ԱՐԴՅՈ՞Ք ՀԱԿԱԴՈԼԱՐԻԶԱՑԻԱ


Դժվարանալով կանխել դոլարի կտրուկ արժևորումը` Կենտրոնական բանկը ձգտում է խորհրդարանում դակել տալ մի նոր նախագիծ, որով խստացվելու են արժութային օրենսդրությունը խախտողների նկատմամբ սահմանված պատիժները: Նախնական տպավորությամբ սա այն դեպքն է, երբ օրենքի «թարմացումը», իսկ տվյալ դեպքում պատժամիջոցների խստացումն է միայն առիթ դառնում` նման օրենքի գոյության մասին ընդհանրապես հիշելու: Եվ, այնուամենայնիվ, ԿԲ-ն հիմա էլ ձգտելու է ապրանքներ կամ ծառայություններ արտարժույթով վաճառելու-մատուցելու դեպքում տնտեսվարողներին նախ երկու, իսկ երկրորդ խախտումը հայտնաբերելու դեպքում չորս միլիոն դրամով տուգանված տեսնել: Փաստորեն, հակառակ տնտեսական ճգնաժամի պարտադրած դաժան պայմաններին, հակառակ տնտեսվարողների հարկային բեռը թեթևացնելու մասին մշտամնա խոստումներին` ավելանում է ևս մեկ ստուգող կազմակերպություն, որ դժվար է ասել կաշառակերության հերթական օջա՞խն է դառնալու, թե՞ իրականում է փորձելու պայքարել դոլարիզացիայի դեմ: Իհարկե, հրաշալի կլիներ, եթե մեր երկրում, սկսած լուցկուց վերջացրած բնակարանների վաճառքով, ամեն ինչ կատարվեր ազգային դրամով: Հարկ է խոստովանել սակայն, որ ոչ հեռու անցյալում մենք գրեթե լիարժեքորեն հասել էինք դրան: Այս առումով ամեն ինչ գլխիվայր շրջվեց` դոլարի կտրուկ արժևորմամբ, ու եթե վերհիշենք, որ ամերիկյան փողի արժեզրկումն էր հանգեցրել ազգային դրամի ազդեցության մեծացմանն ու կիրառության ծավալների զգալի ընդլայնմանը, ուրեմն գոնե Կենտրոնական բանկում մեզանից լավ պետք է հասկանան, որ ազգային արժույթի շրջանառության մեծացման համար ոչ թե ֆինանսական գիլյոտինը պետք է գործի դնել` մանր-մունր խախտումներ անողների հանդեպ մեծ-մեծ տուգանքներ սահմանելով, այլ արտարժույթի շուկայում առկա իրավիճակը կայուն և անփոփոխ պահելու ուղղությամբ է պետք ավելի լրջորեն մտածել: Չնայած նման իրավիճակում ինչի՞ մասին կարող է խոսք լինել, երբ նույն Կենտրոնական բանկի ներկայացրած վիճակագրությունն ամենախոսունն է: Այսպես, հայտնի է, որ մեր հայրենակիցներն ունեն ծավալուն խնայողություններ, որոնք ավանդների տեսքով պահ են տրված տարբեր առևտրային բանկերի: Դոլարի արժևորման կասկածը դեռևս տնտեսական ճգնաժամի արշալույսին` նախորդ տարեվերջին, հանգեցրեց այնպիսի խուճապի, որ դոլարով պահվող ավանդների չափը ներկայում 73 տոկոսի է հասել, նախորդ տարվա 65 տոկոսի փոխարեն: Կարճ ասած, ամեն ինչ պայմանավորված է վստահության չափաբաժնով, ինչի դեֆիցիտն այս պարագայում անվիճելի է: Իսկ դոլարով առևտուր անելը կամ ծառայություն մատուցելը ազգային դրամի հանդեպ ոտնձգություն դիտարկելն ու մեծամեծ տուգանքներ սահմանելն ինքնաբերաբար նոր պատնեշ է առաջացնելու թափանցիկ ֆինանսական գործունեություն խոստացող ու այդ ուղղությամբ որոշակի գործուն քայլեր ձեռնարկող տնտեսվարողների և ստուգող կազմակերպությունների միջև: Այսպես, այս յուրօրինակ ֆինանսական մսաղացի կիրառման հեռանկարը դիտարկենք, ասենք, մեր օրերի ամենադժգոհ խավերից մեկի` տոնավաճառների առևտրականների օրինակով: Ենթադրենք` վաճառվող տաբատի դիմաց գնորդը 20 դոլար է վճարում, ու վաճառողն էլ ավելի ուշ գումարը դոլարի չվերածելու, փոխանակման կետին մի քանի հարյուր դրամ ավել չվճարելու համար համաձայնում է ապրանքը դոլարով վաճառել: Արդյունքում` նրան սպառնացող երկու կամ չորս միլիոն դրամի տուգանքը նման փոքրիկ և առավել ևս ճգնաժամի պայմաններում հազիվ գոյատևող վաճառակետը ընդհուպ մինչև փակման վտանգի առաջ կարող է կանգնեցնել: Համաձայնենք, որ այս պայքարն ակամա ուղղվում է ոչ այնքան դոլարիզացիայի, այլ ավելի շատ մեծ ու փոքր տնտեսվարողների դեմ: Մանավանդ` դոլարիզացիայի դեմ պայքարը, ոնց որ թե` ի սկզբանե ինքնանպատակ է: Մեզանում իրացվողը գերազանցապես (եթե չասենք` բացառապես) ներմուծվող ապրանք է. ասել է թե` դրանց գնագոյացման (կամ ձեռքբերման) հիմքում դոլարն է` իր լողափուլերով: Եվ եթե նույնիսկ առքուվաճառքը դրամով է կատարվում, դոլարիզացիա կոչվածը բնավ չի վերանում: