«ԾԻՐԱՆ»-ԱՓԱՅԼ ԵՐԵՎԱՆԸ «Ծիրան»-ային իրարանցման նախօրեին


«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային VI կինոփառատոնի հանդիսավոր պաշտոնամուտը կայացավ հուլիսի 12-ին, ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Ալան Թերզյանի թողարկած «Մերձավոր շրջապատ» ֆիլմով: Մինչ ութօրյա մարաթոնում կմրցակցեն 65 երկրների ներկայացրած 430 հայտերից ընտրված 110 խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերը, հետահայաց ծրագրով կցուցադրվեն 3 աշխարհամասերի մեծահամբավ կինոբեմադրիչների` լեհ Յեժի Սկոլիմովսկու, ճապոնացի Կոհեյ Օգուրիի և ամերիկացի Ռոբ Նիլսոնի ֆիլմերից` հյուրընկալված հեղինակների մասնակցությամբ: Հայ կինոգործիչներ Բագրատ Հովհաննիսյանի և Արման Մանարյանի 80-ամյա հոբելյանները կնշանավորվեն ամենքիս քաջածանոթ նրանց ժապավենների ցուցադրությամբ: Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի ծննդյան 85 և «Նռան գույնը» ֆիլմի 40 ամյակների` որպես փառատոնի եզրափակիչ ակորդ կկայանա ֆիլմի հայկական տարբերակի ցուցադրությունը ստեղծագործական խմբի մասնակցությամբ: Ոչ մրցութային ծրագրում նախատեսված են Սերգեյ Սոլովյովի «Աննա Կարենինա», «2 Ասսա 2» և Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Տետրո» ֆիլմերի երևանյան պրեմիերաները: Ավանդական դարձած արտամրցութային «Մեկ օր Եվրոպայում», «Արաբական գիշերներ» ֆիլմաշարերը համալրվել են «Վարպետներ» (Լուիս Բյունուելին, Միքելանջելո Անտոնիոնիին և Տոնինո Գուերային նվիրված), Նյու Յորքի Մարգարետ Միդ վավերագրական ֆիլմերի փառատոնի վերջին մցանակակիր կինոժապավեններով: Տարվա նորույթներից կլինի «Լեհական օրը»` ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան մեծ աջակցությամբ: «Արտադրված է Հայաստանում» տեղեկատվական նոր ծրագիրը կծանոթացնի Հայաստանի ազգային կինոկենտրոնի և վավերագրական ֆիլմերի «Հայք» ստուդիայի գործունեության պտուղներին: Երեք մրցութային ծրագրերի լավագույն աշխատանքները կորոշվեն միջազգային 5 նորացված հանձնախմբերի կողմից` միջազգային խաղարկային (նախագահ` Կոհեյ Օգուրի), միջազգային վավերագրական (նախագահ` Ալեքսանդր Ռոդնյանսկի), հայկական համայնապատկեր (նախագահ` Հայկ Բալյան)£ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՊՐԵՍԻ) և էկումենիկ (եկեղեցիների)` հասարակական հիմունքներով գործող հանձնախմբերի գնահատականը կտրվի երեքական կինո և հոգևոր գործիչների ընդհանուր եզրահանգմամբ£ Տարածաշրջանում համատեղ կինոարտադրության «Ծիրան»-ային համաժողովում կքննարկվեն 10 խաղարկային և 6 վավերագրական նախագծեր` ներկայացված Հայաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Վրաստանից և Էստոնիայից` Անջեյ Կրակովսկու, Արիելա Բեն Դովի, Յուրգեն Զայդլերի և Լյուդմիլա Ցվիկովայի վարած «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծերի զարգացման կազմակերպչական գործնական դասընթացներին զուգահեռ: Թեժ ամառ է սպասվում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ, ՀՀ-ում արտերկրի 5 դեսպանատների ու մշակույթի նախարարության մասնակի աջակցությամբ, «Ծիրան»¬ային նոր իրարանցում, որի բովանդակությանը ԶԼՄ¬ներին հնարավորինս սպառիչ իրազեկելու ջանադրությամբ «Ոսկե ծիրանի»¬ի կազմակերպիչները քանիցս նախնական մամլո ասուլիսներ են հրավիրել և անցկացրել ցուցադրություններ «Մոսկվա» կինոթատրոնի տեսասրահում հունիսի 8¬ից` Կարեն Հովհաննիսյանի (Ռուսաստան) «Ուրվական» խաղարկային հանցաֆիլմից մինչ հուլիսի 4-ը եզրափակելով Ադա Աշպիզի (Իսրայել) «Անապատի հարսնացուները» վավերագրական երկարաշունչ ժապավենով: Մրցութային երկու տասնյակից ավելի ֆիլմեր` հետահայաց ծրագրից Եժի Սկոլիմովսկու (Լեհաստան) «4 գիշեր Աննայի հետ» և Կոհեյ Օգուրիի «Մահվան խայթը» խաղարկային ժապավենների ներառմամբ£ Այնպես որ, հավատարմագրված ԶԼՄ¬ների համար «Ծիրան»¬ային մարաթոնը վաղուց է մեկնարկել£ Մնում է, որ իրենց մասնագիտական պարտքի գիտակցությամբ հընթացս բարեխղճորեն լուսաբանեն սիրելի դարձած ու որոշակի միջազգային ճանաչման արժանացած մեր «Ոսկե ծիրան»¬ը£ Վեցերորդի պաստառին պատկերված լարախաղացի խորհրդանշական իմաստին համահունչ, այսինքն` հավասարակշռված£ Առաջին կինոզրույցները «Ծիրան»-ասեր ամենահետաքրքրված լրատվամիջոցների ներկայացուցիչներիս համար փառատոնային կյանքը անմիջական հունի մեջ մտավ «Golden Tulip» հյուրանոցի մամլո սրահում անցկացված առավոտյան ասուլիսներով: Չնայած ընդհանուր անիրազեկությանը (կազմակերպիչները վճռել էին բացման ֆիլմի անակնկալությունը պահպանել) կինոարտադրող Ալեն Թերզյանի և կինոբեմադրիչ, դերասան ու սցենարիստ Լորան Տյուելի հետ մեր առաջին զրույցը աշխույժ ընթացք է ստանում: «Մեղավորը» հանրահռչակ մեր հայրենակցի հետ տասնամյակներով ձգձգվող հանդիպման նշանակալից փաստն էր: Իր «Ալտեր ֆիլմս» ընկերության թողարկած վերջին ֆիլմերից մեկին` «Մերձավոր շրջապատ»-ին հնարավորինս հանգամանալից անդրադառնալով` Ֆրանսիայի կինոարտադրողների գիլդիայի ղեկավար, «Սեզար» ակադեմիայի նախագահ մեր ազգակիցը, ում նախնիները Մեծ Եղեռնի արյունալի ճամփաներով 1923-ից Ֆրանսիայում են հաստատվել, վտարանդի հայի իր ճակատագրի ուշագրավ մանրամասներին նաև ծանոթացրեց: Ծնվելով 1949-ին Փարիզում` արմատներով իրեն Էրզրումցի համարող այս ֆրանսիացին տեքստիլային հաջողակ բիզնեսմեն հոր բուռն խառնվածքի բերումով ստիպված է եղել շուտով ապավինել միայն մոր խնամքին, ով 48 տարի ֆրանսերեն է դասավանդել Շևինյիի դպրոցում: Մոր ժրաջան դաստիարակությանն է պարտական օտար ափերում օրինավոր ու բարեկիրթ մարդ դառնալու, էրզրումցի տատին` հայ մնալու համար: Կինոաշխարհով հրապուրվելով «Ռասինգ» ակումբում գտած մտերիմներով` Ժան Պոլ Բելմոնդո, Լինո Վենտուրա, Կլոդ Լելյուշ, վոլեյբոլի ու թենիսի մոլի երկրպագու Ալեն Թերզյանն անցել է «երկկենցաղ» ապրելակերպի. տնտեսագիտություն դասավանդելով Սորբոնի համալսարանում` դարձել է «աստղերի» ու ռեժիսորների կամավոր օգնականը մինչ կինոարտադրող Ալեքսանդր Մնուշկինի հետ բախտորոշ ծանոթությունը: Իր գործնական խառնվածքով էլ 1973-ից հաջողեցրել է հիմնել սեփական ընկերությունը, որի թողարկած մոտ 50 ֆիլմերից ամենահայտնին «Եկվորներն» է` Ժան Ռենոյի մասնակցությամբ: Վերջինիս անզուգական ներկայությանն է վերագրում նաև «Մերձավոր շրջապատ»-ի միջազգային «Հաղթարշավը»: Նրա Միլոյին` ֆրանսիական հանցավոր կլաններից մեկի պաղարյուն պարագլխին «մկրտելով» Մալաքյան ազգանվամբ` հարգանքի տուրք է մատուցում իրեն նեցուկ եղած Անրի Վեռնոյին (Աշոտ Մալաքյան): Ֆիլմի ծագումով իտալացի բեմադրիչ Լորան Տյուելը, ձեռնարկելով նկարահանումներին, փորձել է ստանալ «ալքիմիական մի միացություն», որում առկա են հայ և իտալացի գաղթականների անցած տարաբովանդակ կենսուղիների բնութագրական տարրերը: Աշխարհում կոմերցիոն մեծ հաջողություն ունեցած, «Liberation»-ի կողմից դասական արժեքի գնահատական ստացած այս կինոժապավենի գեղարվեստական արժանիքների «դատը «հետաձգելով» մինչ տոնական երեկոյի ավարտը` ժամանակակից հայ կինոգործիչներ Արեգ Ազատյանի, Տիրան Կարապետյանի և «Տաքսի «Էլի լավ ա»» կինոնովելաշարի պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի հետ շարունակելով ներկա հայկական կինոարտադրանքի որակական պատկերի շուրջ մեր զրույցը` հախուռն բանավեճի տիրույթում ենք հայտնվում: Հաջորդ օրերի զրուցակիցները յուրովի հարստացնում են մեր կինոմտածողությունը` իրենց բազմափորձ անկեղծութ յամբ նոր մտորումների տեղիք տալով: Անջեյ Կրակովսկին ու Ռոբ Նիլսոնը (ԱՄՆ), Սերգեյ Սոլովյովն ու Տատյանա Դրուբիչը (ՌԴ): Ափսոս, որ այդ բացառիկ զրույցների հնարավորությունը մեզ ընձեռվում է հիմնականում նրանց ներկայացրած կոնկրետ աշխատանքներին իրազեկվելուց առաջ` առավելապես միակողմանի, ընդհանուր վերացական բնույթ կրելով: Մեղմ ասած` անհարմար իրավիճակից մեզ մասնակիորեն «փրկում» են նրանց կինոգործունեությանը քաջատեղյակ կազմակերպիչների միջամտությունները: Սեփական անմիջական տպավորություններով ճշգրտված ամփոփ կարծիքս «Ծիրան»-ային ֆիլմացանկի մասին թողնելով հաջորդ «Ավանգարդ»-ին` առաջին օրերի վստահութ յամբ հավաստում եմ` կինոցեյտնոտում առնվածները սիրով նոր կենդանի գույներ են որոնում տարբեր դահլիճներում առավոտից գիշեր ցուցադրվող ժապավեններում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ