականության և տնտեսության միջև ընդհանուր «շտրիխներ»: Պարզվում է, այդ թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Ֆրանկլին Ռուզվելտի շռնդալից հաղթանակը պայմանավորված էր ազգի գիտակից մասսայի վրա հենվելու ճիշտ կողմնորոշմամբ, իսկ ընտրվելուց հետո Կոնգրեսը օլիգարխներից (Դյուպոն, Մորգան, Ֆորդ) մաքրելու նրա վճռականությամբ: Դավիթ Հակոբյանի համար պակաս կարևոր չէ նաև Նախագահի թեկնածուի կուսակցական պատկանելության բացառումը. կարևորն այն է, որ նա լինի նոր գաղափարների մոդուլյատոր, գիտակցի Նախագահի աթոռի պատասխանատվությունը, լինի արդարամիտ, առաջամիտ և ազգի սիրելին: Այսօր ազգի գերխնդիրն, ըստ մարքսիստի, քաղաքական միասնությունն ու բարոյական միաբանությունն են, որոնք կարող է իրականացնել միայն «պոտենցիալ ռեզերվային նախագահի թեկնածուն»: Եվ այնուամենայնիվ, ո՞վ է բարոյական և գաղափարական արժեքներ կրող այն Փոքր Մհերը, ով Ռուզվելտի օրինակով կդիմակայի հայ մորգաններին ու ֆորդերին և կտրուկ կբարձրացնի Հայաստանի վարկանիշը ողջ աշխարհում: Ունե՞նք խարիզմատիկ նման թեկնածու: - Ուրեմն դուք ուզում եք չտեսնելո՞ւ տաք: Դուք լավ էլ տեսնում եք քաղաքական դաշտում առկա բոլոր ֆավորիտներին: Ի՞նչ է, այս ազգի արգանդը չորացե՞լ է, ի՞նչ է, չունե՞նք տեսականորեն պատրաստ այդպիսի կադր: 40 դարերի քաղաքակրթություն ունեցող ազգը կարող է երկունք ապրել և ծնել այդ առաջնորդին: Բայց դրանցից այսօր էլ կան մեր մեջ, պարզապես մամուլի առաքյալները պետք է կարողանան առաջին պլան բերել այդ մարգարեին: Եվ հիշե°ք իմ պատմական խոսքերը, եթե Լենինին և Ստալինին գտնվեցին փոխարինողներ, ապա վիկինգներին կգտնվեն ու կգտնվեն: Գաղափարական սերնդափոխության ֆավորիտ Դավիթ Հակոբյանը ընդդիմադիր դաշտում իրեն սազական որևէ մեկին չի տեսնում, ուստի, երբեք էլ «Ռոբինհուդերի և հալեպցի Լևոնի ճամբարում քյանդրբազությամբ չի զբաղվի»: Բայց եթե Սերժ Սարգսյանը «Ազգային միաբանության» սինդրոմին առնչվող տակտիկական հարցերի քննարկմանը հրավիրի իրեն, այն ժամանակ նա «իր դաբրոն» կտա: Սակայն արդարամիտ և առաջամիտ թեկնածուի մասին Դավիթ Հակոբյանի թափանցիկ ակնարկը հարկադրում է տալ երկար սպասված հարցը: - Չափորոշիչները թվարկելիս նկատի ունեք Ձե՞զ: - Պոտենցիալ, տեսական մտքի պատրաստակամության առումով ես այդ դերը պատրաստ եմ ստանձնելու, բայց քաղաքական իրադարձություններն իրենք կթելադրեն մարտադաշտ դուրս գալու պայմաններն ու հնարավորությունները: Հ. Գ. Ահա մի պատասխան, որի ներքո, ամենայն հավանականությամբ, կստորագրեն ընդդիմադիր դաշտի բոլոր «ռոբինհուդերը»:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ