«ԵԱՏՄ օրենքների միակողմանի կիրառումը նոր մարտահրավեր` հայ տնտեսվարողների համար»


«Առինջ մոլ նյու» ՍՊԸ ներկայացուցիչները պնդում էին, որ թեև ապրանքների սերտիֆիկացման հարցը կարևոր է, սակայն այն խիստ ժամանակավրեպ է: Ավելին, այն չի բխում ժողովրդի ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակից և մինչ դրան հասնելը հարկավոր է նախ մտածել, թե ինչպես կարելի է տնտեսվարողների հարկային, մաքսային բեռը թեթևացնել, ապա միայն` քաղաքակիրթ քայլեր իրականացնելու մասին: Նրանց և տեսչության ներկայացուցիչների միջև երկխոսությունն այդպես էլ չստացվեց և «Առինջ մոլ նյու»-ի ներկայացուցիչները, որպես բողոքի նշան, դուրս եկան դահլիճից:

Պարզելու համար, թե ինչո՞ւ են նրանք դեմ նոր օրենքի պահանջներին և իրենց կարծիքով այս քայլը կոռուպցիոն ի՞նչ նոր ռիսկերի պատճառ կարող է հանդիսանալ,

«Ավանգարդ»-ը զրուցեց «Առինջ մոլ նյու» ՍՊԸ տնօրեն Սամվել ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

- Ինչո՞ւ եք դեմ նոր օրենքին, և ինչո՞ւ է այն ժամանակավրեպ :

- Նոր օրենքներին ծանոթացնելու փոխարեն լավ կլիներ, որ իշխանությունները մեզ հետ քննարկեին, թե ինչ պետք է անել, որպեսզի տնտեսվարողների բիզնեսը ծաղկի: Ներկողների համար հասկանալի չէ, թե, օրինակ, ինչպես է պատահում, որ Չինաստանից Ռուսաստան ներկրելու դեպքում մաքսավճարը 1 դոլար է կազմում, իսկ նույն Չինաստանից Հայաստան` 6 դոլար: Եվ եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչո՞վ են մեր իշխանություներն այդ տարբերությունը բացատրում: Մեկ բան ակնհայտ է, որ իշխանավորներն իրենց կաբինետներում նստած` չգիտեն, թե ինչ է կատարվում և ժողովրդի հոգսը թեթևացնելու փոխարեն այն ավելի են ծանրացնում:

- Շուկայի վերահսկողության տեսչության ղեկավարն ասում էր, որ իրենց նպատակը շուկայում առկա վտանգավոր ապրանքների վաճառքն արգելելն է. Դուք դրան դե՞մ եք:

- Մենք դեմ չենք դրան, բայց դրանից առաջ այնքան հարցեր կան, որոնք ավելի հրատապ են ու կարևոր: Մենք այսօր ամեն ինչ անում ենք, որ մարդկանց մեր երկրում պահենք: Այս շուկայում աշխատող բոլոր մարդիկ վարկերի «տակ» են և կանգնած են իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջև: Նման ցանկացած որոշում հուսահատության նոր ալիք կբարձրացնի, և նոր մարդիկ ստիպված կլինեն լքել երկիրը: Մեր իշխանություններին պետք է ավելի շատ այս հարցը մտահոգի, քան այն, ինչի մասին այսօր խոսվում է: Եթե սկսեն այս հարցի հետ կապված ստուգումներ իրականացնել, տույժ ու տուգանքներ կիրառել, ես խոստանում եմ, որ անմիջապես կփակեմ տոնավաճառի դռները և 15 հազար մարդու հետ միասին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա կկազմակերպեմ:

- Իշխանություններն ուզում են կանոնակարգել շուկան, պաշտպանել սպառողի իրավունքները, ներկրված ապրանքը հավաստագրել. ինչո՞վ է դա վատ:

- Բոլորն են ուզում, որ էկոլոգիապես մաքուր սնունդ և ոչ պարենային ապրանքներից օգտվեն, բայց հավաստիացնում եմ, որ այսօրվա ներկրողը նորից շարունակելու է նույն ապրանքը ներկրել: Պարզապես դրանք սերտիֆիկացնելու ժամանակ լրացուցիչ գումար է տալու լաբորատորիաների աշխատակիցներին, որպեսզի անհրաժեշտ հավաստագրերը կարողանա վերցնել: Օրինակ, եթե յուրաքանչյուր ապրանքի հավաստագրումն արժե 40 հազար դրամ, տնտեսվարողը լեզու կգտնի նրանց հետ մի քիչ գումար կտա և բորոր ապրանքների համար էլ հավաստագիր ձեռք կբերի: Ստացվում է, որ մարդկանց մղում են ստվերային դաշտ և նոր կոռուպցիոն շղթա են ձևավորում: ՀԴՄ-ներից պրծանք, մյուս խնդիրներից պրծանք, հիմա էլ նոր խնդիրների առջև են կանգնեցնում մարդկանց: Հավատացնում եմ, որ մարդիկ այսօր երազում են հարկերն ու տուրքերը վճարելուց հետո զրոյի վրա կանգնեն, բայց դա էլ չի ստացվում: Մարդկանց վիճակն օր-օրի վատանում է, բայց դրա մասին մտածող չկա:

- Ո՞րն է ձեր առաջարկը:

- Ես խորհուրդ կտամ նման որոշումներ ընդունողներին, որ մի որոշ ժամանակ նման բաների մասին մոռանան: Դրա մասին պետք է այն ժամանակ հիշեն, երբ մարդկանց վիճակը գոնե մի փոքր կլավացնեն: Եթե ասում են ԵԱՏՄ, ապա թող ավելի շատ մտածեն ԵԱՏՄ-ի անդամ երկրների նման թոշակառուի կենսաթոշակը բարձրացնելու, հարկային բեռը թեթևացնելու մասին և մարդկանց հնարավորություն տալու, որ նորմալ պայմաններում աշխատեն, ոտքի կանգնեն, վիճակը բարելավեն: Այդ ժամանակ ես նույնպես կկանգնեմ իշխանությունների կողքին ու կասեմ` ժողովուրդ, մենք արդեն հասել ենք այն փուլին, որ հիմա արդեն պետք է մտածենք էկոլոգիապես մաքուր և բարձր ստանդարտների համապատասխանող ապրանքներ ներկրելու մասին: Բայց հիմա իշխանավորները միայն մտածում են, թե էլ ոնց կարող են մարդկանց քամել: Ես նորից եմ կրկնում, որ մենք դեմ ենք նման փոփոխությանը, որը մի կողմից կավելացնեի լարվածությունը, մյուս կողմից նոր կոռուպցիոն ռիսկերի պատճառ կհանդիսանա:

Մեր զրույցը «Առինջ մոլ նյու» ՍՊԸ տնօրենի և փոխտնօրենների հետ երկար տևեց: Նրանք օրենքը շրջանցելու բազում տարբերակներ նշեցին, սակայն հիմնական ասելիքն ու իշխանություններից պահանջը մեկն էր. ամեն ինչ անել, որպեսզի օգտվի թե´ տնտեսվարողը, թե´ պետությունը: Նրանց պնդմամբ` ընդամենը մի «թղթի կտորը» ոչինչ չի կարող փոխել, քանի որ նույն տնտեսվարողը հավաստագիր (սերտիֆիկատ) տրամադրող լաբորատորիային կարող է բարձրորակ ապրանք ներկայացնել, ստանալ պահանջվող փոստաթուղթը և այս անգամ արդեն այդ թղթով շուկայում ամենաանորակ ապրանքը վաճառել: Մյուս միտքն էլ այն էր, որ մարդկանցից շատերն էլ կփորձեն իրենց ապրանքն այլ ճանապարհներով վաճառել` հեռախոսով, տներից, ավտոտնակներից և այլն: Դրանից կրկին չի շահի պետությունը, քանի որ այդ դեպքում արդեն կծաղկի ստվերային առևտուրը` իր հետ ավելացնելով նաև կոռուպցիոն ռիսկերը:

Ստացվում է` առաջ գնալու փոխարեն կրկին մի մեծ քայլով ետընթաց կապրի հայոց տնտեսությունը` վերականգնելով խորհրդային տարիներից հայտնի «տուրիստի տուն» կոչվող ինստիտուտը: Այն ժամանակ էլ բոլորը հատ-հատ գիտեին առևտրով զբաղվողների տեղն էլ, շրջանառվող գումարների քանակն էլ, սակայն այդ ստվերային մեխանիզմները չէին վերացվում:

Նախնական կանխատեսումները թույլ են տալիս եզրակացնել, որ այս «խմորը» դեռ «շատ ջուր» կվերցնի` նոր ճաքեր առաջացնելով հասարակության և իշխանութ յունների միջև: Դրանից խուսափելու համար հարկավոր է նախ վերանայել ներկայիս հարկային, մաքսային օրենսդրությունը` այն հասցնելով ԵԱՏՄ-ի չափանիշներին, ապա նոր մտածել քաղաքակիրթ առևտրի պայմաններ սահմանելու և նորամուծություններ կյանքի կոչելու մասին:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ