Յուլիայի դաշինքը մնաց չգրանցված


ԵՐԵԿ ԿԻԵՎՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ ԷՐ ՅՈՒ. ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ՀԱՅՑՆ` ԸՆԴԴԵՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԸՀ-Ի Ուկրաինայում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: ԿԸՀ սկսել է մասնակիցների գրանցումը: Եվ արդեն պայթել է առաջին աղմկահարույց սկանդալը` կապված խորհրդարանական արտահերթ ընտրությունների գլխավոր սադրիչ Յուլիա Տիմոշենկոյի անվան հետ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է նրան` իր անվան դաշինքի գրանցում: Եվ տիկինն էլ անմիջապես կոչ է արել Արևմուտքին` պաշտպանել իր ոտնահարված իրավունքները: Փոքր-ինչ խորամուխ լինելու դեպքում ակնհայտ է դառնում, որ այս ամենի «մեղավորը» նախընտրական ցուցակների ձևակերպման թափթփվածությունն է: ԲՅուՏ-ի թեկնածուները արձանագրություններում լիարժեքորեն չեն նշել իրենց փոստային հասցեները: Իհարկե, կարելի էր շտկումներ կատարել, բայց Յուլիա Վլադիմիրովնային հիմա հարկավոր է նեղացածի կեցվածք ընդունել: Եվ ահա նա ԿՀԸ-ի այդ քայլը «քաղաքական պատվեր» որակելով, շուրջօրյա նստացույց է կազմակերպել ԿԸՀ-ի մոտ և որևէ փոխզիջման մտադրություն էլ չունի` միա°յն դատարան: Բնութագրական է, որ ԿԸՀ-ի մերժման մասին իմանալուց հետո Տիմոշենկոյի առաջին քայլը եղավ միանգամից Ուկրաինայի նախագահին և իր նարնջագույն համախոհներին դիմել: Ու երևի պատահական չէ, որ այս իրավիճակին քիչ թե շատ լուրջ վերաբերվել են… կոմունիստները: ԲՅուՏ-ի գրանցման մերժումը Ուկրաինայի կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն որակել է իբրև «ողբերգազավեշտ» և ենթադրություն առաջ քաշել, որ ԲՅուՏ-ականները միտումնավոր հեռահար նպատակադրվածությամբ են թերի լրացրել իրենց հասցեները, որպեսզի առիթն օգտագործեն` պահանջելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լուծարումը: Հանձինս իր առաջնորդի, կոմկուսը դա ծաղր է համարում Սահմանադրության հանդեպ և կոչ է անում բոլոր ազնիվ ուժերին` «փրկել ընտրությունները»: Ի դեպ, ուկրաինական ռադայի պատգամավորության առաջադրման վերջին ժամկետը օգոստոսի 20-ն է, իսկ նրանց գրանցումը կկատարվի սեպտեմբերի 2-ին: Վերջին շաբաթ օրվա դրությամբ ԿԸՀ-ն արդեն գրանցել է 4 կուսակցությունների: