Օդից փող «կպցնելու» բիզնեսը


Ժողովրդավարությունը, ազատականությունն առաջին հերթին օրինապահություն ու բարոյականություն են պահանջում: Առանց այս երկուսի` շուկայական հարաբերությունները, որոնցով առաջնորդվում ու ապրում է ողջ քաղաքակիրթ աշխարհը, կարող են շատ արագ վերածվել բազարաչարչիականի, ինչպես, ցավոք, հաճախ պատահում է մեզանում: Կիրակիս որոշեցի ընտանիքիս հետ անցկացնել Գառնիի կիրճում: Քարերի արանքում վշվշացող Ազատ գետը, ափի մարգագետինն ու ծառերի ստվերը դրախտ են մայրաքաղաքի փոշուց ու հեղձուկից փախածների համար: Կիրճի զովությունն ու լեռնային գետի երգն ըմբոշխնելու որոշումից մեզ հետ չպահեց վարորդի զգուշացումը. «Ճանապարհը լավը չի, համ էլ` հանգստյան օրերին այնտեղ մարդաշատ է լինում»: Գնում ենք: Գյուղից կիրճ իջնող ճանապարհը, ինչպես երևում է, վաղուց վերանորոգման կարիք ունի: Փոսերից խույս տալով, հասնում ենք շրջադարձին, ու… վարորդն արգելակում է մեքենան: Քոլիկանման կացարանից մեզ է մոտենում մի կերած-խմած տիպ ու պարզում ինչ-որ թղթի կտոր. «Վճարեք երկու հազար դրամ ու որտեղ ուզում եք` նստեք»: Կերած-խմածի տվածը կտրոն է, վրան գրված` «Չեկ N 6.200 դրամ, հանգստի գոտի»: Վրան նաև կնիք կա. «ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, անհատ ձեռներեց «Հրանտ Համբարձումյան»: Նշված է նաև պետական գրանցման համարն ու հարկային կոդը` 01Ա-048399 և 43013779: Ամեն ինչ տեղը տեղին է, օրինական: Վճարում ենք պահանջված երկու հազարն ու շարունակում ճանապարհը, որ գնալով ավելի դժվարանցանելի է դառնում, իսկ քիչ անց` կորչում մեծ-մեծ քարերի մեջ: Այժմ արդեն մեքենան հաշմանդամի պես մի կերպ է շարժվում: Աչքներս չորս արած, գետն անցնելու հարմար տեղ ենք փնտրում. այս ափին կիսավեր ճանապարհի փոշուց բացի ոչինչ չկա, գայթակղիչ մարգագետինն այն ափին է: Այնուամենայնիվ, մեկ-երկու տեղ ծառ ու աղբյուր կա, բայց այդ տարածքներն էլ փշալարերով արգելափակված են. սեփականացրել են Գառնիի «ավտարիտետները» և այնտեղ նստելու, ժամանակ անցկացնելու համար գին են սահմանել` հինգ հազար դրամ… Սկզբում զարմանում, հետո էլ ըմբոստանում ենք` բա այն երկու հազար դրամն ինչո՞ւ մուծեցինք… Բայց այս մի հարցի պատասխանը դեռ չստացած, մի ուրիշ անակնկալի ենք հանդիպում: Գետն անցնելու համար տեղ այդպես էլ չգտանք: Գետը տեղ-տեղ անսպասելիորեն խորանում է, հասնում գոտկատեղիդ. կանայք ու երեխաները չեն անցնի: Ու այստեղ «օգնության» են շտապում գյուղի մյուս «բիզնեսմենները»: Յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր բեռի համար հազար դրամ վճարիր, և «բիզեսմեն» տղերքը ձիով գետի մյուս ափ կհասցնեն… Մի քիչ էլ այս անգամ ես հիշում հանգստի գոտի մուտք գործելիս վճարած երկու հազարի մասին, հասկանում, որ վճարածիդ դիմաց ոչ մի ծառայություն չես ստանալու. վերջնականապես հիասթափվում ու հրաժարվում ես Ազատ գետի վշվշոցով զմայլվելու մտադրությունից: «Էստեղ էսպես ա, լավ տեղերը սեփականացրած ա, բոլորին էլ Ծառուկյանն ա տիրություն անում, չես կարա բան ասես»,- փորձում է մեզ սփոփել վարորդը: Չենք ուզում հասկանալ, թե ինչ ասել է` տիրություն անել: Մի բան ակներև է, ավելորդ անգամ համոզվեցինք, որ մենք` հայերս, կարող ենք ոչ միայն քարից հաց քամել, այլև գտել ենք նույնիսկ օդից փող կպցնել-շինելու ձևը: Հանգստյան օրերին առնվազն 60-70 մեքենա է մտնում Գառնիի կիրճ: Յուրաքանչյուրից 2000 դրամ գանձելով, մեզ արդեն ծանոթ ձեռներեց Հրանտ Համբարձումյանը մեկ կիրակիի ընթացքում ոչինչ չանելով 140 հազար դրամ է կպցնում: Շաբաթվա ընթացքում այդ թիվը համեստ հաշվարկներով կարող է կազմել 200 հազար դրամ, իսկ ամսվա կտրվածքով` 800 հազար դրամ: Նշվածից շատ ավելի համեստ գումարով, թերևս, կարելի էր գոնե ճոպաններով կամրջակ կառուցել մյուս ափն անցնելու համար: Բայց չէ, մեր ծանոթ ձեռներեցը գերադասում է առանց մեկ լումայի ներդրում անելու միանգամից եկամուտ ստանալ, որ այս դեպքում ճիշտ կլիներ անվանել` օդից փող կպցնել: Թող տպավորություն չստացվի, թե պարապ տեղը ուրիշի գրպանի պարունակությունն ենք հաշվում: Չէ, քաղաքակիրթ աշխարհում բիզնես անել` գործարարությամբ զբաղվել նշանակում է կոնկրետ գործ անել, որոշակի ծառայություն մատուցել մարդկանց և դրա դիմաց վարձատրվել, ոչ թե օդից փող կպցնել, ինչպես Գառնիի կիրճում է: Ի դեպ, Գառնիի կիրճում այցելուներին այդպես կողոպտելու (նկարագրվածն այլ կերպ չես անվանի) գործում «ավտարիտետ բիզնեսմեններին», անշուշտ, աջակցում է տեղական ինքնակառավարման մարմինը: Առանց գյուղապետի ու նրանից վերև կանգնածների գիտության ու թողտվության մեր վայ-բիզնեսմենները օդից փող չէին կարող կպցնել:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ