«ՈՒՆԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ»


Արհեստածին արտահայտությունը միշտ էլ դժվար է եղել լիարժեքորեն ըմբռնել կամ, ինչպես ասում են, մինչև վերջ հասկանալ: Ներկա ժամանակներում, երբ ամեն ինչի պակասն ավելի քան տեսանելի ու զգալի և, եթե կուզեք, նաև շոշափելի է, իր հերթին նշված ձևակերպումը մի փոքր ավելի թափանցիկ տեսք է ստանում: Կռահենք` արտահայտությունն այս որքան էլ արհեստական լինի, այնուամենայնիվ, ինչ-որ «մնացորդային» հասկացություն է, և կարող է վերաբերել, ասենք, սպառման եզրին մոտ կամ նվազած պահանջարկով ապրանքի, ծառայության, օգտակար պաշարի… Սույն արտահայտության ժողովրդախոսակցական ձևակերպումն ավելի հասկանալի է և առավելապես հնչում է «տակը բան չի մնացել» հարցադրմամբ… Իհարկե, դժվար է ասել, թե նման հոռետեսական ձևակերպումը հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի՞ ծնունդ է, թե՞ ավելի վաղ էլ է շրջանառվել, բայց հատկապես նախորդ տարեվերջից վրա հասած դժվարություններն են դրա գործածությունն առավել տարածված դարձրել… Այդուհանդերձ և ըստ ամենայնի` տնտեսական դժվարությունների միջնամասում հայտնված մեր հանրապետությունում նույնպես «ինչ ունենք` ունենք» հռետորական հարցադրումը վերջերս ավելի հաճախ է հնչում` առավելապես հաջորդելիք թվային-տոկոսային ամփոփումներ ներկայացնելու և համարժեք եզրակացությունները հիմնավորելու պարզ նպատակադրմամբ: Միշտ ու առավել ևս հիմա կանխատեսումներ անելու մղումներն, ինչպես հայտնի է… չեն ողջունվել, քանի որ դրանք «վերջում», որպես կանոն, չեն իրականացել: Մեր օրերում, երբ ցանկացած իրավիճակ մեծամասամբ ավելի մոտ է անելանելիությանը, ինչ-որ խնդրի վերաբերյալ կանխատեսում անելը բնականաբար ավելի ու ավելի կնմանվի սարն ի վեր ժայռաբեկորներ գլորելու սիզիփոսյան անիմաստ զբաղմունքին: Այնպես որ, ո°չ քարեր գլորելու, ո°չ առավել ևս քարեր նետելու, այլ հենց քարերը հավաքելու իսկական ժամանակն է: Այս առումով զբոսաշրջության ծավալների, տեղայնացման ու իրական շահույթներ ստանալու գործադիրի ղեկավարի վերջերս հնչեցրած առաջարկությունները կարծեք թե առարկայանում են: Այն, ինչպես հիշում ենք, հանգստյան սեզոնի մեկնարկին էին ներկայացվել, և փաստորեն նշված բիզնեսում ընդգրկված գործարարների համար լրջորեն մտածելու հարմար առիթ են դարձել: Նրանց և Տիգրան Սարգսյանի` նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպման արդյունքում, եթե մանավանդ Արցախն էլ հայկական զբոսավայրերի ցանկում ներառվի, ուրեմն զբոսաշրջության և ժամանցի տեղայնացումը հետայսու բավական մեծ աշխարհագրություն է ունենալու: Այնպես որ, ճգնաժամը ոչ միայն դժվարությունների, այլ նաև վաղուց ծրագրված գաղափարները փոքր-ինչ ուշացումով իրագործելու հարմար առիթ է դառնում: Ու պարզ է, որ եթե ինչ-որ բան անելու ցանկությունը տվյալ պահին այնքան էլ մեծ չէ, ապա հարկադրյալ իրավիճակի և տվյալ դեպքում ճգնաժամային պայմաններում ցանկացած նման գործ կարելի է շատ ավելի օպերատիվ, կազմակերպված և հետևողականորեն իրագործել: Հակառակ տնտեսական անկման անմխիթար ցուցանիշներին ու ոչ այնքան լավատեսական կանխատեսումներին` այնուամենայնիվ քիչ չեն նաև ֆինանսատնտեսական ճգնաժամը զարգացման և դրական տեղաշարժերի առումով շրջադարձային համարող պնդումները նույնպես: Թեպետ դրանք գերազանցապես հաջորդ տարվան են վերաբերում, բայցևայնպես պարզ է, որ համեմատաբար գոհացուցիչ արդյունքների հասնելու ծրագրերն ավելի վաղ պետք է գործի դրված լինեին: Սակայն եթե տարվա այս շրջանում առավել կարևորվում է ներքին տուրիզմի զարգացումը և, ինչպես օրերս հայտնի դարձավ, հայկական մրգերի արտահանման խթանումը, հետևաբար գոնե ճգնաժամային պայմաններում և գոնե տարվա այս հատվածի համար առայժմ նշված անելիքներն է հնարավոր եղել կարևորելուց բացի կենսագործել: Թեպետ նման իրավիճակում ավելի հասկանալի է դառնում, թե ի՞նչ ունենք, ի՞նչ կարող ենք ունենալ, ու հատկապես ի՞նչն է պակասել: Բայց սա էլ հենց առիթ պետք է դառնա` դիցուք` նույն ներքին զբոսաշրջության զարգացման նպատակադրմամբ մեր միջոցները մեր մի գրպանից մյուսը տեղափոխել: Այսինքն` մեր` առանց այն էլ համեստ միջոցները տեղում ծախսել…