ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԿՆԱԾՈՒ Է ՓՆՏՐՈՒՄ


 

Դաշնակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հավաստիացնում են, որ ՀՅԴ ներսում բավական լարված իրավիճակ է ստեղծվել: Խորհրդարանական ընտրություններում ունեցած անհաջողությունը մի շարք դաշնակցականների ստիպել է հեռու մնալ քաղաքական կյանքից, իսկ ոմանք էլ բառացիորեն խռովել և այլևս չեն բացում կուսակցության դռները: Զայրացած են այն գործարարները, ովքեր շատ մեծ գումարներ են ներդրել` պատգամավորական մանդատներ կամ գործադիրում պաշտոններ ստանալու համար: Ու այսօր ձեռնունայն մնալով` բնականաբար դժգոհում են առաջին հերթին առաջնորդ Հրանտ Մարգարյանից և բոլոր նրանցից, ովքեր տարիներ շարունակ տեղեր զբաղեցնելով խորհրդարանում, գրեթե դիմազուրկ են դարձրել կուսակցությունը: Լուրջ դժգոհություններ կան նաև շարքերում. քննարկվում են անհաջողության պատճառները, մեղադրանքներ ներկայացվում կուսակցական վերնախավին:

Հենց այս վերնախավն էլ որոշել է, հանուն հեղինակության բարձրացման, մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ամենահարմար թեկնածուն համարվում է Արմեն Ռուստամյանը, ում նկատմամբ համակրանք կա նաև շարքերում: Սակայն չի բացառվում, որ ընկեր Հրանտը փոխի իր մտադրությունն ու թեկնածու առաջադրի ոչ կուսակցականի, խոշոր կապիտալի ներկայացուցչի` այսպիսով շատերին համախմբելով այդ թեկնածուի շուրջ, ում հետ ցանկանում են բանակցություններ վարել: