Խոցոտված խորհրդապատկերի

հոբելյանական ապաքինումը


«...Զննելով առյուծի արտաքինը` նկատեցի նրա անառողջության բացահայտ նշանները. ճաղատացած, այսինքն արդեն ծեր, երախն ամուր փակած, այսինքն ոչ մարտունակ, տարօրինակ, կենդանիների արքային ոչ բնորոշ ականջներով... Ոչ միայն մեզ պահպանել չի կարող, այլև, այս վիճակում, շուտով կսատկի, որովհետև զուրկ է կենսունակության նշաններից: Հերալդիկայի օրենքներով պարտադիր է, որ առյուծի երախը բաց լինի, երևան սուր ժանիքները, լեզուն, բաշը թավ լինի...»

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առավել խորացավ տագնապը` մեր Զինանշանի աղավաղման փաստից: Մեր քաջարի զինվորները մահու և կենաց պայքարում հայրենասիրության անօրինակ դասեր են տալիս արյունռուշտ ազերիներին, մինչդեռ ներքին թշնամին միտումնավոր պղծում է պետական զինանշանն ու անպատի՞ժ մնում: Եվ, «Ավանգարդի» ընթերցողին սթափության ահազանգը փոխանցելու միտումով` այս հույժ հրատապ հիմնախնդրի մասին զրուցեցինք ՀՆՄ նախագահ Կարեն ԱՂԱՄՅԱՆԻ հետ, ով լավատեղյակ է ՀՀ զինանշանի ստեղծման պատմությանը և ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարականով ամենայն պատասխանատվությամբ զբաղվում է հայոց ներկա պետականության գլխավոր խորհրդապատկերի արժանապատվության բարեփոխմամբ:

- ՀՀ զինանշանի հանցավոր, փաստորեն քառորդ դար անպատիժ մնացող կամայական խեղումների Ձեր պարզաբանումները հարկավոր լրջությամբ ընդունվեցին վերին ատյաններում: Ժամանակ առ ժամանակ հանրային ընդվզմամբ զինանշանի պատկերում արված ինչ-ինչ շտկումներ Ձեզ չեն գոհացրել: Ինքնակամ տարվել եք պատմագիտության օժանդակ մասնաճյուղի` հերալդիկայի (գերբագիտություն կամ զինանշանագիտություն) ուսումնասիրությամբ: Հիմա, երբ հազարավոր էսքիզների սրբագրությամբ եք մտազբաղ, ներկայացրեք, խնդրեմ, հիմնախնդրի էությունը:

- Հայաստանի զինանշանի ստեղծման օրերից տեղյակ էի, թե ինչ է կատարվում. հանձնախմբի անդամ էի: Նախ, հայտարարվեց մրցույթ, որի 2 փուլերն էլ դրական արդյունք չտվեցին, քանի որ հանձնախմբի կարծիքները կիսվեցին, ընդհանուր հայտարարի հանգել հնարավոր չեղավ: Այս մասին շատ չեմ ուզում ծավալվել: Ասեմ միայն, որ մրցույթը հայտարարվել էր ոչ գիտակ մարդկանց կողմից: Ուղղակի հայտարարվել էր` առանց որևէ դիրքորոշման, հայեցակարգի: Հերալդիկայի («հերոլդ» նշանակում է ազդարարել ) օրենքներով, գերբը կամ զինանշանն այն պատկերն է, որը բովանդակում է տվյալ պետության պատմական էության բնութագրական խորհրդանշանները: Սկզբում պետք է մանրակրկիտ նկարագրել, թե ինչ պետք է արտահայտի այն, ապա միայն առաջարկել որևէ նկարչի, դիզայների կամ ճարտարապետի իրականացնել:

- Այսինքն, հստակ իմաստավորված չէր, ինչպես և պետական Օրհներգի պարագայում: Մինչ օրս հրատապ է մնում վերաստեղծումը, չի հանդարտվում «թշվառ, անտեր» ենթատեքստի բացասական ներուժի հանդեպ հանրային ընդդիմությունը:

- Օրհներգը հնի կրկնությունն էր, պարզապես բառերն էին փոխել: Իհարկե լավը չի: Զինանշանը փորձեցին զրոյից ստեղծել` առանց որևէ նախատիպ նկատի առնելու: Առաջին փուլում 150 առաջարկ կար, 2-րդում` 200: 3 հիմնական տարբերակ կար. Առաջին հանրապետության, 1918-ի ու Խորհրդային Հայաստանի զինանշանների վերամշակումներ և միանգամայն նոր տարբերակներ, որոնք չունեին հստակ հայեցակետ: Ըստ այդմ էլ` հանձնախմբի կարծիքները բաժանվեցին 3 մասի: Ես ոչ մեկին կողմ չէի: Քանի որ չէր կարելի առանց Զինանշանի նորանկախ պետություն ներկայացնել, ի վերջո հաշվի առնվեցին այն ժամանակվա ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և հանձնախմբի նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքները: Ազգային ժողովն ընտրեց ներկա տարբերակը: Եղածներից իսկապես լավագույնն էր նկարիչներ Ռուբեն Ղևոնդյանի և Սեյրան Խաթլամաջյանի հեղինակածը, որը վարպետորեն արված լինելով, այնուամենայնիվ, զուրկ էր որևէ հայեցակետից: Ըստ երևույթին` այնքան էլ լավատեղյակ չէին հերալդիկայի օրենքներին: Հետո Ազգային Ժողովում սկսեցին խորհուրդներ տալ, իրենց կարծիքներն ամրագրել, և եղածն ավելի վատացավ: Բացի նրանից, որ մեր զինանշանն իրենում բազմաթիվ վրիպումներ է պարունակում և թույլ ուժ ունի, հայտնվեցին ու լայն կիրառություն գտան տարբերակներ, որոնցում հատուկ պղծված նշաններ ի հայտ եկան: Ամենամտահոգիչն այն է, որ դրանք դաջված են պետական ատյանների բլանկների ու կնիքների վրա: Պաշտոնապես ընդունված տեսքով, փաստորեն, մնաց միայն մեկը:

- Այսինքն ի սկզբանե հուսալիորեն պաշտպանված չէ՞ր մեր պետական միակ գլխավոր խորհրդանշանը: Ով ինչպես կամենար անպատիժ փոփոխու՞մ էր, հաճախ աննկա՞տ էին մնում ամենաարտառոց խեղումներն անգամ: Ե՞րբ Ձեզ համար պարզվեց ամենաթողության սարսափելի համապատկերը:

- Հատուկ թույլտվություն պետք չէ ունենալ` երկրի Զինանշանն օգտագործելու համար: Կարող ես նույնիսկ տանդ պատին կախել, եթե ուզում ես: Բայց փոփոխել, առավել ևս` պղծել, անթույլատրելի է: 6-7 տարի առաջ նկատեցի ասես միտումնավոր արված ձևախեղումները, երբ մտածում էի զինանշանը կոմպոզիցիոն իմաստով կատարելագործելու շուրջ: Խորամուխ լինելով հերալդիկայի օրենքների մեջ` համոզվեցի, թե որքան այլափոխված են նույնիսկ մեր պատմական խորհրդապատկերները` «վահանակիրներ» արծիվն ու առյուծը: Նայելով աջ և ձախ` նրանք աչալուրջ պահպանում են մեր երկիրը:

Զննելով առյուծի արտաքինը` նկատեցի նրա անառողջության բացահայտ նշանները. ճաղատացած, այսինքն արդեն ծեր, երախն ամուր փակած, այսինքն ոչ մարտունակ, տարօրինակ, կենդանիների արքային ոչ բնորոշ ականջներով... Ոչ միայն մեզ պահպանել չի կարող, այլև, այս վիճակում, շուտով կսատկի, որովհետև զուրկ է կենսունակության նշաններից: Հերալդիկայի օրենքներով, պարտադիր է, որ առյուծի երախը բաց լինի, երևան սուր ժանիքները, լեզուն, բաշը թավ լինի: Զննենք մեր զինանշանի ստորին հատվածը: Ազգային Ժողովի կողմից ընդունված և ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված օրենքում այսպես է նկարագրված. «Հայաստանի Հանրապետության զինանշանը ներքևում ունի ժապավեն, թուր, ցորենի հասկեր, ճյուղ և շղթա»: Առաջինն ինձ զարմացրեց, որ թուրը ծայր չունի, թաքնված լինելով վահանի հետևում` հայտնի չէ, թե ինչպիսին է իրականում: Ժապավենի վրա որևէ կարգախոս, ուղերձ չկա, ավելորդ զարդ է այսպես: Սա նույնպես անթույլատրելի է: Պարզապես պետք չէր պատկերել, եթե ասելիք չունի: Աշխարհում կան երկրներ, մոտ 20 տոկոսը, որոնք ժապավեն չեն նկարում իրենց զինանշանի վրա, որովհետև չունեն կարգախոս: Պատկերված ճյուղն անհասկանալի պատկանելություն ունի: Մինչդեռ պետք է լինի դափնու, խաղողի կամ այլ ճյուղ, կոնկրետ ընկալելի իմաստ ունենա: Գանք զինանշանի հիմքին, որի պատկերները վահանի վրա են: Սահմանադրության մեջ գրված է, որ Արարատ լեռը սպիտակ է` նարնջագույն ֆոնի վրա: Սխալ արտապատկերումն ակնհայտ է: Անդրադառնանք արծվին: Կարծես թղթից կտրտված անհայտ թռչուն լինի: 1992-ին, երբ ընդունվեց Զինանշանը, արծիվն այսպիսին չէր, ակնհայտորեն պղծվել է ներկա պատկերը: Աջ կողմում պատկերված ճերմակ թռչունները ծիծաղելիորեն նման չեն երկգլխանի արծվի, ոչ էլ խաղաղության աղավնիների. ասես թղթե թիթեռնիկներ լինեն, խաղալիք: Սա էլ 92-ին չի եղել, դարձյալ պղծված է: Պարզաբանեմ նախնական նկարագիրը` Բագրատունյաց, Ռուբինյանց, Արտաշիսյանների և Արշակունիների ժամանակաշրջանների հայտնի խորհրդանիշները պիտի լինեին: Ի՞նչ ենք տեսնում իրականում: Անգլուխ կամ ուրվականային գլխածածկով, անթագ առյուծներ, իսկ և իսկ մուլտհերոսներ, զարդանախշով ստվերված արև... Արարատի վրա իջած Նոյան տապանն այստեղ ընդամենը ամպիկ է: Այսքան սրբապղծությո՞ւն... Քանի˜-քանի պատվոգրեր, շնորհակալագրեր են պաշտոնապես տարածված այսպիսի զինանշաններով... Եվ ցավալիորեն ոչ ոք չի նկատել: Հապա համացանցում ինչպիսի նսեմացուցիչ տարբերակներ են շրջանառվում. ով ինչպես կամենում` ձևախեղում է մեր զինանշանը, միտումնավո՞ր: Տեսեք, թուրը ոչ թե վահանի տակ է, այլ վրան ու... ջարդված: Սա արդեն բացահայտ թշնամություն է: Ես իրավասու չեմ փնտրել-գտնել-պատժել այս հանցագործին: Բայց չէ՞ որ հարկավոր է:

- Այդ երևույթը, ըստ իս, հրապարակային գնդակահարության արժանի պետական դավաճանություն է, հայրենադավություն:

- Ամեն դեպքում, անպայմանորեն պիտի պատժվի խստագույնս: 2012-ից հազարավոր էսքիզներ եմ արել, նորանոր բացահայտումներ արել և հիմա կրկին ուշի- ուշով զննում եմ մշակումներս, որպեսզի առաջարկածս նոր տարբերակն անհամեմատ պաշտպանված լինի հերալդիկայի օրենքներին հակասող նենգափոխումներից: Դժբախտաբար Հայաստանում չկա մասնագետ, ես էլ կարծես ինքնուս լինեմ: Մշակույթի նախարարության հանձնարարականով ձեռնամուխ լինելով «սրբագրումների»` ջանացել եմ այնպես անել կարևորագույն շտկումներս, որ չհակասեն ՀՀ Սահմանադրության նկարագրությանը և կարիք չլինի այն փոփոխելու: Օրենքի մեջ քանիցս են եղել փոփոխություններ, վերջինը` 2015-ի դեկտեմբերին էր: Չեմ ուզում մանրամասնել վերջնական տեսքի բերվող առաջարկս, քանի որ այն լիարժեքանալ կարող է միայն հմուտ մասնագետների մանրազնին դիտարկումներով:

Կարծում եմ, որ ՀՀ անկախության 25-ամյա տարեդարձը մենք կդիմավորենք Զինանշանի նոր տարբերակով, որն իրենում դրական լիցքեր կունենա:

Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ