«Անհրաժեշտ է պահպանել ձեռքբերումները»


ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով Իրանում էր գտնվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել և հեռանկարային որակել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, գոհունակություն հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից, ընդգծել միջպետական հարաբերությունների հետագա ընդլայնման իրենց պատրաստակամությունը` նկատելով, որ նման այցելութ յուններն ու բարձր մակարդակի շփումները հնարավորություն են տալիս քննարկելու և լուծումներ տալու հայ-իրանական հագեցած օրակարգին վերաբերող տարբեր խնդիրների: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը առանձնահատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների դինամիկ ընդլայնմանը, նրան դիտարկելով որպես վստահելի ու առանցքային կարևորություն ունեցող հարևան և «դժվար օրերի բարեկամ»` շնորհակալություն հայտնելով ինչպես անկախության առաջին տարիներին, այնպես էլ օգոստոսյան իրադարձությունների օրերին Իրանի տարածքով առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման հարցում ցուցաբերած բարեկամական աջակցության համար: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին Հայաստանի հետ մշտապես կայուն հարաբերությունների խորացումը որակել է իր երկրի արտաքին կարևոր առաջնահերթություններից մեկը: «Անհրաժեշտ է պահպանել և ընդլայնել մեր ձեռքբերումները»,-նշել է Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը: