«Խումարաթող մաքրուհիներ»


Զուտ կանացի ու շա˜տ հնարամիտ բիզնես են հիմնել նորզելանդացի երկու կանայք: Օկլենդ քաղաքում «Խումարաթող մաքրուհիներ» անվամբ նրանց գրասենյակը համեմատաբար մատչելի գներով երիտասարդ աղջիկներ է ուղարկում այն տները, որտեղ բուռն երեկույթ է տեղի ունեցել: Աղջիկները հավաքում են աղբը, «օյաղացնում» տանտերերին (տեղեկացրել է Bustle-ը):

«Խումարաթող փերիներ» Ռեբեկա Ֆոլիի և Քեթրին Էսհերսթի խոսքերով իրենք էլ հաճախ հայտնվել են նույն իրավիճակում, երբ աղմկոտ տոնակատարությունից հետո անհրաժեշտ է եղել մաքրել տունը, սակայն ուժ ու ժամանակ չեն ունեցել:

- Մենք երազում էինք, որ ինչ-որ մեկը գար և մաքրեր բուռն զվարճության հետքերը,- պատմել են աղջիկները:

Հենց նման առավոտներից մեկն էլ «հուշել» է գաղափարը:

Ինքնատիպ այս մաքրուհիների ծառայությունն արժենում է 20-80 դոլար: Տունը հավաքելու 1 ժամն արժե 30 դոլար, բայց երեկույթի «խիստ տհաճ» հետքերը վերացնելը` լրացուցիչ վճար է պահանջում:

Աղջիկները պատրաստակամ են գինարբուքից ուժասպառ տանտերերի համար գարեջուր բերել կամ նրանց առույգացնել` իրենց «բարի և դաստիարակված» շների օգնությամբ: Նորզելանդուհի այս զույգն արդեն մտածում է մայիս ամսից գործող բիզնեսն ընդլայնելու մասին: Ասել է թե` պահանջարկ կա: