1 ՀԱՐՑ


- Ըստ մի շարք վերլուծաբանների, ռուս-ամերիկյան շահերը կարող են բախվել հատկապես Ղարաբաղում: Ամերիկյան կողմը ջանում է թույլ չտալ ռուսական զինուժի մուտքը Ղարաբաղ` աշխատելով առաջնային տեղ գրավել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ առումով, ինչպե՞ս կմեկնաբանեք ԵՀԱԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունը:

Հարցին պատասխանում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ

- Կարծում եմ` ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումը արտահայտվում է նաև Հարավային Կովկասում: Մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Քանի որ ամերիկացիները ներկայումս ավելի մեծ շահագրգռվածություն ունեն Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու խնդիրը նրանք իրագործում են` առաջին հերթին ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի երազանքները գրգռելով: Նաև` որոշ չափով օգտագործելով Ադրբեջանին, որը վարում է, այսպես ասած, ավելի խուսափողական քաղաքականություն: Բայց գուցեև Թուքիայի խորհրդով Բաքուն կփոխի իր քաղաքականությունը` դառնալով ավելի ամերիկամետ և կփորձի օգուտներ քաղել մասնավորապես Ղարաբաղի հարցում: Իսկ Ուորլիքի մինչև վերջերս արված հայտարարությունները դժգոհություն էին առաջացրել Ադրբեջանում և վերջինս պահանջել էր Մինսկի խմբում նրան փոխարինել այլ դիվանագետով: Բայց հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջերս հրապարկված հիմնական պահանջները միանգամայն պարզորոշ ցույց տվեցին, որ Ուորլիքը ոչնչով չի տարբերվում ամերիկյան նախորդ համանախագահներից և շարունակում է նույն քաղաքականությունը: Ուղղակի նա փորձում է արագացնել գործընթացը, քանի որ Ամերիկային ձեռնտու է, որպեսզի Ղարաբաղի հարցը հնարավորինս արագ լուծվի, որովհետև համարում է, որ այդ հարցի գոյությունը հնարավորություն է ընձեռում Ռուսաստանին` իր ազդեցությունը պահպանել Հարավային Կովկասում: Բայց Ուորլիքի հայտարարության մեջ, ինչպես ասացի, ոչ մի նոր բան չկա, և չեմ կարծում, որ այն որևէ դերակատարում կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Ա. Դ.