ԳՈՒԼՈՒԶԱԴԵԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՄԻԱՅՆ ԽՈՍՔՈՎ Է ՃԱՆԱՉՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


«Մենք սփոփում ենք մեզ մեր պետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ տարբեր երկրների հայտարարություններով եւ շարունակում անառարկայական բանակցություններ վարել»,- «Դեյ.ազ»-ին տված իր հարցազրույցում նշել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա կարծիքով, այդ բանակցություններում քննարկվում է հենց Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը եւ դրա համար էլ այդ բանակցությունների թեման այդպես ջանադրորեն թաքցվում է հասարակությունից: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հարցազրույցի առնչությամբ, որտեղ նա ասել էր, որ Լեռնային Ղարաբաղը ապագայում կարող է ձեռք բերել անկախություն, Գուլուզադեն նկատել է, որ Բրայզայի հայտարարություններում կարելի է սոսկ մի բան տեսնել, այն է` ԱՄՆ-ը մտադիր է այդ հարցը լուծել ի հաշիվ Ադրբեջանի: «Այսինքն ԱՄՆ-ի քաղաքականությունն այս հակամարտության մեջ այսպիսին է. իբր, մեզ չի հետաքրքրում, թե ում օգտին կլուծվի հակամարտությունը, միայն թե խաղաղություն լինի: Ստացվում է, որ ԱՄՆ-ը դիրքորոշում չունի այս հակամարտության մեջ, եւ նա չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն, թեպետեւ խոսքով Վաշինգտոնը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, իրականում դա այդպես չէ»,- ասել է նա: Վ. Գուլուզադեն կարծում է, որ տվյալ պահին Կոսովոն չի կարող նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի համար: «ԱՄՆ-ը խախտում է միջազգային իրավունքը, ինչպես իրեն ձեռք է տալիս: Եթե հիմա նրան ձեռնտու է Կոսովոյի անկախությունը, ապա նա ամեն գնով կհասնի դրան: Եթե ապագայում նրան ձեռնտու լինի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա վստահեցնում եմ ձեզ, նա կհասնի դրան առանց դես ու դեն ընկնելու եւ դա կանի Ադրբեջանի ղեկավարության ձեռքերով»,- հայտարարել է քաղաքագետը: Իր այս հարցազրույցում Գուլուզադեն վերահաստատում է իր կանխագուշակումը, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի մրցակցությունը կարող է հանգեցնել պատերազմի վերսկսմանը Լեռնային Ղարաբաղում: «Մոտակա ժամանակաշրջանում ես շատ վտանգավոր իրավիճակ եմ կանխատեսում մեր տարածաշրջանում: Դուք կարծում եք, թե Ռուսաստանը հաշտվե՞լ է Բաքու-Թբիլիսի -Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերի հետ: Նա ոչինչ չի մոռացել եւ հարմար պահի է սպասում, որպեսզի հարված հասցնի ԱՄՆ-ի շահերին այս տարածաշրջանում: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է Մոսկվային հենց նրա համար, որպեսզի անհրաժեշտ պահին դարձյալ օգտագործի այն իր շահերի օգտին: Եվ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումը, վերջին հաշվով, կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման»: Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանին հարկավոր է մի բան պարզել, որ նա Հայաստանի հետ չի կռվում, այլ պատերազմական վիճակի մեջ է գտնվում Ռուսաստանի հետ: «Եվ ուստի մեզ հարկ է պատրաստվել ցանկացած իրադրության այս տարածաշրջանում: Ես չեմ բացառում, որ եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, մենք կկորցնենք Գյանջան ու Եվլախը: Այդ քաղաքների գրավման օպերացիան վաղուց է նախապատրաստված ռուսական Գլխավոր շտաբի կողմից»,- ասել է նա: «Այնպես որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է օգտագործել ղարաբաղյան գործոնը: Եվ միաժամանակ կհայտարարի, որ ինքը կապ չունի, իբր ադրբեջանցիներն ու հայերն իրենք են կրկին սկսել կռվել: Իսկ իրականում նա գաղտնաբար բորբոքելու է այդ պատերազմի կրակը»,- ավելացրել է Գուլուզադեն: