Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից կազմակերպված ոչ պարենային ապրանքներ արտադրող, ներմուծող և իրացնող ընկերությունների ներկայացուցիչների իրազեկման հանդիպումը լայն արձագանքի արժանացավ հատկապես ներմուծմամբ և իրացմամբ զբաղվողների շրջանում: Շատերն այն ընկալեցին որպես իրենց բիզնես գործունեությանը խոչընդոտող իշխանական նոր մահակ, որը կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել տնտեսվարողների համար: Նրանց պնդմամբ, երրորդ երկրներից Հայաստան ներմուծողները ԵԱՏՄ անդամ այլ երկրների ներմուծողների համեմատ, առանց այն էլ անհավասար պայմաններում են գտնվում: Ուստի, նրանց կարծիքով, նախ հարկավոր է հավասար խաղի կանոններ սահմանել բոլորի համար, որից հետո նոր անդրադառնալ ոչ պարենային ապրանքների շուկայում կարգ ու կանոն հաստատելուն... Տնտեսվարողների կողմից բարձրացված հարցերի պատասխանները ստանալու համար զրուցեցինք Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն ԽԱԼԻԿՅԱՆԻ հետ:

- Տնտեսվարողները չեն համակերպվում այն իրողությանը, որ մի քանի ամսից Ձեր կողմից ղեկավարվող մարմինը սկսելու է ստուգումներ իրականացնել ոչ պարենային ապրանքների շուկայում, քանի որ այն լրացուցիչ բեռ կդառնա տնտեսվարողների համար:

- Նախ նշեմ, որ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ապրանք ներկրելը ներմուծում չի համարվում:

Եվ եթե ապրանքը ներմուծվում է այդ տարածքից, ապա կա ընդհանուր ռեեստրում գրանցված մարմինների ցանկ, որոնց կողմից տրված սերտիֆիկատը մեզ համար հիմք է: Սակայն, մեր գլխավոր նպատակը ոչ թե այդ սերտիֆիկատները ստուգելն է, այլ այն, որ մեր շուկայում վտանգավոր ապրանք չլինի: Սա այն ոլորտն է, որը կարող է կյանքի համար վտանգավոր լինել, և տնտեսվարող սուբյեկտն ինքը պետք է նման ապրանք չներմուծի:

- Չե՞ք կարծում, արդյոք, որ դա իսկապես կարող է լրացուցիչ ֆինանսական լարվածություն առաջացնել տնտեսվարողների մոտ, ինչն էլ հենց կարող է դառնալ բողոքի նոր ալիքի առաջացման պատճառ:

- Ինչ վերաբերում է բողոքողներին, ապա ասեմ, որ առևտրով զբաղվող կազմակերպությունները հիմնականում հանդիսանում են վերավաճառողներ և նրանց խնդիրը ոչ թե իրենց կողմից վաճառվող ապրանքը սերտիֆիկացնելն է, այլ` խոշոր ներմուծողից այդ փաստաթղթի պատճենն ունենալը: Ներմուծող կազմակերպությունների 90 տոկոսը ներմուծելու ժամանակ ունենում են սերտիֆիկատ: Սակայն, շատ են դեպքերը, երբ ուսումնական տարվա սկզբում կամ այլ առիթների ժամանակ մարդիկ փորձում են փոքր քանակներով ապրանքներ ներմուծել և այդ ամենն առանց սերտիֆիկացման վաճառել: Ինչ վերաբերում է մասնագիտացված կազմակերպություններին, ապա իրենք նման փաստաթուղթ ունեն, և ներկրված ապրանքը սերտիֆիկացնելը խոշոր ներկրողներից մեծ ծախս չի պահան-ջում:

- Տնտեսվարողները պարզել էին, որ յուրաքանչյուր ապրանքի սերտիֆիկացման համար պետք է 40 հազար դրամ վճարեն: Ստացվում է, որ երրորդ երկրներից ներկրողներն արդեն իսկ 6 անգամ ավելի շատ գումար են վճարում ապրանքը մաքսազերծելու համար և չի բացառվում, որ սերտիֆիկացման վրա ծախսվող գումարը նույնպես մի քանի անգամ ավել լինի ԵԱՏՄ-ի անդամ մյուս երկրներում սետիֆիկացնելու համեմատ: Չի՞ ստացվում արդյոք, որ ի սկզբանե խաղի մեկնարկային կանոնների հարցում զգալի տարբերություն կա, որը և դժգոհելու պատճառ է: Ի դեպ` տնտեսվարողները նույնպես համաձայն են որակյալ ապրանք ներկրելուն, բայց նշում էին, որ իշխանությունները նախ պետք է իրենց խնդիրներին լուծում տան և հետո միայն իրենց առջև պահանջներ դնեն:

- Գնային քաղաքականության մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա իմ իրավասությունների տիրույթում չէ: Բայց կան թե´ ներկրողներ, թե´ ապրանք արտադրող ներ, ովքեր գիտակցում են, որ գոյություն ունի ազգային անվտանգության խնդիր, և եթե նույնիսկ օրինակ` 100 դրամանոց ապրանքը դառնում է 110 դրամ, ապա մարդկանց առողջությունն ավելի թանկ է, քան այդ 10 դրամը: Գոյություն ունի ապրանքների երեք կատեգորիա` թանկ, միջին և էժան, բայց դա չի նշանակում, որ էժան ապրանքը պետք է վտանգավոր լինի: Մեզ համար գլխավորն այն է, որ էժան ապրանքից օգտվողն անվտանգ լինի, իսկ վաճառողն ու վերավաճառողը պետք է պարտավորված լինեն սպառողին անվտանգ ապրանք վաճառել: Այս ամենն արվում է ոչ թե մարդկանց ուղղորդելու, կամ տնտեսվարողների կյանքը դժվարացնելու համար, այլ սպառողի ապահովության համար: Երևի առաջին անգամ է, որ տեսչական մարմինը տնտեսվարողների հետ նման հանդիպում է կազմակերպում` իրազեկելու օրենսդրական դաշտի փոփոխություններին: Բացի այդ, բոլորին հայտարարում ենք, որ մենք բաց ենք երկխոսության համար, և ցանկացած տնտեսվարող կարող է ցանկացած հարցով դիմել մեզ, ստանալ խորհրդատվություն, ստանալ պարզաբանում:

- Կոռուպցիոն ռիսկերի մասով ի՞նչ կասեք. այս հարցում արդյո՞ք մտահոգվելու խնդիր չկա:

- Կոռուպցիոն ռիսկերը կավելանային, եթե մենք տնտեսվարողների հետ երկխոսություն չկազմակերպեինք, ոչինչ չանեինք և միանգամից գնայինք ու սկսեինք ստուգումներ իրականացնել և տուգանել նրանց: Իսկ լաբորատորիաների հետ կապված կոռուպցիոն վտանգները չնայած իմ իրավասությունների շրջանակներում չէ, բայց փորձեմ պատասխանել: Ներկայումս կա առողջ մրցակցություն նրանց միջև, և ես կարծում եմ, որ նրանք նույնպես պետք է շահագրգռված լինեն առավելագույնս ճիշտ և հավաստի տեղեկություններ տրամադրել, քանի որ շուկան գնալով մեծանում է, և նրանք նույնպես պետք է պայքարեն այդ շուկայում իրենց ծանրակշիռ տեղն ունենալու համար:

Անշուշտ լավ է, երբ խնդիրները համատեղ քննարկելու և դրանց լուծումները գտնելու ճանապարհին իշխանությունները փորձում են տնտեսվարողների հետ համագործակցել: Սակայն մեկ ապրանքի որակի սերտիֆիկատ տրամադրելու վրա ծախսվող 40 հազար դրամը եթե բազմապատկենք ոչ պարենային ապրանքների տեսականիով, ապա ամենահամեստ հաշվարկի դեպքում անգամ յոթանիշ թվեր կստանանք, որը տնտեսվարողները պետք է վճարեն ապրանքի որակի հավաստագիր ստանալու համար: Բայց համաձայնեք, որ որևէ երաշխիք չկա, թե լաբորատորիաներն այսօր ի վիճակի կլինեն ներկայացված բոլոր փորձանմուշները օրենքի տառին համապատասխան ստուգել և եզրակացություն տալ: Նույնիսկ նույն օրը տարբեր լաբորատորիաներում կատարված տարրական մեզի կամ արյան անալիզի դեպքում անգամ շատ հաճախ արդյունքները տարբերվում են իրարից. էլ չենք ասում ավելի բարդ ստուգումների մասին: Ուստի ամենևին էլ սին չէ տնտեսվարողների այն մտավախությունը, որ տարբեր լաբորատորիաների կողմից տրված եզրակացությունները կարող են տարբեր լինել, իսկ ցանկալի թվեր «ստանալու» համար տնտեսվարողը պետք է ստիպված լինի այլ ուղիներ փնտրել: Կարճ ասած` տեսությունը տեսություն, բայց գործնականում նոր խնդիրների պակաս հավանաբար չենք ունենա: Բայց մյուս կողմից էլ` անհերքելի է, որ շուկայում վաճառվող ապրանքը պետք է վտանգավոր չլինի:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ