Արման Բաբաջանյանի «ժամանակը»


Անշուշտ, խոսքը եթե գործազուրկի կարգավիճակն ինքնակամ նախընտրած շուրջ մեկ տասնյակ մեր գործընկերներին չվերաբերեր, երևանյան մամուլի հետնապահներից համարվող «Ժամանակ» օրաթերթում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները կարելի կլիներ անկարևորներից համարել: Այս թեման դարձյալ շրջանցել արժեր, եթե կատարվածը առաջինն ու միակը լիներ: Նման իրավիճակում դեռ ինչ-որ տեղ հնարավոր կլիներ տեղի ունեցածը պատահականությանը, իրերի անբարենպաստ դասավարութ յանն ու այլ նման անհարմարությունների վերագրել` առողջ աշխատանքային համագործակցություն մաղթելով «Ժամանակի» խմբագրակազմին: Իսկ ամենից առաջ և բնականաբար հաշվի կառնեինք ուրիշի ներքին խոհանոցին չխառնվելու, առավել ևս դրա շուրջ հրապարակային քննարկում չծավալելու չգրված կանոնը… Բայց այնպես է ստացվել, որ այս թերթում մի քանի ամիսը մեկ խմբագիր է փոխվում, ու ինքն իրեն քաղբանտարկյալ հռչակած, սակայն, ինչպես հիշում ենք` փաստաթղթեր կեղծելու և դասալքության համար անազատության մեջ հայտնված գլխավոր խմբագիրը նշանակում ու արդեն կարճ ժամանակ հետո չի կարողանում հարմարվել իր տեղապահներից և ոչ մեկի աշխատանքային գործելաոճին: Արդյունքում նշանակումից շատ չանցած ստեղծվում է լարված ու անհանդուրժելի բարոյահոգեբանական մթնոլորտ` մինչև որ տեղապահ-խմբագրի համբերության բաժակը վերջնականապես լցվում է: Հիմա արդեն պարզ է, որ ծով համբերությամբ են օժտված եղել Այդին Մորիկյանը, Սուրեն Սուրենյանցը ու թերթի բոլոր նախորդ խմբագիրները: Համենայն դեպս դժվար չէ վերհիշել, որ, ասենք, Ա. Մորիկյանի համբերությունը միայն այն բանից հետո սպառվեց, երբ մի ինչ-որ հիվանդ երեխայի բուժման ծախսերը հոգալու վերաբերյալ հայտարարությունն անվճար տպագրվեց: Իրեն հումանիստ ու քաղբատարկյալ հռչակող գլխավոր խմբագիրը այս մի հայտարարութ յունից էլ էր գումար ակնկալում… Այլ հարց է, որ այս խմբագրության ոչ այնքան երկար գոյության ընթացքում քիչ չեն եղել դեպքերը, երբ աշխատակիցներին վճարվելիքից առանց որևէ պատճառաբանության «Ժամանակի» ղեկավարությունը հրաժարվել է: Իսկ ինչ վերաբերում է իրար հաջորդող տեղապահ խմբագիրներին, (որոնց առումով` թերթի բախտը բերել էր, իսկապես) ապա այս պարագայում էլ ստացվել է այնպես, որ անվանի լրագրողներից և ոչ մեկը փաստորեն չի կարողանում բավարարել խմբագրության անուղղակի կոորդինատորի մեծամեծ, իսկ իրականում այդպես էլ անհասկանալի, անվերծանելի պահանջները: Թեպետ ընդհանրապես է անհասկանալի, թե ինչ է ուզում Երևանում ու Լոս Անջելեսում միաժամանակ հրատարակվող այս օրաթերթը… «Ժամանակում» ամենաուշագրավը, թերևս, թերթի էջերից մեկն զբաղեցնող լուսանկարների վինետկան է: Այն, բնականաբար, գլխավոր խմբագիրը` ինքնահռչակ քաղբատակյալն է առաջնորդում: Ու եթե այստեղ քիչ չեն նաև մարտի 1-ից հետո ձերբակալվածների նկարները (որոնց մի մասի ազատ արձակումից հետո նույնիսկ դրանք «Ժամանակի» էջերից չեն իջնում), ապա կա նաև Թուրքիայի օգտին լրտեսություն կատարած դարձյալ տխրահռչակ մի լրագրողի, ինչպես և շարքային քրեական հանցագործի նկար նույնպես: Իր հերթին, թե որքանով է «Ժամանակն» աջակցում Հայ Ազգային Կոնգրեսի քարոզչությանը, կամ թե արդյո՞ք թերթն ինքնակամ չի ստանձնել այդ առաքելությանը, դժվար է ասել: Պարզ է սակայն, որ «Ժամանակի» ամերիկյան տերերը մի փոքր ժլատ են, կամ էլ խմբագրի հեռակա նախաձեռնությամբ են ամերիկահայ համայնքում պարբերաբար հանգանակություններ կազմակերպվում: Հավելյալ գումարներն անգամ անազատության մեջ հայտնվածին չեն խանգարի: Ուրիշ հարց է, որ վերջին դեպքում հեռակա խմբագիրն ինքն է խոստովանել, թե իր և խմբագրակազմի միջև ծայր առած տարաձայնությունները ինչ-ինչ տնտեսական խնդիրների շուրջ են եղել: Ասել է թե` մարդը զլանում ու չի ցանկանում փողերն արդարաբար բաժանել:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ