ԹԱԼԻՇԻ ԽԵՆԹԸ


«Արժան չեմ համարում թուրքի դեմ ծնրադիր կռվելը: Ես միշտ պիտի կանգնած կռվեմ ու կանգնած էլ կմեռնեմ...»,- ասել էր Թալիշում հերոսացած ազատամարտիկ Պավել ՍԱՐԳՍՅԱՆԸ: Արցախյան գոյամարտում հերոսաբար մարտնչած ու զոհված քաջերի ընտանիքներ այցելելիս` անբացատրելի թախծի ու վշտի ամպ է դիզվում հոգուս վրա, ակամա ինքս էլ ունենում եմ այդ պահին ինձ համար անհասկանալի «ինչուներ»… Թալիշի խենթի մասին պատմություններ բազմիցս լսել էի: Հերոսաբար զոհված ազատամարտիկ Պավել Արշակի Սարգսյանի, (մարտի դաշտում Պավելին Ազո են ասել) կինը` Սիլվան, պարզ ու անկեղծ սկսեց իր ու ամուսնու մասին կյանքի պատմությունը: - Ազոն ծնվել է 1958 թ. Թալիշում, համագյուղացիներ էինք: 80 թվականին ամուսնացանք, տեղափոխվեցինք Երևան: Շատերն այդ տարիներին Թալիշից գալիս էին Երևան` աշխատանք գտնելու հույսով: Դժվար տարիներ էին մեզ համար, վարձով էինք ապրում: Մեր զավակները` Սպարտակը, Արտակը, Արայիկը, ծնվել էին, երբ 88 թ. Պավելն Ազատության հրապարակ գնաց շատերի հետ, բայց նրանցից քչերը մեկնեցին Արցախ: 1989 թ. նոյեմբերին նախկին թալիշցիները համախմբվեցին և ինքնաշեն ինքնաձիգներով մեկնեցին հայրենի գյուղ: Հայրենի ծննդավայրի ճակատագիրը երկուսիս համար էլ կարևոր էր: Մեր ազգականներն այնտեղ էին ապրում, և նրա` Թալիշ մեկնելը հասկանալի էր: Որքան էլ դժվար լիներ փոքրիկներին պահելը, առօրյա հոգսերը հոգալը, այնուամենայնիվ, ինքս էլ հորդորում էի, որ մեզ համար շատ չմտածի: Երկու ամիսը մեկ գալիս էր հանգստանալու, բայց ի՞նչ հանգստանալ, նրան խորթ էր հանգիստը, ուշքն ու միտքը Թալիշն էր, ընկերները: 1992 թվականին գնալով սրվեց Արցախի, այդ թվում` Թալիշի վիճակը: Տղաներն այլևս վայրկյան անգամ չհեռացան դիրքերից: Հեռացան միայն` կողքի գյուղերին օգնության ձեռք մեկնելիս: 92 թ սկիզբը Թալիշի համար գրադի ու հեռահար հրետանու արկակոծումներով սկսվեց: Նույն թվականի մայիսի 4-ին թշնամին, գիշերն անցնելով Ինջա գետի խորխորատները, դիրքավորվեց մերոնց դիտակետին շատ մոտ, որտեղ ընդամենը 20-25 քաջեր կային: Շեշտակի գրոհով նրանք անակնկալի բերեցին մերոնց: Հայոց քաջերը երդվեցին մեռնել, բայց չհանձնել բարձունքը: Ցավոք, ուժերի խիստ անհավասարությունն աքցանի մեջ սեղմեց մեր քաջերին: Ազոն, տեսնելով անհույս վիճակը, դիմեց խենթության` ողջ հասակով կանգնելով բլրին` սկսեց կրակահերթը ոսոխի վրա: Ականատեսների վկայությամբ` թշնամին կարկամեց ու բերանքսիվայր փռվեց գետնին: Մերոնք չզարմացան Ազոյի խենթությունից, բայց ապշեցին, երբ նա վիրավորվեց. չէ՞ որ թուրքի գյուլեն Քաջի համար չէր… Նրան տեղափոխեցին գյուղի բուժկետ, որտեղ էլ մահացավ Թալիշի զավակը… (Այդ օրը զոհվեցին երեք թալիշցի ևս): Անցան տարիներ, և համագյուղացի ու ընկեր Սաշա Սարգսյանն իր «Թալիշ» գրքում քաջի մասին գրեց. «Ազոն կարծես սերված էր Դավթի տոհմից. հուժկու թափ ուներ նա, ահռելի ֆիզիկական ուժ, խելահեղության աստիճանի հասած քաջություն ու համարձակություն, վագրի ճարպկություն ու աներեր, աննկուն կամք: Դրա հետ մեկտեղ, սակայն, Ազոյին յուրահատուկ էին մանկական անաղարտությունն ու մաքրամաքուր էությունը, անկեղծ շիտակությունն ու ազնվությունը… Հիրավի, Ազոյի մահով Թալիշը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին»: Հաջորդ առավոտ մեր քաջերը հուժկու հարվածով անակնկալի բերեցին թշնամուն ու ետ վերցրին Թալիշի համար կարևոր նշանակություն ունեցող դիրքը: Ազոյի գործը շարունակեց եղբայրը` Բորիկ Սարգսյանը, ով, պատահաբար լսելով զոհված թալիշցիների մասին, ՌԴ-ից վերադարձավ Հայաստան: Լսեց եղբոր մահվան չարագույժ լուրը, դարձավ մահապարտ: Կռվեց «Արծիվ-1»-ում, ապա` Շահեն Մեղրյանի պարտիզանական ջոկատում, իսկ հետո` «Թալիշ» գումարտակում, մասնակցեց գյուղի ազատագրմանը: Մարտական գործողություններից մեկի ժամանակ վիրավորվեց` դառնալով հաշմանդամ: Այսօր հերոսների ընտանիքում մեծանում է Պավել թոռը, ում հոգեհմա ճիչերն ու անուշ գեղգեղանքն իմաստավորում են Սարգսյան ընտանիքի առօրյան:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ