ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ՃԱՇԱԿ:


Խորագրի հյուրն է Արմեն ԷԼԲԱԿՅԱՆԸ: Ռեժիսորը մեծակտավ ստեղծագործություն է բեմադրում` Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», որն, անշուշտ, դժվարին ու ծավալուն աշխատանք է ենթադրում: - Նախ, շնորհավորենք բոլորիս` թատերական մեծածավալ այս կտավի բեմականացումը ձեռնարկելու համար: - Այո°, մեծ գործ է: Մենք մեր ստեղծագործական խմբի հետ միասին ձգտում ենք նկարագրել ոչ միայն «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում նկարագրված անցքերը, այլ նաև փորձում ենք այդ հերոսամարտն այսօրվա հայացքով դիտել, քանի որ այսօր էլ աշխարհում կատարվում է նույնը: Մենք պետք է հետադարձ հայացք նետելով առաջ շարժվենք. էլ չեմ ասում, որ պարտք ունենք Ֆ. Վերֆելի հանդեպ: Պիտի նորից խորհենք այն մասին, որ երբ ժողովուրդը միավորվում է, ապա շատ մեծ հերոսական գործեր կարող է անել: Եթե Մուսա լեռն ընդամենը մի դրվագ է մեր ազգային պաշտպանությունից, ապա մենք արդեն ունենք հաղթանակի ապացույցը: Եվ պետք է այս պատմությանը նայենք հաղթանակած ժողովրդի աչքերով: - Դուք տարիներ առաջ ղեկավարել եք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, խամաճիկների, «Էդգար Էլբակյան» թատրոնները. նաև վերջինիս հիմնադիրն եք: Ձեր փորձը թույլ կտա կտրուկ հարցադրում կատարել. Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին պե՞տք է գեղղեկավար, թե՞ ոչ: - Իհարկե պե°տք է: Գեղարվեստական ղեկավարն է իրականացնում խաղացանկային քաղաքականությունը և թատերախումբը մի գեղարվեստական մտածողության մեջ համախմբում: Նա է, որ մտածում է յուրաքանչյուր արտիստի ստեղծագործական աճի մասին: Իսկ ինձ համար գեղղեկավար հասկացողությունը ոչ միայն տաղանդավոր ռեժիսորն է, այլ նաև ռեժիսոր-մանկավարժը: Սունդուկյանի թատրոնը «գիտափորձեր» անելու տեղ չէ, սա ակադեմիական թատրոն է, որը պետք է ունենա իր զարգացման հստակ ուղին, որով էլ ընթանում էր մեր մայր թատրոնը: Սիրողական «գիտափորձեր» անելու համար կան ուրիշ տեղեր, կան նաև Մշակույթի նախարարության կողմից ստեղծված ազատ բեմահարթակներ: - Բայց այս կարգավիճակը տարբեր ռեժիսորների, ինչպես նաև Ձեզ, հնարավորություն է տալիս բեմադրություններ կատարել… - Գեղղեկավար ունենալու դեպքում էլ կարող ենք բեմադրություններ անել, ու արվել են: Ես այն կարծիքին եմ, որ ազգային թատրոնը մի ռեժիսոր-ղեկավարի բան չէ, նրան պետք է օգնեն, էստեղ խնդիրն այն է, որ միայն գեղղեկավարը կարող է ճիշտ ուղղորդել այն վեկտորը, որը մենք ուզում ենք: Իհարկե, թատերախումբը պետք է աշխատի տարբեր ռեժիսորների հետ, բայց նախ և առաջ պետք է որոշվի թատրոնի խաղացանկը, քաղաքացիական դիրքորոշումը, գեղագիտական չափանիշը և գեղարվեստական բուրմունքը, համը: Իսկ թատրոնը լավագույն մաղն է ու անհաջող բեմադրությունները անպայման կմաղի: - Իսկ ինչպիսի՞ն եք պատկերացնում ազգային թատրոնը: - Ազգային թատրոն` չի նշանակում, ասենք, անպայման Եղեռնի հարցը արծարծել, կամ մեր ազգի հերոսության մասին պատմել: Ազգային թատրոն` նշանակում է, թե ինչ բարոյական արժեքներով ու գեղարվեստական ճաշակով պետք է քարոզել արվեստը: Քարոզել բառից չեմ խուսափում. մանավանդ երիտասարդներին դա պետք է: Մենք թատրոնին չպետք է վերաբերվենք սոսկ որպես մի վայր, ուր մարդիկ գալիս են «թամաշա» անելու: Այո°, թատրոնը խաղ է, սակայն այդ խաղին պետք է վերաբերվենք լուրջ` որպես մարդու տեսակը բարձրացնող, վեհացնող, ազնվացնող խաղ: - Շատ լավ: Երբ սպասում էի, որ զրուցենք, մի քիչ նայեցի փորձը, դերակատարների մասին ի՞նչ կասեք: - Բավական լավ խումբ է հավաքվել, և բոլորը` առանց բացառության, անգամ մեկ նախադասություն ասող դերասանները, շատ միահամուռ ու նվիրված աշխատում են: Հատկապես կուզենայի, որ նորովի ներկայանան շատ արտիստներ: Դիցուք` Հարություն Մովսիսյանը, որ խաղում է Բագրատյան` բոլորովին նոր դերասանական որակով կբացահայտվի: Ներկայացման մեջ զբաղված են Լորենց Առուշանյանը, Ազատ Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Ժենյա Ավետիսյանը, Աննա Էլբակյանը, Ալբերտ Սաֆարյանը և շատ երիտասարդ դերասաններ: Այն գեղարվեստական մտածողությունը, որով աշխատում ենք, կարծում եմ, դերասանների համար էլ անսպասելի է, որովհետև խաղարկային այլ մոտեցումներ են: Նույնիսկ չեմ կարող սահմանի մեջ դնել և ասել, որ դա Ստանիսլավսկու թատրոնն է, կամ Վախթանգովի և կամ Բրեխտի ոճը: Դա խաղի այն տեսակն է, որ պահանջում է գործը` «Մուսա լեռը»: - Շնորհակալություն: Դուք ընդմիջումը ամբողջովին տրամադրեցինք զրույցին: Հաջողություն ենք մաղթում և հուսով ենք` առաջիկայում առիթ կլինի զրուցելու «Մուսա լեռան քառասուն օրը» բեմադրության շուրջ: Թատրոնի շուրջ մեր մտավախությունը պահի ազդեցությամբ չէ, այլ սկսված խմորումների, որոնք կարող են ծնունդ տալ թատերական արվեստի մի նոր տեսակի, ասենք` ամերիկյան թատրոնի նման: Մի խոսքով` ամեն ինչ չէ, որ «ժողովրդավարություն» է պահանջում: Քանի որ ցանկացած կարծիք հարգելի է, մենք կշարունակենք զրուցել արվեստագետների հետ և նրանց տեսակետներն ի մի բերելով` կհասկանանք գեղ. ղեկավարի անհրաժեշտ լինել-չլինելու խնդիրը:

Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ