ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ. բանաստեղծ, թարգմանիչ «Երգերիս մեջ սիրտն իմ երբեք չի ստել» - Ի՞նչն է կյանքում Ձեզ համար եղել ամենադժվարը: - Ճիշտն ասած, դժվարանում եմ որևէ մեկն առանձնացնել: Կյանքի տարբեր շրջաններում ստիպված ես լինում տարբեր դժվարություններ հաղթահարել ու, սովորաբար, տվյալ պահին թվում է` հենց դա է ամենակարևորը: Օրինակ` դպրոցական տարիներին ամենադժվարը մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվելը, վերջնական վճիռ կայացնելն էր, կարծես: Պարբերաբար միտքս փոխում էի, հերթական մի նոր ընտրություն կատարում , թեև ստեղծագործական հակումներս ակնհայտ էին, և գրականության իմ սիրելի ուսուցչուհի Ելենա Մաթևոսյանը գրեթե համոզված էր, որ բանասիրական ֆակուլտետ եմ ընդունվելու: Բայց, տուրք տալով մոդային (այն տարիներին ինժեների մասնագիտւթյունը շատ հարգի էր), մի քանի ընկերներիս հետ գործերս հանձնեցի գյուղատնտեսական ինստիտուտի մեխֆակ ու ընդունվեցի: Միայն ինձ է հայտնի, թե ինչ անասելի ճիգ ու ջանքով, ինչ դժվարությամբ ավարտեցի. գրականության հանդեպ սերն ու հետաքրքրությունը այստեղ իմ մեջ ավելի որոշակիորեն էին գլուխ բարձրացրել, ու ստեղծագործական իմ փորձերը ոչ մի կերպ բարձրագույն մաթեմատիկայի ու գծագրական երկրաչափության հետ չէին համատեղվում: Մի կերպ, ավելի շատ ծնողներիս չվշտացնելու համար, ավարտեցի, ստացա ինժեների «բաղձալի» դիպլոմը, բայց…ի վերջո հաղթեցին գրականությունն ու լրագրությունը: Ոչ պակաս դժվարությունների բախվեցի բանակում: Շինարարական զորամասում` «ստրոյբատում» էի ծառայում, այն էլ գրեթե աշխարհի ծայրին` Հեռավոր արևելքի Ուսսուրիյսկ քաղաքում: Շինջոկատի հրամանատար նշանակեցին (ինձնից շատ հեռու մի բան), ու պիտի և` հրամաններ տալ սովորեի, և` հրամաններին ենթարկվել, տրված առաջադրանքները կատարել…Լուրջ փորձություն էր, բայց կարծես թե գլուխ հանեցի: Դժվար էր ամուսնության վճիռ կայացնելը, էլ ավելի դժվար` հետո ամուսնական կյանքին, ընտանեկան պարտականություններին հարմարվելը…Այսպես շարունակ: Ըստ երևույթին, կյանքի իմաստը դժվարությունների հաղթահարման մեջ է նաև. ամեն արգելք հաղթահարելիս ինչ-որ տեղ նորովի ես ճանաչում ու հայտնաբերում քեզ, մի քիչ ավելի իմաստնանում, ուժեղանում, սկսում քեզ ավելի հավատալ ու վստահել: Քանի ապրում ես, պիտի պատրաստ լինես դժվարությունների, երբեմն` ամենաանսպասելի: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Ջահել օրերին երբեմն իրար նման հարց տալիս էինք: Լավ չեմ հիշում` այն ժամանակ ինչ եմ պատասխանել, բայց հիմա… համենայնդեպս չէի ուզենա սառն ու զուսպ, չափած-ձևված որևէ ազգի ներկայացուցիչ լինել (պատահում է, չէ՞, լինում ես որևէ երկրում ու քեզ թվում է` մարդիկ ոչ միայն քո հանդեպ, այլ իրար նկատմամբ էլ խորթ են ու օտար, պաղ ու անտարբեր): Թերևս, իտալացի, իսպանացի ուզենայի լինել: Բայց ասեմ, որ բոլորովին էլ դժգոհ չեմ, որ հայ եմ: Աղասի Այվազյանը մի լավ ասույթ ուներ. «Հայ լինելը դժվար է, բայց` շատ հետաքրքիր»: Այդպես է, որ կա: Հայերիս մասին ոչ պակաս դիպուկ մի անեկդոտ հիշեցի նաև. հայկական ռադիոյին հարցնում են. «Ինչպե՞ս կարելի է կայարանում խմբված տարբեր ազգության մարդկանց մեջ տարբերել հայերին»: «Չարժե գլուխ կոտրել,-լինում է պատասխանը.- մի երկու-երեք րոպե սպասեք, և իրենք անպայման կտարբերվեն»: Ի'սկը մեր մասին է: Միայն թե ես շատ կուզենայի, որ մենք, որ իսկապես ազգային ընդգծված դեմք ու դիմագիծ, յուրահատուկ նկարագիր ունենք, տարբերվենք լավ կողմերով հատկապես, մեր լավագույն հատկանիշները դրսևորենք միայն: «Իր ազգի իսկական բարեկամը պիտի ավելացնի իր ազգի բարեկամների թիվը»,- սա էլ Սիլվա Կապուտիկյանի խոսքն է, որ արժե հիշել միշտ և ամենուր: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասվածը, ինչն այժմ կուզենայիք բարձրաձայնել: - Ես, կարելի է ասել, իմ բոլոր գաղտնիքները, այս կամ այն կերպ բացել եմ բանաստեղծություններիս մեջ (երբեմն և հարցազրույցներում): Երևի պոետներն իրավունք չունեն ու չեն էլ կարող աշխարհից որևէ բան թաքցնել, չասված խոսքեր պահել իրենց մեջ: Նրանք իրենց կյանքը, իրենց հոգու պատմությունն են անվերջ բառ ու տողի վերածում: Զուր չէ, որ ժամանակին այսպիսի քառյակ եմ գրել. Ավելի շատ կորցրե՞լ եմ, թե՞ գտել, Ավելի շատ սիրո՞վ լցվել, թե՞ ատել, Իմ տողերով հեշտ կարող եք դուք ճշտել. Երգերիս մեջ սիրտն իմ երբեք չի ստել: Ինձ թվում է, հատկապես նրանք, ովքեր հասցրել են կարդալ իմ «Քառյակներ» նոր ժողովածուն (որն, ի դեպ, վերջերս Գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի արժանացավ), պիտի որ իմ գաղտնիքների զգալի մասին ծանոթ լինեն արդեն… - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Քանի գնում, ավելի ու ավելի համոզվում եմ, որ այս աշխարհում ամենաառեղծվածայինը մարդ արարածն է: Ես ինքս էլ որոշ առումներով դեռ հանելուկ եմ ինձ համար, ինձ հետ չպարզած հաշիվներ ունեմ, որքան էլ երբեմն թվա` ինձ անգիր գիտեմ: Ապշելու բան է` ինչպիսի¯ վեհանձն արարքների, անձնուրաց սխրանքների ու դրա կողքին ամենահետին ստորությունների ու դաժանությունների է ընդունակ մարդը: Անսպառ, անսահման իր հնարավորությունները որքա¯ն բազմազան, հակասական դրսևորումներ են ունենում` գրեթե նույն հաջողությամբ ծառայելով և° գեղեցիկին ու բարուն, և° չարին ու ապականությանը: Ու մտքի ու երևակայության ի¯նչ նոր թռիչքներ է ունենալու նա դեռ` ինքն էլ իր վրա զարմանալով: Արժե մեջբերել իմ քառյակներից ևս մեկը. Ի՞նչ ես ուզում, ու՞ր ես գնում, մա°րդ, այդպես, Կգտնե՞ս քո որոնածը վերջապես, Քանի¯ քանի գաղտնիքներ ես դու բացել, Բայց…ինքդ նույն առեղծվածը մնացել: Բայց, իհարկե, Աստված չանի, որ այդ առեղծվածը բացվի, թե չէ ավելորդ ու անիմաստ կդառնան գրականությունն ու արվեստը, և կյանքն, անշուշտ, շատ առումներով կկորցնի հետաքրքրությունն ու հմայքը: Միայն թե հազա¯ր երանի, որ մարդ կոչվածը լոկ հաճելի անակնկալներ մատուցի իրեն ու աշխարհին, շարունակի զարմացնել իր ոգու սլացումներով, աներևակայելի արարումներով միայն: - Ձեր սիրած անեկդոտը կամ` զվարճալի որևէ դեպք Ձեր կյանքից: - Իմ հայրենակիցների` քյավառցիների մասին շատ անեկդոտներ կան, իհարկե, և դրանց մեծ մասը ես տարիներ շարունակ գրի առել, հրատարակել եմ երեք գրքույկներով, կարծում եմ միանգամայն խորհրդանշական խորագրի ներքո` «Բոյիդ մեռնեմ»: Դրանցից մեկը, սակայն, առանձնապես սիրում եմ ու հաճախ պատմում: Ա°յն անեկդոտը, որտեղ հանդերձյալ աշխարհում քյավառցու վրա վերևից արաղ է կաթում, իսկ ինքը թեյի բաժակը ձեռքին մի կաթիլ իսկ բաց չի թողնում. համբերատար լցնում է, մեկ ինքը խմում, մեկ իրեն դուր եկած որևէ մեկին հյուրասիրում: Տեսնելով, որ ոչ մի կերպ նրա հյուրասիրությանը չի արժանանում, ժլատ մի մարդ, որ ողջ կյանքում միայն աննպատակ փող է կուտակել ու հետն այն աշխարհը տարել, մի երկու կապուկ դոլար է հանում «դիպլոմատից» ու մոտենում. -Այ ախպեր, մարդու էնպես հավեսի ես գցում: Էս փողը քեզ, էդ մի բաժակը տուր ես խմեմ: Չեմ էլ հիշում վերջին անգամ երբ եմ խմել… Քյավառցին, իհարկե, կտրուկ հրաժարվում է. -Չէ, հնգեր ջան, չնեղանաս, էտի ըսկի հլնելու բան չէ. գոնե ըստե արդարություն պտի հլնի՞: Թե քո աղայությունը մկա նոր չբռներ ու քո էդ փողերի գոնե կեսի կեսը, որ օրական տասը անգամ հաշվում ես, էն կյանքում մարդավարի ծախսեիր, քո գերեզմանին էլ օրական գոնե մե քանի հնգեր, ծանոթ-բարեկամ գքար, ու քո վրեն էլ արաղ կկաթար: Մկա հո¯ւշ ա արդեն: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Ուրախ խաղերով ու չարաճճիություններով, արկածներով լի մանկություն եմ ունեցել, հենց Քյավառում, ինչպես ասում են` ոչ ասֆալտի վրա, ու հիշելու այնքա¯ն բան կա: Բայց, տարիների հետ, բազում հիշողություններից զատվում, ինձ առավել հաճախ է այցելում թանկ ու նվիրական մի պատկեր. ես ու քույրս` Ժաննան (այն ժամանակ դեռ երկու երեխա էինք) հորս հետ նստած ենք հատակին, գորգի վրա, ու նա ներշնչված, իսկական արտիստի պես (իսկ նա ժամանակին իսկապես դերասան էր եղել Լ. Քալանթարի անվան թատրոնում) մեզ համար Թումանյան ու Չարենց է կարդում (երկուսի հանդեպ էլ առանձնահատուկ սեր ու հիացում ուներ): Այդպես հաճախ էր լինում, մանավանդ այն օրերին, երբ հայրս մի քիչ խմած էր տուն գալիս: Ճիշտ է, միշտ չէ, որ նրա կարդացածը լրիվ հասկանում ու ըմբռնում էինք, Թումանյանի հեքիաթներն էինք հատկապես ագահաբար ըմբոշխնում, բայց մի տեսակ կախարդական մթնոլորտ էր գոյանում մեր շուրջը այդ ամենից, անչափ հաճելի մի զգացումով էինք համակվում ու երանությամբ մանկական մեր վառ երևակայությանը տրվում: Այդ օրերը, թանկ ու կախարդիչ այդ պահերը միշտ կարոտով եմ հիշում ու, իհարկե, դրանց դերը հիմա միայն գիտակցում ու կարևորում: Զրուցեց Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ Հիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ` ինձ համար արեցիք»£ ՄԱՏԹ. 25-40