ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ. կարծրացող մենաշնորհ


Առաջին հայացքից հայկական շուկան ինչ-որ ընդգծված առանձնահատկություններ չունի. նույն իրարանցումն է (ինչն աշխարհի ցանկացած մարդաշատ վաճառակետի գլխավոր խորհրդանիշերից է), աղմկոտ սակարկումը, փնթի սպասարկումը, ուր, ինչպես միշտ, գնորդը մտածում է, թե թանկ է վճարում, վաճառողն էլ` հակառակը: Թե հայոց այգիներն ինչ բերք են տալիս, դժվար չէ նկատել հենց առաջին պատահած շուկայասեղանին մոտենալիս: Հայկական շուկայի ցանկացած վաճառակետ ավելի քան տարողունակ է: Առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ վերավաճառքն այստեղ արհեստավարժության գագաթնակետին է հասցված… Մեզ այդքան սիրով ժպտում ու մեր գրպանը թեթևացնելու առաջարկ է անում ոչ թե այգեպան-մշակը, այլ ստաժավոր ու բազմափորձ սպեկուլյանտը… Եվ իրոք, հայկական շուկայում գիշեր ու զօր փոշու և ճանճերի անբաժան ուղեկցությամբ դատարկվող արկղերի ու ոչ այնքան առատաձեռն դարձած գնորդների հետ կռիվ են տալիս քրտնա«բույր» մարդիկ, ովքեր գեթ մի քանի մետր հողատարածք, մեկ թթենի ու երկու կեռասենի անգամ չունեն: Չեն էլ ուզենա ունենալ, որովհետև ուրիշի ստեղծած բարիքով ավելի հեշտորեն են «վաստակում»: Սրանց կարգավիճակը հար և նման է, ասենք, մթերային խանութի վաճառողի` միայն ուրիշի ապրանքը վաճառելու միջնորդական առաքելությանը: Հետևաբար, տեղական շուկայի վերավաճառողը երբեք ինքնուրույն չի կարող լինել. սա աշխատանք է, որի դիմաց նա օրական մի քանի հազար դրամ է ձեռք գցում, իր խոսքերով` տեղի փող մուծում, օրվա շրջանառության հաշվին չորացող ու քաշ գցող, փչացող ապրանքի «հախը» վճարում և այլն: Ավելի քան սովորական այս աշխատանքային կենցաղում «տեղի փող» կոչվածին մշտապես կարևոր նշանակություն է տրվում: Եվ ահա թե ինչու… Այն ամենևին էլ 500 կամ 1000 դրամ չէ, քանի որ այսքան կարելի է միայն «պաշտոնապես» վճարել: Այլապես որևէ մեկը թույլ չի տա խորհրդային գործարաններում մասնագետի համբավ վայելած և ներկայում գործազուրկ դարձած մեր հայրենակցին կանգնել շուկայում, օրը մի երեսուն հազար դրամի առևտուր անել ու դրա ուղիղ կեսը գրպանը դնել: Ըստ ամենայնի շուկաներն իրական կամ ստվերային տերեր ունեն, ովքեր էլ տնօրինում են վերևում հիշատակված գրպանը մտնելիք գումարների առյուծի բաժինը: Ապրանքատերը` գյուղացին, իր արտադրանքը լավագույն դեպքում, ինչպես ասում են, «շան մսի»` գնով և վաճառքի գնից մի քանի անգամ ցածր գումարի դիմաց ստիպված է իրեն «հյուր» եկած սպեկուլյանտին հանձնել: Վերջին շրջանում, սակայն, առավել ճարպիկները երևանյան շենքերի բակերում կամ անցումների չերևացող մասերում փորձում են իրացնել սեփական արտադրանքը: Շունչները պահած, վախվորած ու լարված թաղային կոչվածից, թաղի «լավ» տղաներից կամ պարզապես շարքային չկամներից խուսափելով` նրանք շուկայի գնին զիջող արժեքով մի կերպ իրացնում են եղած-չեղածը ու փութով հեռանում… Թե բերքի իրական տիրոջն ինչու է արգելվում սեփական արտադրանքն իրացնել` դժվար չէ կռահել: Նույն հայկական շուկայի մոնոպոլիան հավանաբար իր առայժմ ամենակարող թաթը նաև դեպի բակեր է տարածել` ահավոր վախենալով, թե իր «սեփականաշնորհած» շուկայի շրջանառությունը հանկարծ ու կարող է նվազել: Գյուղմթերային շուկաների չգրված նաև այս «օրենքը» չէ՞ պատճառը, որ գյուղատնտեսության զարգացման, լուրջ ծավալներով գյուղմթերքներ արտադրելու, վերամշակող գործարանները բազմապատկվող շրջանառությամբ աշխատեցնելու, ինչպես նաև արտահանման խորհրդանշական ծավալներն ընդլայնելու մասին մտածելն առայժմ անիմաստ է մնում: Որքան էլ գյուղատնտեսության ֆինանսավորման ու վարկավորման, ոլորտի զարգացմանը խթանող այլևայլ ծրագրեր առաջադրվեն, միևնույն է, ամենից առաջ հայկական շուկայի մոնոպոլիան պետք է վերանա: Մի բան, որն առայժմ չի հաջողվել, բայց միաժամանակ նաև կասկածելի է, թե ամենաբարձր մակարդակներով նման ցանկություն երբևէ հնչե՞լ է, թե՞ ոչ: Ամեն ինչ, թերևս, այս կետից է պետք սկսել: