ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԸ»


 

Վարդան Օսկանյանին «փողեր լվանալու» մեջ մեղադրելու ընթացքում, շատերի համար անսպասելի, իր աշխատանքները դադարեցրեց երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը` «Արարարտցեմենտը»: Այստեղ աշխատում է 1000 մարդ: Այսինքն, Արարատ քաղաքի հազար ընտանիք իր սոցիալական նվազագույն խնդիրները լուծում է այս գործարանի միջոցով: Եվ հիմա անսպասելիորեն ձեռնարկությունը կանգ է առնում` որևէ բացատրություն չտալով պարապուրդի համար:

Մենք ոչ պատահաբար հիշատակեցինք Վարդան Օսկանյանին մեղադրանքներ առաջադրելու խնդիրը: Որքան էլ փորձենք ձեռնարկության պարապուրդը չքաղաքականացնել, այնուամենայնիվ անզեն աչքով էլ պարզ է, որ երկու գործընթացը սերտակցված են իրար: Դեռևս ընտրություններից առաջ ԲՀԿ-ն ու Վարդան Օսկանյանը պայքարում էին, որ իշխանություններն ընդունեն իրենց պայմաններն ու որոշում կայացնեն նոր վարչապետ նշանակելու մասին: Թե ո՞ւմ նկատի ունեին ԲՀԿ առաջնորդները` այնքան էլ դժվար չէր կռահել: Սակայն Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին` այս վերանշանակմամբ հաստատելով, որ ինքը չի կամենում ընդունել ԲՀԿ պահանջները:

Ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայի մաս չկազմեց: Սա պատասխան էր իշխանություններին` ԲՀԿ հետ հաշվի չնստելու ճանապարհին: Բնականաբար, դիրքային պայքար էր սկսվել, որը պիտի հասներ իր որոշակի բարձրակետերին: Իբրև այդպիսին` Վարդան Օսկանյանը, ում շատ ուժեր չէին կամենում խորհրդարանում տեսնել, կանչվեց ԱԱԾ` պատասխանելու «փողեր լվանալու» համար: Եվ ահա` «Արարատցեմենտի» պարապուրդը, ինչը կարող է սոցիալական լարվածություն ստեղծել առայժմ Արարատ քաղաքում:

Այս ամենի մեջ պետք է տեսնել նաև առաջիկա ընտրությունների շունչը: Չի բացառվում, որ սոցիալական լարվածության ձևավորմամբ` ԲՀԿ-ն նպատակ ունի ձևավորել դիմակայություն ընտրազանգվածի և իշխանությունների միջև և հասնել սեփական սցենարների իրականացմանը: Անտարակույս, Հայաստանում քաղաքական դաշտը գլխավորապես հենվում է ունեցվածքի վրա, հետևաբար ունեցվածքն էլ շատ հաճախ դառնում է քաղաքական զարգացումների դրդիչ ու գործիք: Ուրեմն, չի բացառվում, որ սկիզբ առնի մի նոր պայքար, որը, բնականաբար, կարող է չափազանց լուրջ հետևանքներ ունենալ բոլորիս համար:…

Լ.Մ: