ԶՈՐԱՑՆԵՆՔ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԱՐՄԱՏԸ


Տկարացել է երկիրս, և իր զավակներից ապաքինում աղերսելուց հոգնած` «սպառնում» է անտերունչ թողնել նրանց: Տկարացել է` տարիներ շարունակ իր մարմնում բույն դրած վարակների դեմ չպայքարելու պատճառով: Իսկ վարակը երեսառած ասպատակի է նման. չոչնչացնես` կտարածվի, կբնավորվի ու ցեցի պես կբզկտի մարմինդ:

Չենք կանխել այդ ասպատակի մուտքը, և նա շարունակում է իր սև գործը` կոռուպցիա, հոգեսպանություն, հասարակության պառակտում, մամոնայի երկրպագություն` անտարբերություն կոչվող չարիքների առատ հունձ հավաքելով: Ցանկացած մեկը տեսնում է այդ ամենը և գիտե դրանց դեմ պայքարելու մեթոդը: Այո, մեթոդը և ոչ թե մեթոդները, որովհետև առաջին քայլը միշտ մեկն է լինում` վճռական կամք: Եվ այդ կամքը վերջապես արտահայտվեց` կոռուպցիայի մենաշնորհների դեմ պատնեշներ դնելու կառավարական որոշմամբ: Եվ կառավարության ղեկավարն ազդարարեց.

- Մենք կամք ունե´նք կոռուպցիայի դեմ:

Խոստման նման հնչեց`

- Մենք կկոտրենք իշխանությունների նկատմամբ հասարակության շրջանում արմատացած անվստահությունը, մենք կարո´ղ ենք հաղթահարել կոռուպցիան:

Հանրության ուզածն էլ հենց այդ է, բայց անվստահությունը տեղի չի տալիս: Իսկապե´ս և բնականաբար կախարդական այդ փայտիկը չկա` միանգամից ամեն ինչ շտկելու, բայց կան քայլեր, գոնե մեկը, որն առարկայորեն կասի` «Ժողովուրդ, մենք` այսուհետ, դու հաճախ ես արթնանալու նորոգվող երկրում»: Կախարդական փայտիկը չկա, սակայն «դառը դատողի» գլխին կախված է մնում, օրինակ, հարկային մահակը: Վարչարարության չարաշահումն արգելող օրենք էլ կա, բայց քանի՞ պաշտոնյա կարող է լիաբերան ասել, որ կիրառում է այն` հրաժարվելով ինքնամեծար կամայականությունից: Կամ, որպես մեկ այլ օրենքի պարզաբանում, նախարարն առաջարկում է (ներողություն` պահանջում է. նախարարը ո՞նց կարող է պարզապես առաջարկել) այնպիսի տեղեկանք ներկայացնել մեկ այլ ատյանից, որը պարզապես իրավասու չէ նման փաստաթուղթ տրամադրել: Նույն գազի և էլեկտրաէներգիայի սակագների չարչրկված թեման. այդ ի՞նչ ծախսեր են կատարվում նշյալ համակարգերում, որ բնակչին մաշկելով պիտի փակեն այդ ծախսերը: Ո՞վ չգիտե, որ շռայլում են հենց ներսի չինովնիկները, անհաշիվ լույս ու գազ են մսխում անհոգի «հզորները», բայց իր տանը մրսած անվճարունակն է վճարում նրանց փոխարեն:

- Ես պատկերացնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կամք, լծակ, օրենք և ինֆորմացիա, թե ինչ է կատարվում քո երկրում:

Դարձյալ` Վարչապետի խոսքերն են: Այդ բոլորն ունի իշխանությունը. ամենակարևորը, թերևս երկրում կատարվողի մասին տեղեկացված լինելն է: Իսկ տեղեկացնող ներն արդյո՞ք տեղեկացված են «ներքևների» դարդ ու ցավից: Թույլ տվեք կասկածել: Նրանց մեծ մասը համակված է «շեֆին» խեղճուկրակներից անհասանելի պահելու մոլուցքով: Մինչդեռ «հանապազօրյա հացի խնդիր» մարտահրավերին դիմակայող ցանկացած քաղաքացի կպատմի, թե ինչ է կատարվում երկրում: Ի դեպ` նրանք նաև ներողամիտ են` հույսի բարալիկ մի շող, իրենց հանդեպ հոգատարության փոքրիկ մի նշույլ նշմարելիս: Այնպես որ, բարեփոխումները, երևի, պիտի սկսել «ներքևինների» ձայնին ականջալուր լինելով: Նրանք են այն մեծ ծառի արմատը, որ Հայաստան պետություն է կոչվում: Նրանք սիրում են իրենց երկիրը. վկան` Ապրիլյան քառօրյան: Հոգով ու մարմնով զորացնենք այդ արմատը, և կառողջանա ծառի ամեն ճյուղը: