Իր ժամանակի հավատարիմ զավակը


Վեց տասնամյակ է անցել մինչ օրս անհայտ մնացած չարագործի նյութած, որպես «ստալինյան ռեպրեսիաներ» հրամցվող, մահախորշակ տարիներից: Շինծու մեղադրանքներով հանիրավի հալածվեցին «կարմիր ապագայի» հավատավորներից շատերը: Նաև` վաստակաշատ քաղաքական գործիչ Արամայիս Երզնկյանը: Ավելին` բարոյական կտտանքների ենթարկվեց նրա դպրոցահասակ Յուրի որդին` ուսումնառության յուրաքանչյուր օր «ժողովրդի թշնամու զավակ» պիտակով պախարակման թիրախ դառնալով համադասարանցիների համար` իրենց հայրենանվեր մանկավարժ համարող հոգեսպան խրտվիլակների անզիջում կամքով: Բնության հրաշքով չչարացավ ամենևին մարդասիրական ազնիվ մղումներով դաստիարակված պատանին: Քայլեց մանկության երազանքներին ընդառաջ` ինքնահատուկ կենսասիրությամբ հաղթահարելով դեպի կինոարվեստ տանող ճանապարհի անսպասելի խութերը: Եվ 1943-ից որպես բեմադրող ռեժիսոր հաստատվեց հայկական կինեմատոգրաֆիայում` Լ. Իսահակյանի, Լ. Վաղարշյանի և Գ. Մելիք-Ավագյանի հետ միասին դառնալով Մեծ հայրենականով ընդհատված հայկական կինոարտադրության վերասկզբնավորողներից մեկը` անվանի վարպետների սերնդաշեն աջակցությամբ նոր հունի մեջ դրեց գեղարվեստական ֆիլմերի թողարկումը: Զուգահեռ ավարտում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: Մինչպատերազմյան տարիներին ձևավորված և ազգային կինոյին լայն ճանաչում և հեղինակություն բերած ավանդույթները յուրացնելով ու ամրապնդելով` Յուրի Երզնկյանն այնուհետև ստեղծագործական ողջ ներուժը կենտրոնացնում է հայկական կինոյում ժամանակակից թեմայի բացը լրացնելու ուղղությամբ: «Հասցեատիրոջ որոնումները» (1955, Ա. Մարտիրոսյանի հետ), «Սիրտն է երգում» (1956, Գ. Մելիք-Ավագյանի հետ), «Հովազաձորի գերիները» (1957), «Առաջին սիրո երգը» (1958, Լ. Վաղարշյանի հետ), «Իմ ընկերոջ մասին» (1959) դրամատիկ և երաժշտական մելոդրամատիկ կինոժապավեններում ներդաշնակելով սյուժեների հետաքրքրաշարժությունը հերոսների ներաշխարհը, մտքերն ու զգացմունքները արժանահավատ ներկայացնելու արտահայտչամիջոցների հետ: Իրեն միանգամայն արդարացնում է բնատուր կենսասիրությունը. Աջափնյակ թաղամասի Արզումանյան փողոցով երթևեկելը շուտով ազատագրում է հիշողության ծալքերը պատմական անարդարության վաղեմի դառնաթախիծ տպավորություններից, երբ դպրոցի առջև տեղադրվում է հոր կիսանդրին… Դժբախտություն է, երբ արվեստագետը ծնվում է ժամանակից շուտ կամ ուշ: Յուրի Երզնկյանն իր ժամանակի ծնունդն էր` հավատարիմ իրեն ծնած ժամանակին: Նրա 40-ից ավելի լիամետրաժ, խաղարկային ֆիլմերի որակական տարբերությունները պայմանավորված էին հենց այդ ժամանակի գաղափարական թելադրանքով: Կինոգործիչների կողմից բարձր գնահատվող, «ձախողվող ֆիլմեր փրկող» բեմադրիչը կարող էր «Հայֆիլմ»-ի ոսկեդարի սկզբնավորողը լինել «Մեր թաղի ձայներ»-ով (ըստ Պ. Զեյթունցյանի), եթե նրա ստեղծագործական միտքը չկաղապարեին առաջադրված պահանջներով: Այդպես «Հայֆիլմ»-ը փրկած նրա «Դժվար անցում»-ը (1964) որակի հաշվին ազատվեց հակախորհրդային պրոպագանդայի մեղադրանքից` որպես գլխավոր արժանիք պահպանելով դեգրադացված մարդու` Կրյուչկովի դերակատարումը: Երզնկյանը ակտիվորեն մասնակցում է վավերագրական ու հեռուստատեսային ֆիլմերի ստեղծմանը: «Հայֆիլմ»-ում նկարահանված առաջին հեռուստաֆիլմը նրա «Հայկական որմնանկարներ» (1972, ըստ Է. Հովհաննիսյանի բալետների) ժապավենն է: Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, պետական մրցանակի դափնեկիր Յուրի Երզնկյանի էկրանավորած գրական ստեղծագործություններից «Խաթաբալա»-ն (1971, ըստ Գ. Սունդուկյանի), «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975, ըստ Ա. Բակունցի) և «Սգավոր ձյունը» (1978, ըստ Ա. Թրուայայի) մնայուն արժեքներ են, անցյալ դարի 70-ականներին հայկական կինոարտադրանքի ընդհանուր գեղարվեստական մակարդակի նշանակալից վերելքի կոնկրետ դրսևորումներ: Անկախ հասարակական-քաղաքական միահեծան հարաբերությունների ձևավորած կացութաձևի ինչ-ինչ իրարամերժ արտահայտություններից, երանելի ստեղծագործական եռուզեռ էր տիրում մշակութային դաշտում, նաև` կինոաշխարհում. յուրաքանչյուր շաբաթ 2 ֆիլմի շնորհանդես էր լինում: Որակական տարբերակումներն ամենևին չէին նսեմացնում ընդհանուր կինոարտադրանքի ապրեցնող կենսական հզոր պոտենցիալը: Թողարկվող ֆիլմերը էկրան էին բարձրացնում ընդօրինակման արժանի հերոսներ, դառնում էին ամենքի շուրթերից հնչող թևավոր խոսք, երգ… Որքան ամուսնալուծված ընտանիքներ վերականգնվեցին հենց միայն «Առաջին սիրո երգ»-ից հետո: Ե՞րբ կհստակվի ներկայիս պղտորված մշակութային ոլորտը: Շուտո՞վ դուրս կգա հայկական արդի կինոարտադրությունը ձգձգվող ճգնաժամից: Դժվարանում եմ լավատես լինել, քանի դեռ շուկան, եթերը հեղեղած տեսաֆիլմերից ցածրարվեստ գռեհկություն է հորդում, քանի դեռ մեր օրերը իմաստավորելու կոչված գրականության մեջ հուսահատեցնող մի համառությամբ այդպես էլ չի հայտնվում ընդօրինակման արժանի մարդկային վսեմ նկարագիր ու վարքագիծ ունեցող այսօրվա դրական հերոսը` «խելագարված ամբոխներին» Գեղեցիկի ու Վեհի ճամփաներով առաջնորդող մի նոր Դանկո…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ