Հա՞ որ...


Խորհրդարանի նախագահ դառնալուց հետո Հովիկ Աբրահամյանը մի շատ անհասկանալի երազանք ուներ: Հավանաբար անկեղծ էր մղումը, բայց նախկին պատգամավորը ծրագրել էր անհնարինը` բարձրացնել Ազգային ժողովի հեղինակությունը: Եթե իմանար անելիքի անհնարինության, այնտեղ հավաքվածների հնարավորությունների սահմանափակության մասին, Հ. Աբրահամյանն իր երազանքի մասին գուցեև ընդհանրապես չբարձրաձայներ: Ու ստացվեց այնպես, որ խորհրդարանի դահլիճի առաստաղը միայն ճաքեց: Եվ կատակով այդ լրջմիտ` թե երևակայական հեղինակությունն այնքան է աճել, որ շենքի պատերն անգամ չեն կարողանում կրել ու պահպանել այն, ամեն ինչ այդպես էլ ավարտվեց: Ավելին, ԱԺ նախագահը հիմա ոչ այնքան իր ղեկավարած կառույցի վարկը բարձրացնելու, այլ սեփական ընտանիքի հեղինակությունը փրկելու կարևորագույն խնդրի առաջ է կանգնած: Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահի հայրենի քաղաքում` Արտաշատում «իր անունից» դարձյալ կրակոցներ են հնչել, եղբորորդին հոխորտացել է, հետո էլ հպարտացել իրենց տոհմի անսահմանափակ հնարավորություններով, ու, ինչպես սովորաբար է լինում, արտաշատցիները դարձյալ պետք է փառք տան Աստծուն, որ հերթական ու սովորական դարձած միջադեպն այս անգամ առանց մարդկային կորուստների է ավարտվել: Ինչ խոսք, կատարվածից արդեն տասն օր է անցել, ու հեղինակության երազներով ապրող խորհրդարանի նախագահը հրաժարական կամ գոնե որևէ պարզաբանում չի տվել ու նման մտադրություն հաստատ չունի: Նրա հայրենակից գլխավոր ոստիկանապետն էլ ոչ միայն «ալարել» է կատարվածի առթիվ գործ հարուցել, հետաքննություն սկսել ու գոնե հանրության ու հատկապես իր երկրացիների աչքին թոզ փչելու համար խոստանալ, թե ոստիկանությունը հնարավորն անելու է` ավելի քան պարզ այս միջադեպի բոլոր մեղավորներին բացահայտելու և պատժելու ուղղությամբ: Ճիշտ հակառակը. Ոստիկանության օպերատիվ ամփոփագրում նույնիսկ բացահայտ հանցանք կատարած Հովհանի անունն ու ազգանունն էլ չկան: Ենթադրություն կատարելն անգամ ավելորդ ժամավաճառություն է. այսպիսի «վրիպումը» չէր կարող առանց ոստիկանապետի գիտություն լինել: Հիրավի, ամենաբարդը բարոյական ճգնաժամի հաղթահարումն է, ու կարևոր է, որ դա նախ և առաջ սեփական ընտանիքում հաղթահարվի: Որքան էլ տնտեսական ճգնաժամի հետևանքով աշխարհի խոշորագույն տերությունները տնտեսապես քայքայվեն ու նահանջեն, միևնույն է, նման դժվարությունները առանց հեղինակության ու այլ նման կարևոր արժեքների կորստի հնարավոր է շտկել: Տնտեսական բարդությունների առումով, ըստ Արժույթի Միջազգային հիմնադրամի գնահատում ների, մեր բախտը դեռ ինչ-որ տեղ բերել է: Այս կառույցի փորձագետների դիտարկմամբ` Հայաստանում ճգնաժամի ազդեցությունը բավական մեղմ է, ինչն էլ դրա հաղթահարումն ավելի դյուրին է դարձնելու: Ընդ որում, անգամ լավ ժամանակների մեկնարկի ժամկետ է նշվում` առաջիկա տարեսկիզբը: Տնտեսական ճգնաժամից ու տարերային աղետներից թերևս ամենաշատը տուժած Միացյալ Նահանգների նորընտիր նախագահն է անգամ ավելի լավատես դարձել: Լրատվամիջոցների դիտարկմամբ` Բարաք Օբաման հեռուստասերիալների մեծ սիրահար է և պատրաստ է անգամ իր գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը վերանայել` սերիալային բացթողումներ թույլ չտալու համար: Բ. Օբաման նույն ինքնամոռացությամբ հեռուսաէկրանին է գամվում նաև մարզական հաղորդումների ժամանակ: Երկնագույն էկրանի մեծագույն սիրահարը, որքան էլ զարմանալի լինի, խորշում է լրատվական հաղորդումներից` նախընտրելով իր և երկրի մասին թերթերից տեղեկանալ: Դեռ լավ է, որ ԱՄՆ նախագահը չի կարծում, թե իր մասին լուրերն ավելի անհետաքրքիր են, քան նորին մեծություն սերիալները: