ԻՆՉՈԻ Է ԱՂՄԿՈՒՄ ԹԱՄԱՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ


Թամար Պողոսյանն իմ լավ բարեկամն է, անգամ` իմ լավ ընկերը: Ես, աշխատելով «Օրինաց երկիր» պաշտոնաթերթում որպես գլխավոր խմբագրի տեղակալ` ընդդիմանալով կուսակցության ներսում ձևավորված հակապողոսյանական կեղտոտ խաղերին, առաջինն եմ մամուլում հանդես եկել` ի պաշտպանություն նրա: Բարձրաձայնել եմ, որ հատկապես կուսակցության մի շարք կին գործիչների նախաձեռնությամբ` արշավանք էր սկսվել նրա դեմ, որ Թամար Պողոսյանն ընդդիմանում էր կուսակցությանը «մուծվելու» հրահանգին, չէր կամենում աշխատանքի ընդունել անգրագիտության մեջ թաղված օեկական կադրերին, որոնց կամենում էր անգամ մշակույթի ոլորտում ներդնել Արթուր Բաղդասարյանը: Լրագրողի ու մշակույթի գործչի անաչառությամբ անդրադարձել եմ Թամար Պողոսյանի գործունեությանը` համոզվածորեն պնդելով, որ մի շարք օեկական գործիչներ օգտագործում էին որոշ ծախու լրագրողների` Թամարին հեղինակազրկելու և նրա մասին զավեշտախառն պատմություններ հորինելու համար… Մեծ եղավ հիասթափությունս, երբ ականատեսը եղա այն բանակռվի, որը սանձազերծել է Թամար Պողոսյանը` ձգտելով իբր պաշտպանել իրեն ու իր գլխավորած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը` թաքցնելով հակաօրինական մի շարք քայլեր, որոնք ընդդիմանում են բանականությանն ու տարրական պարկեշտությանը: Այդ ամենի բարձրակետն օրերս հրավիրված մամլո ասուլիսն էր, որը տխուր տպավորություն թողեց, առավելագույնս հաստատեց, որ Թամար Պողոսյանն իր պաշտոնավարման շրջանում իսկապես թույլ է տվել օրենքի բազում խախտումներ և անասելի ընչասիրություն` հանուն իր ու հարազատների` գրպանելով միլիոնավոր դրամներ, կատարյալ խեղկատակության վերածելով մի հիմնադրամ, որը վերջին տարում, հատկապես, դարձավ ոմանց համար ֆինանսաբեր հրաշալի երակ: - Մենք արդեն լուծարման եզրին ենք, բայց ես բարոյապես ուզում եմ այս խնդիրը ավարտել, ինչքան որ ռեսուրս ունենք,- հենց ասուլիսի սկզբում հայտարարեց Թամար Պողոսյանը` մեղադրելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին փողերի լվացման, ինքնուրույն որոշումների կայացման մեջ` հերքելով նախարարության ներկայաց րած բազմաթիվ մեղադրանքներ: - Սփյուռքի նախարարությունը 2009-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձել կառավարության կողմից հաստատված կանոնադրության խախտումով, հետևաբար Սփյուռքի նախարարի` հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը ևս կանոնադրության խախտում է,- հայտարարեց Թամար Պողոսյանը` այսպես ձգտելով ծխածածկույթի տակ առնել իր և հարազատների գրպանած միջոցների փաստը: Ի՞նչ խախտման մասին է խոսում Թ. Պողոսյանը, երբ Հ. Հակոբյանը հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել մեր երկրում գործող օրենքների հիման վրա: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության 14.04.2004 թ. թիվ 585-Ն որոշմամբ, որով հաստատվել է դրա կանոնադրությունը և հոգաբարձուների խորհրդի կազմը: Նույն որոշմամբ, ի կատարումն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջի, որպես պետական կառավարման մարմին, սահմանվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: ՀՀ կառավարության 03.06.2004 թ. թիվ 829-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել նախորդ որոշման մեջ, այդ թվում` սահմանվել է հոգաբարձուների խորհրդի անդամների թվակազմը և անհատական կազմը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնադրամը գործել է մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում, հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Իսկ երբ հիմնադրամն անցել է Սփյուռքի նախարարության ենթակայության ներքո, նախարար Հրանուշ Հակոբյանը նշանակվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ի՞նչ խախտման մասին է հայտարարում Թամար Պողոսյանը` խախտումն հիմնավորող որևէ փաստ չներկայացնելով: Քաղաքական պոպուլիզմը երբեմն դառնում է փրկարար օղակ, սակայն հազիվ թե իրավական դաշտում նույն այդ պոպուլիզմն օգտակար լինի, եթե չկան հիմնավորումներ և փաստեր: Ավելին, բոլոր փաստերը խոսում են Թամար Պողոսյանի դեմ` նրան դնելով անելանելի կացության առջև: Եվ Սփյուռքի նախարարության ենթակայությանն անցնելուց հետո էլ բացահայտվել են հիմնադրամի գործունեության ստվերային կողմերը, պետական միջոցների մսխումները: Թամար Պողոսյանն իր ասուլիսում չանդրադարձավ այն փաստին, թե այդ ո՞ր ամենօրյա գործունեության համար է ամսական 80 հազար դրամ աշխատավարձ վճարել մեկ լրագրողի, երբ հիմնադրամի աշխատանքների լուսաբանմամբ զբաղվում են բոլոր լրատվամիջոցները: Նա նաև չխոսեց այն մասին, թե ինչպես է պատահել, որ հիմնադրամում ամենաբարձր աշխատավարձերը ստացել են ինքն ու գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը. - Տնօրենի հրամանով առավել բարձր աշխատավարձեր և հավելավճարներ են ստացել տնօրեն Թամար Պողոսյանը, գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը, աշխատակազմի ղեկավար, համատեղության կարգով գանձապահ Քնարիկ Պողոսյանը (տնօրենի քույր) և արտաքին հարաբերությունների գծով գլխավոր մասնագետ Զարուհի Դադայանը (տնօրենի քրոջ աղջիկը)… ,- կարդում ենք ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության տեղեկանքում: Նույն այս տեղեկանքում նշվում է, որ Թ. Պողոսյանը 2008 թ. որպես աշխատավարձ ստացել է 2,5 մլն դրամ, հավելավճար և պարգևավճար` 2,1 մլն դրամ, 2009-ին աշխատավարձն ու հավելավճարը միասին կազմել են 2.9 մլն դրամ, 2010-ի աշխատավարձը կազմել է 2.4 մլն դրամ, իսկ ընդամենը 2010 թվականի հուլիսի 20-ից հուլիսի 28-ի համար Թ. Պողոսյանն իրեն բաշխել է 2.631.850 դրամ: Քնարիկ Պողոսյանին 7 օրվա համար վճարել է 482 հազար 930 դրամ, Զարուհի Դադայանին` 504 հազար 365 դրամ, լրագրողուհուն` 278 հազար 370 դրամ: Իսկ գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանի 2010 թվականի հավելավճարը կազմել է 2 միլիոն 200 հազար դրամ… Մեր երկրի նախագահը կարո՞ղ է մրցակցել Թամար Պողոսյանի հետ, կարո՞ղ է ասել, թե 7 օրվա համար ինքն ստանում է 2 և կես միլիոն դրամից ավելի: Չի կարող: Որովհետև Թամար Պողոսյանի հաշվարկներն այլ են, որովհետև իր, քրոջ, նրա դստեր և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը սեփական բոստանի վերածած Արմեն Մանուկյանի համար հիմնադրամը հանդիսացել է «կթու կով»: Պետական միջոցներն այս մարդիկ տարիներ շարունակ մսխել են, հարստացել, իսկ այսօր, երբ վերահսկո ղություն է սահմանվել` առաջ են մղել Թամար Պողոսյանին, որն էլ անջուր ջրաղացի նման աղմկում է` չհասկանալով, որ բոլոր հարվածները դեպի իրեն են գալիս: Հիմնադրամը պետական կառույց է, նրա միջոցները հաստատվում են պետության կողմից, ուրեմն, պետությունն էլ իրավասու է վերահսկել և կանխել ապօրինություն ները: Հիմնադրամը նաև պարտավոր է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հայթայթել միջոցներ, մինչդեռ Թամար Պողոսյանն ու իր «գրասենյակը» տաքուկ անկյուն են գտել ու վայելել` երբեք չմտածելով, որ հարկավոր է ոչ միայն վայելել պետության տված գումարները, այլև սեփական գործարարության միջոցով ավելացնել այդ միջոցները: - Հիմնադրամը իր կանոնադրական գործառույթները իրականացրել է մասնակիորեն` միայն պետության կողմից նախատեսված և ֆինանսավորված մշակութային միջոցառումների շրջանակներում: Հիմնադրամը իր միջոցառումները, այդ թվում աշխատակազմի պահպանման ծախսերը, ամբողջությամբ իրականացրել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Չեն ձեռնարկվել հետևողական, գործնական քայլեր` հիմնադրամի գույքի ձևավորման համար նախատեսված աղբյուրներից միջոցներ հայթայթելու ուղղությամբ, չեն զբաղվել թույլատրված ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը հնարավորություն կտար ստանալ եկամուտներ: Անթույլատրելի է, որ հիմնադրամը սեփական նախաձեռնությամբ և միջոցներով գրեթե ոչինչ չի իրականացրել: Փաստորեն, հիմնադրամը չի ծառայել իր բուն նպատակին և առավելապես կատարել է ՊՈԱԿ-ին բնորոշ գործառույթներ,- կարդում ենք Տեղեկանքում: Այս ամենի մասին, բնականաբար, Թամար Պողոսյանն ասուլիսում չասաց: Չասաց նաև, որ խախտելով հիմնադրամների գործունեությունը համակարգող օրենսդրա կան ակտերը, ինքնուրույնաբար կազմել է հաստիքացուցակը, որոշել աշխատավարձերը, ինքնուրույնաբար հաստատել է ու վճարել իր մտերիմներին: Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սարերը» վիպակի հերոսներից մեկը կասեր` «Լավ եմ արել, ինքս ինձ պարգևատրել եմ»: Բայց հազիվ թե պետական հիմնադրամի տնօրենն իրավունք ուներ խեղճուկրակ լոռեցի հովվի հոգեբանությամբ աշխատել, քանի որ պատասխանատու է օրենքի ու բյուջեի առջև: Ասուլիսում Թամար Պողոսյանն անընդհատ շեշտում էր, թե Հրանուշ Հակոբյանի «կամայականության հետևանքով» հիմնադրամին հատկացված 18 միլիոն դրամն ուղղորդվել է այլ ծրագրերի: Ընդորում, այդ ծրագրերի իրականացնողները հոգաբարձուների խորհրդի անդամներ են: Վարչապետի վերահսկողական ծառայությունը պարզել է. - Անհրաժեշտ է նշել, որ հոգաբարձուների խորհրդի և հիմնադրամի տնօրենի միջև առկա են լուրջ տարաձայնություններ, անառողջ է բարոյահոգեբանական մթնոլորտը, որը խոչընդոտում է բնականոն աշխատանքներին: Անընդունելի է գործադիր տնօրենի կողմից խորհրդի ընդունած որոշումների չկատարումը և դրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաև բյուջետային միջոցների խնայողաբար և արդյունավետ օգտագործելու համար խորհրդի կողմից ձեռնարկած միջոցառումները անհիմն ձգձգելու և չկատարելու փաստը: Երևույթը փաստում է, որ գործադիր տնօրենը չի պատկերացնում հիմնադրամի կանոնադրային գործառույթների նպատակը և հնարավո րությունները, այն է` ոչ բյուջետային միջոցներով մշակութային ծրագրերի և հիմնադրամի ապարատի պահպանման ծախսերի ապահովումը, այլ փորձում է ձևավորված` պետական բյուջետային միջոցների հաշվին գոյատևելու պրակտիկան շարունակելը: Այս մասին էլ է լռում Թամար Պողոսյանը: Լռում է, սակայն հարձակման թիրախ է դարձնում Սփյուռքի նախարարին` չհասկանալով, որ նման ձախավեր գործունեության և պետական միջոցների անպտուղ օգտագործման համար կարող է կանգնել դատարանի առջև… Ավելին, ստիպված է լինելու իր հարազատների, գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանի հետ վերադարձնելու պետությունից շորթված միջոցները… Այսքանից հետո, իսկապես, ինչո՞ւ է աղմկում Թամար Պողոսյանը, ինչո՞ւ է պարտադրում սևեռուն ուշադրություն դարձնել իր գործունեությանն ու հրապարակ հանել փաստեր, որոնց մասին տևական ժամանակ բոլորը լռել են` հաշվի առնելով, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթն» այնուհանդերձ, ինչ-որ ազգօգուտ գործ կատարում է: Պարզապես` ինչ-որ… Քանի որ շատ հաճախ հենց հիմնադրամը Հայաստան է բերում Սփյուռքը վարկաբեկող որակներ, սեպ խրում հայրենիքի ու սփյուռքի միջև… Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ Հետգրություն. Մենք բավարարվեցինք մի քանի «երևացող» փաստերի հրապարակմամբ: Եթե Թամար Պողոսյանը շարունակի աղմկել, պատրաստ ենք այլ փաստեր ևս հրապարակել` ամբողջապես բացահայտելով նրա ու հիմնադրամի գործունեությունը, երևան բերել բազմաթիվ խախտումներ և աղաղակող իրողություններ: Մենք պատրաստ ենք: