Հեռախոսային թարգմանիչ


Այն էլ` համաժամանակյա (սինխրոն), որի շնորհիվ մեկեն վերանում են լեզվական բոլոր պատնեշները: Դու կարողանում ես քո մայրենի լեզվով զրուցել օտարախոս մեկի հետ, և երկուսդ էլ հասկանում եք իրար` անծանոթ լեզուներով: Իսրայելական Lexifon ընկերությունը մշակել ու արտոնագրել է եզակի այս ծրագիրը` նախատեսված հեռախոսների համար:

Էլեկտրոնային թարգմանչից օգտվելու համար հարկ է գրանցվել Ընկերության վեբ-կայքում: Ծրագիրը կարող է աշխատել բոլոր տեսակի հեռախոսներում և սմարթֆոններում:

- Հեղափոխական է այս արտադրանքը, որ դեռ կկատարելագործվի: Այսօր այն ոչ այլ ինչ է, քան հսկայական ներդրում գլոբալիզացիայի մեջ: Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց մենք հնարավորություն ենք տալիս հասկանալ միմյանց,- հայտարարել է Lexifon-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Ացկ Շաբիան:

Թվարկել պետք չէ իսրայելական թարգմանչի առավելությունները: Հետաքրքիր է հատկապես այն, որ ծրագիրը չափազանց հեշտությամբ է տեղակայվում ցանկացած հեռախոսագծերի, հեռախոսների մեջ: Այն չի պահանջում Wi-Fi-ի կամ լարային համացանցի առկայություն: Ընդ որում, երկու զրուցակիցներից միայն մեկն էլ, եթե ունենա այս ծրագիրը, բավական է երկուսի համար: (NewRezuΗe):

Հրաշալի է, իհարկե, և ծրագրից օգտվողների քանակը` անհաշվելի կլինի: Բայց, արդյո՞ք բոլորը կկամենան կամ բոլորին է ձեռնտու` բաց լինել ամբողջ աշխարհի համար` տեսանելի, լսելի…