Օբամային վիրավորել են` նրան «նեգրիկ» անվանելով


Միացյալ Նահանգները Հոնդուրասին զրկել է ֆինանսական աջակցությունից, ինչն էլ հարուցել է զրկյալների ցասումը: Երկրի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Էնրիկե Օռթեսը Բարաք Օբամայի հասցեին թունդ վիրավորանքներ է հնչեցրել` տեղական հեռուստաալիքով հայտարարելով. - Այդ նեգրիկը չգիտի, թե որտեղ է գտնվում Թեգուսիգալպան (Հոնդուրասի մայրաքաղաքը-խմբ.): Օռթեսի բուռն զգացմունքայնության պատճառը Սպիտակ տան արձագանքն է` ռազմական հեղաշրջմանը. ԱՄՆ-ը հայտարարել է, որ նախագահ է ճանաչում տապալված Մանուէլ Սելայուին և ուրիշ ոչ մեկի: Մինչդեռ տեղական զինվորականներն ուժով երկրից վռնդել են Սելայուին: Հիմա արդեն Հոնդուրասը կզրկվի նաև տարեկան 18,4 մլն դոլարի օգնությունից, չնայած լրացուցիչ գումարների մերժման պատճառն այլ կերպ է ներկայացվել` որ ամերիկյան օրենսդրությունը թույլ չի տալիս աջակցել այն երկրներին, որտեղ վռնդում են օրինաբար ընտրված իշխանավորներին: Փաստորեն ամենամյա լրավճարի մերժման մասին խոսք չի եղել, սակայն Օռթեսի ելույթը մղել է դրան: Զգալով իր սխալը, Օռթեսը փորձել է արդարանալ` պնդելով, թե ինքը չի ցանկացել վիրավորել ԱՄՆ նախագահին: Նա նույնիսկ հրավիրել է լրագրողներին և նրանց համար կարդացել է Օբամային ուղղված իր ներողություններով նամակը: