ԵՐՐՈՐԴ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼՈՐԴ


Ընդդիմությունն ինչքան շատ է մինչև հիմա զգուշացել երրորդ ուժի գոյությունից, այնքան բոլորից շատ է հիմա ոգևորված` նորանոր միավորների ի հայտ գալով: Դրանց ծնունդն ու գոյությունն, իհարկե, Լ. Տեր¬Պետրոսյանի ցանկությամբ չի կարող պայմանավորվել, բայց հետաքրքիր է, որ քաղաքական դաշտը հաջողությամբ սևի ու սպիտակի բաժանած առաջին Նախագահը հիմա հրապարակավ հայտարարում է, թե վատ չէր լինի` երրորդ, չորրորդ, հինգերորդ և հնարավոր բոլոր քանակի ուժերի երևան գալը... Թվում էր, թե սպասվող ընտրություններից առաջ արմատականներն ուղիղ հակառակ ցանկություններով պետք է առաջնորդվեին` նախկինի նման ձգտելով հնարավո րինս շատ քաղաքական միավորներ համախմբել իրենց շուրջ: Մինչդեռ ավելի շահեկան իրավիճակ կստեղծվի, եթե ի հայտ եկող նոր քաղուժերը թարմ շունչ հաղորդեն սպասվող ընտրություններին` դառնալով երրորդ ուժ: Եվ գուցե Կոնգրեսն այսժամ պարզապես աննկատ մնա: Ավելի բազմաբևեռ ընտրություններում հասարակական վստահության նվազումը փոքրացնելու է նաև վերջինիս ընտրազանգվածը: Ու եթե համակիրների բանակը կրկնակի, եռակի չափով նվազի, ու այդ իրողությունը նույնությամբ արտացոլվի նաև քվեարկության արդյունքներում, ՀԱԿ-ը, թերևս, արդեն չի դժգոհի ընտրարդյունքների կեղծումներից ու երևի կսկսի մեղադրել ընտրազանգվածին` «պասիվության» համար: Որքան էլ խորհրդարանի և Նախագահի ընտրությունները, սովորույթի համաձայն, փոխկապակցվեն, միևնույն է, եթե նույնիսկ առաջիկայում ասպարեզում հայտնվելիք երրորդ ուժ կոչվածը կարողանա հաջողության հասնել, օրենսդիրում խմբակցություն ձևավորելով հանդերձ այն չի կարող նույն հավակնոտությամբ դեպի նախագահական արշավել: Անգամ եթե այդ երրորդ ուժ կոչվածը Ռ. Քոչարյանը գլխավորի (ինչի հավանականությունն ու հնարավորությունը հետզհետե նվազում են), ապա վերջինս առնվազն բավարար ժամանակ չի ունենա` իր իշխանական տարիների սխալները սրբագրված ներկայացնել: Ավելի ուշագրավ է, որ արմատականների քարոզչամեքենան արդեն հասցրել է այնպես վարկաբերել երկրորդ Նախագահին, որ Ռ. Քոչարյանն իր վերադարձի պայմաններն ապահովող համապատասխան հասարակական մթնոլորտ գոնե մինչև ընտրություններ չի կարող ստեղծել: Եվ ստացվում է, որ սևի ու սպիտակի ջատագով արմատականները նոր հավակնորդների հայտնությունը ձեռնտու և սպասված ներկայացնելով հանդերձ` դժվարանում են անգամ երևակայորեն հանդուրԺել բոլոր հավանական մրցակիցներին: