Կվճարեն, եթե հավատան


Թեև նորերս ֆինանսների նախարարությանը միացած Պետեկամուտների կոմիտեն բոլոր ժամանակներում հայտարարել է, թե առավելագույնն է արվում հարկերի հավաքագրման ուղղությամբ, այսուհանդերձ շատ տնտեսվարողներ շարունակում են վճարումները կամայականորեն կատարել: Ընդ որում, վերջերս անցկացված մի հարցման արդյունքում պարզ է դարձել, որ կամայականորեն կատարվող հարկային պարտավորությունները մինչև անգամ կամակորության են հասնում: Հարկատուների 61 տոկոսը համոզմունք է հայտնել, որ հավաքագրված հարկերը պաշտոնյաներն ավելի շատ անձնական նպատակներով են օգտագործում: 68 տոկոսն էլ ասել է, որ եթե ավելի շատ հանրօգուտ գործեր տեսնի պետության կողմից, ապա ավելի շատ հարկեր կվճարի... Նշված երկու թվերը թերևս ամեն ինչ ասում են. պետության հանդեպ վստահության աճը կմեծացնի նաև հարկային հոսքերը, իսկ կոչերը, տուգանքների սպառնալիքները, վարչարարության խստացումը և բոլոր մյուս համանման գործառույթները ոչինչ կամ գրեթե ոչինչ չեն փոխելու: Վստահության պակասն է առաջին հերթին խանգարում գործընթացի լիարժեք կազմակերպմանը:

Այս առումով անհնար է շրջանցել խոշոր հարկատուների հերթական ցուցակը: Այստեղ ՊԵԿ-ը ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի առաջատարներին: Միանգամից նշենք, որ նոր ցուցակը նախորդներից քիչ է տարբերվում: Նույն հայտնի ընկերությունների անուններն են, վճարաչափերն էլ մի դեպքում ավելացել են, մյուս դեպքում` նվազել, երրորդ դեպքում էլ` պահպանվել: Ասել է թե` ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվել:

Պետությունը շարունակում է տրտնջալ կիսադատարկ գանձարանի համար, իսկ հարկատուները կամ չեն ուզում, կամ չեն կարող ավելին վճարել: Տնտեսական ճգնաժամը Հայաստանում վաղուց է հաղթահարվել, բայց տնտեսվարողներն այնպիսի կեցվածք են որդեգրել, թե պետությունը եղածի համար էլ պետք է շնորհակալ լինի իրենցից: Իսկ եռամսյակը մեկ հրապարակվող խոշոր հարկատուների ցուցակները կարծեք թե ուղեցույց է դարձել նաև միջին և փոքր բիզնեսի համար: Եթե խոշորներն են թերանում, նշանակում է ավելիին ձգտելու անհրաժեշտություն չկա:

Խոսենք թվերով: Որքան հետաքրքիր, նույնքան էլ մտահոգիչ հարցման մասնակիցների 40 տոկոսը նշել է, որ առանձնապես չի հպարտանում հարկեր վճարելու համար: Հարկ վճարելու համար հպարտ է միայն 35 տոկոսը` համարելով, որ իր քաղաքացիական պարտքն է կատարում, կամ` որ հարկերով լուծվում են հանրային խնդիրները:

Ի՞նչ է ստացվում: Քաղաքացին, տնտեսվարողը պատրաստ է ավելի բարեխիղճ դառնալ, եթե մթնոլորտը փոխվի: Այս իմաստով մեծ անելիք ունի իշխանությունը` թարմացված կազմով ներկայացող կառավարությունը: Քաղաքացուն ու առավել ևս տնտեսվարողին գործնականում և հիմնավորապես ապացուցել է պետք, որ նրա վճարած ամեն մի լուման նպատակին է ծառայում: Մարդիկ իրենք են խոստովանում, որ այս հարցում խիստ թերահավատ են և վստահության առկայության դեպքում զգալիորեն կավելացնեն վճարումները: Ու՞մ համար պարզ չէ, որ հարկային բեռան տակ կքած հարկատուն հաստատ մեծ տհաճությամբ մասհանում կանի իրեն հարստահարող չինովնիկին ու օլիգարխին: Իսկ պետություն ասվածը վերոնշյալները չեն, այլ` տվյալ դեպքում պետական գանձարան կոչվածը, որն այդպես էլ չի լցվում ու չի լցվում: Հետևաբար, սխալ կլինի, եթե նոր կառավարությունը ավելիին հասնելու համար հարկային մահակը գործի դնի: